Աստղիկ. մեթոդական ուղեցույց

Home » Առասպելներ » Աստղիկ. մեթոդական ուղեցույց

Սիրելի մեծահասակներ, ու հատկապես սիրելի մանկավարժներ, գրքի այս հատվածը ձեզ համար է։ Մեր գրքի հիմնական նպատակն է ծանոթացնել հայ երեխաներին իրենց արմատների, հայ ժողովրդի հնուց եկած արժեքների, պատկերացումների ու սովորույթների հետ, միով բանիվ՝ հայոց դարավոր ավանդույթի, ավանդական աշխարհայացքի հետ, սովորեցնել նրանց սիրել և արժևորել սեփական մշակույթը, դառնալ ու լինել դրա կրողը, հպարտ լինել սեփական ազգային պատկանելիության համար։ Նման փորձառությունը նոր է և դժվարին, և այս հուշումներինպատակն է օգնել ձեզ անել դա հնարավորինս արդյունավետ կերպով։

Այս հուշումները առավելապես այն մանկավարժների համար են, ովքեր կցանկանան կիրառել առասպելը կրթական միջավայրերում և գործընթացներում՝ լինի դա մանկապարտեզի խումբ, դասարան թե արտադասարանային խմբակ։ Բերված հարցերն ու առաջադրանքները օրինակներն են, թե ինչպես կարելի է մատուցել առասպելի նյութը երեխային հասկանալի ձևով, ինչպես սևեռել նրա ուշադրությունը կարևոր տեղեկության վրա և նպաստել մտածողության և երևակայության զարգացմանը, հընթացս նաև հետաքրքրելով, շահագրգռելով հայ երեխային ճանաչել ու պահպանել սեփական ժառանգությունը։ Բերվածը առաջարկներ են, իսկ դուք կարող եք արդեն ինքներդ որոշել գրքում զետեղված առասպելների մասին ինչ լրացուցիչ տեղեկություններ տալ ձեր երեխաներին՝ ելնելով իրենց հարցերից, հետաքրքրությունից, ավելին իմանալու ցանկությունից:

Այս բաժինը պարբերաբար համալրվելու է, և մենք միայն շնորհակալ կլինենք, եթե կիսվեք մեզ հետ ձեր փորձով և փորձարկումներով, այն եղանակներով, որ ստեղծել եք ինքնուրույն՝ օգտագործելով գրքի նյութը։ Հետադարձ կապը կարող եք պահել գրելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ kasaam@kasa.am։

Հիմնական թեմաներ և արժեքներ

  • Հարգանք նախնիների ավանդույթների հանդեպ։
  • Հայոց հեթանոսական աստվածությունների և բնապաշտության մասին։ Կապ աստվածությունների, մարդկանց և բնական աշխարհի միջև։
  • Արուսյակ մոլորակը և Աստղիկ դիցուհին։
  • Սեր և ընտանիք՝ ներկայացված նաև բնական ուժերի և օբյեկտների մեջ։
  • Հայոց լեռների խորհրդանշական ընկալումը որպես կենդանի, բանական էակների։
  • Ծիածանը բնական և խորհրդանշական։
  • Աղջիկների և տղաների հարաբերությունները դեռահասության շրջանում։ 

Քննարկման հարցերի օրինակներ՝

  • Ինչի՞ մասին է այս պատմությունը: Ո՞րն է ամենահիշված դրվագը:
  • Ո՞վ էր Տիրինկատարը այս պատմության մեջ, և ինչու՞ սիրահարվեց Արևը նրան։
  • Ինչպիսի՞ն եք դուք պատկերացնում Աստղիկին։ Ինչու՞ էր նա ապրում բերդում։
  • Ի՞նչ գիտեք ծիածանի մասին։
  • Ճի՞շտ էր արդյոք Աստղիկը, որ խուսափում էր տղաներից ու երբեմն նույնիսկ դաժան էր լինում նրանց հանդեպ։
  • Ի՞նչ գիտեք ծիծեռնակների մասին։
  • Գիտե՞ք արդյոք Ախթամարի պատմությունը։ 

Գործնական առաջադրանքներ

  • Նկարել Աստղիկի կերպարը վարդագույն շղարշով և իր սիրած թռչունների հետ։
  • Ստեղծել փոքրիկ բեմականացում՝ Տիրինկատարի և Արևի հանդիպման կամ Աստղիկի և Դաղոնաց արքայազնի խեղդվելու պատմությամբ։
  • Խմբով քննարկել՝ ի՞նչն է նշանակում սիրել և արդյոք սիրու՞մ էին երիտասարդներն Աստղիկին:
  • Ստեղծել քարտեզ, որտեղ պատկերել Տիրինկատարը, Մշո դաշտը, Հրազդանը, Ծիծեռնակաբերդը։
  • Մի քանի օր հետևել արևամուտին, արևածագին, փորձել գտնել Աստղիկին և նկարագրել երկինքը:

Գրել նամակ Աստղիկին՝ պատմելով մեր սիրելի թռչունների մասին։