Հին ժամանակներում, երբ Հայաստանը շատ մեծ էր, երկրի տարբեր մասերում մարդիկ աղոթում էին Անահիտ աստվածուհուն։ Ոչ ոք չգիտեր, թե ով է առաջինը պաշտել Անահիտին, քանի որ հազարամյակներ առաջ մարդիկ գինի ու աղ էին նվիրում Անահիտին, թխում էին նրան նվիրված «նահիտի բլիթներ», որ մարդու մարմնի տեսքն ունեին, դրվում էին տան գլխավոր սյան մոտ և երջանկություն ու լիություն էին բերում ընտանիքին1։ Անահիտին համարում էին զգաստության մայր, և ամեն հայ տիկին ձգտում էր նմանվել այդ թագուհի-աստվածուհուն։ Նրան էր պատկանում Մնձուր լեռը, որին ասում էին նաև Նահատա աթոռ։
Մնձուր լեռան վրա կան հազարավոր աղբյուրներ, որոնց ջրերը համարվում են մայր Անահիտի կրծքի կաթը։ Դիցուհին կանգնում է Մնձուր լեռան յոթ գագաթներից ամենաբարձրին։ Նրա աջ կրծքից բխող կաթը հոսում է ցած, դառնում է Եփրատ գետը և գնում է հեռու դեպի հարավ։ Իսկ ձախ կրծքի կաթը հոսում և դառնում է Մեղրագետը։ Այդ երկու գետերը սրբազան են հայոց համար։ Մի տեղ կա, ուր գետերի ջրերն իրար են բախվում ու շատրվան դառնում։ Բախման վայրում մի բարձր ժայռ կա, որ միշտ մշուշի մեջ է երևում շատրվանի կաթիլներից։ Այդ ժայռի վրա Վարդավառ տոնի առավոտյան հաճախ են տեսել մայր Անահիտին՝ բարձր ու լայն ճակատով, նշաձև գեղեցիկ աչքերով և երկար թարթիչներով, երկար մազերով, որոնք նա սանրում է իր նուրբ մատներով։ Նրա մարմինը գոտկատեղից վերև մարդկային է, իսկ գոտկատեղից ներքև՝ ձկան։ Լոգանքն ընդունելուց հետո նա նորից բարձրանում է Մնձուր լեռը և այնտեղից դիտում է, թե ինչպես են մարդիկ տոնում իր տոնը։
Անահիտի սպասուհիները փերիներ են, որ կարապների կերպարանք ունեն։ Մնձուր լեռից ոչ հեռու գտնվում էր Կարապի լիճը, որտեղ Վարդավառին հավաքվում էին Անահիտի կարապները։ Այդ օրը ամեն մայր աշխատում էր իր երեխային լողացնել լճի ջրերում, որ երեխան առողջ ու երջանիկ լինի2։
Անահտա աթոռ կար նաև Վանից ոչ հեռու այն վայրում, որտեղ մինչև քրիստոնեությունը Անահիտի Կանգվար տաճար-ամրոցն էր, իսկ քրիստոնեական ժամանակներում կառուցվեց Հոգվոց վանքը։ Այդ վայրը հայտնի էր որպես Դարբնաց քար, և այդտեղ էին հնում գնում ամենատարբեր հիվանդները՝ դեղ ու ճարի հետևից3։
Անահիտը երբեմն հայտնվում էր մարդկային կերպարանքով։ Նա Առան հովվի աղջիկն էր, իսկ Առանը Արցախի հին անունն է։ Արցախում կային Անահտասար, Անահտաձոր, Անահիտի մի քանի աղբյուրներ4։
Ահա այդպիսի մի աղբյուրի մասին5 հին մի պատմություն կա։ Առանի Պարտավ մայրաքաղաքում էր ապրում Վաչե թագավորը, որն ուներ մինուճար մի որդի՝ Վաչագան անունով։ Մի անգամ Վաչագանն իր ընկերոջ՝ Վաղինակի հետ որսի է գնում, այդ օրը շատ շոգ է լինում, և ընկերները հոգնում ու շատ ծարավում են։ Հասնում են Հացի գյուղը ու նստում են աղբյուրի մոտ՝ հանգստանալու։ Աղբյուրի մոտ երիտասարդ աղջիկներ կային, որ եկել էին կժերով ջուր տանելու։ Տղաները ջուր խնդրեցին նրանցից։ Բայց մի աղջիկ թափեց կուժի ջուրը, նորից լցրեց, նորից թափեց ու հետո միայն լցրեց ջուրն ու տվեց Վաչագանին։ Ծարավը հագեցնելուց հետո Վաչագանն ուշադիր նայեց աղջկան – լայն ու բարձր ճակատ, նշաձև աչքեր ու երկար արտևանունքներ տեսավ, հյուսված երկար մազեր։ Անահիտն էր դա, հովիվ Առանի աղջիկը։ Եվ երբ արքայազնը հարցրեց, թե ինչու աղջիկը միանգամից ջուրը չտվեց նրան, Անահիտն ասաց, որ ջուրը սառնորակ է, պետք է, որ որսորդների քրտնածությունն անցնի, և նոր խմեն, այլապես կհիվանդանան։
Սիրահարվեց արքայազնը խելացի գեղեցկուհուն և համոզեց արքային, որ գնա ու խնդրի նրա ձեռքը։ Երբ արքան իր որդու հետ գնացին հովիվ Առանի տուն, սա տուն հրավիրեց ու գեղեցիկ գորգ գցեց նրանց ոտքերի տակ։ Թագավորը շատ զարմացավ ու ասաց․
— Առան, դու պարզ հովիվ ես, որտեղի՞ց քեզ այս թանկարժեք գորգը։
— Իմ աղջիկն է գործել, հպարտությամբ պատասխանեց Առանը։
Հետո կանչեցին գեղեցկուհի Անահիտին, որ ասի, համաձա՞յն է նա արդյոք ամուսնանալ Վաչագանի հետ։ Իսկ աղջիկը հարցրեց, գիտի՞ արդյոք Վաչագանը որևէ արհեստ։ Երբ իմացավ, որ արքայազն է ու ոչինչ անել չգիտի, պահանջեց, որ որևէ արհեստ սովորի, և միայն այդ ժամանակ ինքը կտա իր համաձայնությունը։ Վաչագանը սովորեց մետաքսե կտավի վրա ոսկե թելով գործել, մի շքեղ սփռոց գործեց և ուղարկեց Անահիտին նվեր։ Այդ ժամանակ յոթ օր յոթ գիշեր հարսանիք արեցին և ամուսնացրեցին Վաչագանին ու Անահիտին։
Անցան տարիներ։ Վաչե արքան մահացավ և իր գահը զիջեց Վաչագանին։ Վաչագանը մեր առաջին քրիստոնյա թագավորներից էր, սուրբ Մեսրոպ Մաշտոցի աշակերտը։ Նա լավ թագավորեց երկրում, օրենքներ գրեց, եկեղեցիներ շինեց։ Վաչագանն ու Անահիտը ունեցան երկու որդի։
Մի անգամ Վաչագանը Վաղինակի հետ մեկնեց իր երկրի բնակիչների վիճակը տեսնելու։ Շատ տեղեր եղավ, մինչև հասավ մի վանքի նման տեղ։ Ոչ ոք չգիտեր, որ նա թագավոր է, ու նրան բռնեցին ու բանտի նման մի տեղ տարան։ Դա կռապաշտների տաճար էր։ Այդտեղ մարդկանց ստրուկի պես աշխատացնում էին, իսկ երբ նրանք հոգնում կամ հիվանդանում էին, նրանց սպանում, զոհաբերում էին իրենց աստվածներին։ Վաղինակը մի միտք տվեց արքային – ասել կռապաշտների գլխավորին այն մասին, որ ինքը լավ ոսկեթել մետաքսե սփռոցներ գործել գիտի։ Կռապաշտների գլխավորն ուրախացավ, հրամայեց, որ Վաչագանը սփռոց գործի, իսկ ինքը կփորձի այն վաճառել։ Վաչագանն էլ գործեց սփռոցը, վրան Մաշտոցի տառերով գիր գործեց, թե որտեղ է ինքը, և առաջարկեց, որ գլխավորը հենց թագուհուն վաճառի սփռոցը։ Բերեցին սփռոցը թագուհու պալատ, իսկ Անահիտի ու Վաչագանի ավագ որդին անմիջապես նկատեց, որ դրա վրա գիր կա։ Կարդացին գիրը, իմացան որտեղ և ինչ վիճակում է Վաչագանը։ Շատ զայրացավ թագուհին։
Նա վերցրեց իր զորքը և գնաց դեպի այն վայրը, ուր պահում էին ամուսնուն։ Ինքն իր թրով ջարդեց դարպասը և մտավ կռապաշտների մոտ։ Սրանք անմիջապես ճանաչեցին իրենց աստվածուհուն և ծնկի իջան նրա առջև։ Բայց Անահիտն անգութ էր։ Նա սրի քաշեց անիրավներին և ազատեց Վաչագանին, Վաղինակին և բոլոր բանտարկյալներին6։
Մինչև օրս էլ Հացի գյուղի այն աղբյուրը, որտեղ Վաչագանը հանդիպեց Անահիտին, կոչվում է Անահատակ, կամ Անահիտի աղբյուր։ Այդտեղից ոչ հեռու է գտնվում Ըրբանուն եկեղեցին, կամ Բռի եղցեն։ Բայց Անահիտի գլխավոր տաճարն Արցախում Աշան գյուղում էր։ Սա Անահիտի ևս մեկ գահն էր – Գյահդուսանի անունով, որտեղ մինչև մեր պապերի ժամանակները դեռ մարդիկ ուխտ էին գնում և մատաղ անում։ Իսկ երբ անձրև չէր լինում, եկեղեցու քարերը բերում, լվանում էին Անահիտի աղբրի ջրով7։
Արցախում ստեղծված այս հեքիաթը պատմում էին ամբողջ մեծ Հայաստանում – շիրակցիներն ու կարնեցիները, վանեցիներն ու մշեցիները։ Իսկ Եկեղյաց գավառում, Դերսիմում, որտեղ Անահիտի ամենահայտնի սրբավայրերն էին, նույնիսկ երգ, հայրեն էին երգում այն մասին, թե ինչպես երկու երիտասարդ Մնձուր (Մզրա) լեռան աղբյուրի մոտ ջուր էին խնդրում Անահիտից։
Անահիտ աստվածուհին ունի նաև երկու աղջիկ։ Նրանցից մեկի անունը Արաքս է, մյուսինը՝ Նանե։ Անահիտն իր աղջիկներին հրամայել է դառնալ մեկին՝ Արաքս գետը, մյուսին՝ հացը, որ սնունդ ծառայեն մարդկանց համար9։ Այդ օրվանից հացը սուրբ է, նրան դեռ այսօր էլ «նան», այսինքն, մեծ մայր, տատիկ են ասում։ Սուրբ է հայերի համար նաև հզոր ու ջրաշատ Արաքսը։