10․ Սուրբ Ստեփանոսն ու քարից ծնված ժողովուրդը

Home » Առասպելներ » 10․ Սուրբ Ստեփանոսն ու քարից ծնված ժողովուրդը

Հին, անհիշելի ժամանակ քարերը խոսել գիտեին։ Նրանք շփվում էին իրար և մարդկանց հետ, պատմում էին իրենց գաղտնիքները, ցույց էին տալիս ոսկու և այլ օգտակար հանածոների տեղերը։ Խոսում էին մեծ ժայռերը և թանկարժեք փոքրիկ քարերը, քարերն օգնում էին մարդկանց բուժվել հիվանդություններից ու երեխաներ ունենալ։ Երջանիկ, անհոգ ժամանակներ էին, խաղաղ և ուրախ։ Այդ խաղաղությունը դուր չեկավ սատանային, և նա որոշեց կռիվ ու գժտություն գցել մարդկանց ու քարերի միջև։ Նա գնաց Աստծո մոտ բողոքելու․

— Այ երկնային տիրակալ, որ քեզ արդար ես համարում։ Դու բոլորին, բույսին ու կենդանուն, մարդուն ու նույնիսկ քարերին տալիս ես այն, ինչ իրենց պետք է։ Միայն ինձ ես մոռացել, իմ մի փոքրիկ խնդրանքն էլ չես կատարում։

— Ի՞նչ ասեմ, գլուխը շարժեց Աստված, ախր քեզ լավ եմ ճանաչում, քո ուզածը հաստատ մնացած բոլորի համար վնաս է լինելու։ Բայց ասա, կկատարեմ քո մի ցանկությունը, որ չասես, թե արդար չեմ ու բոլորին հավասար չեմ վերաբերվում։ Դե գնա ու ստեղծիր այն, ինչից բավարարված կզգաս, թույլ եմ տալիս։

Խորամանկ սատանան ուրախացավ։ Գնաց քարերի մոտ ու պահանջեց, որ սրանք իրենց համար թագավոր ընտրեն։ Մինչ այդ քարերը հավասար էին, ոչ ոք չէր մտածել թե իրենցից որն է ամենից արժանավորը։ Մտածեցին-մտածեցին ու որոշեցին թագավոր դնել Ոսկեքարին։

— Դմբոներ, ծիծաղեց սատանան, Ձեզ Ոսկեքարի փայլուն արտաքի՞նը խաբեց։ Եկեք ես ձեզ ցույց տամ, որ ձեզնից ամենաուժեղը Կայծքարն է։

Նա կանչեց Կայծքարին և Երկաթքարին, մի դեզ ծղոտ ժողովեց ու խնդրեց, որ Կայծքարն ու Երկաթքարը հեռվից վազեն իրար վրա ու ուժգին խփվեն իրար։ Միամիտ քարերն այդպես էլ արեցին։ Իսկ երբ բախվեցին, Կայծքարից կայծեր թռան, ընկան ծղոտի դեզի վրա, ու մի մեծ խարույկ առաջացավ։ Մարդիկ ու կենդանիները, որ երբեք կրակ չէին տեսել, մոտ վազեցին։ Բայց կրակը տեղափոխվեց ուրիշ բույսերի, հետո էլ կենդանիների ու մարդկանց վրա, և հրդեհ եղավ։ Ամեն ինչ կրակը սկսեց լափել։ Մարդիկ տեսան, որ կրակով եփվեցին իրենց կերակուրները, բայց հետո այրվեցին ու մոխիր դարձան։ Վառվեցին տները, անտառները, բույսերն ու կենդանիները սկսեցին զոհվել այդ ահեղ հրդեհում։

— Այդ ի՞նչ արեցիր, որոտաց Աստված ու մի կայծակ նետեց փախչող սատանայի ետևից։

Այդպես առաջացավ կրակը, մարդիկ սովորեցին կայծքարով կրակ ստանալ, բայց և իմացան, թե ինչքան վտանգավոր է ուժեղ բոցը։ Այդպես առաջացավ նաև կայծակը, որը մինչև այսօր Աստված ուղարկում է՝ սատանային պատժելու համար, բայց մարդիկ էլ կարող են պատահաբար դրա զոհը դառնալ։ Դրա համար է, որ մինչև մեր օրերը երբ կայծակ է լինում, մարդիկ խաչակնքվում են, որ Աստված խնայի իրենց և միայն սատանային խփի։

Իսկ քանի որ այդ մեծ դժբախտության, աշխարհի կեսն ավիրած հրդեհի համար պատասխանատու էին քարերը, Աստված նրանց էլ պատժեց, զրկեց նրանց խոսելու շնորհից1։

Եվ լռեցին քարերը։ Դարեր ու հազարամյակներ լռեցին։ Լռեցին, երբ իրենց ցավ էին պատճառում, լռեցին, երբ ուրախ էին, լռեցին, երբ իրենց պես քար էին դառնում վիշապներն ու չարակամները, Աստծուն դեմ գնացողները, աղքատներին ու որբերին վիրավորողները։ Լինում էր, որ լաց էին լինում, երբ մի անմեղ սրբի էին սպանում և թաղում իրենց տակ, հաճախ էլ յուղ էին տալիս այն եկեղեցիներին, որոնք կառուցում էին իրենցով։ Եվ միայն մեկ անգամ երգեցին ուրախությունից, և նրանցից մի կենդանի մարդ, լուսեղեն մանուկ ծնվեց։

Այդ օրը Ծաղկազարդ էր։ Քրիստոսն այդ օրը Երուսաղեմ էր մտնում էշի վրա նստած։ Երեխաները բարձրանում էին ծառերին, որ տեսնեն նրան, հարուստ կանայք դուրս էին գալիս իրենց պատշգամբները, որ տեսնեն, ինչպիսի՞ն է նա, անհույս հիվանդներին բուժող և նույնիսկ մահացածներին կենդանացնող այդ հրաշք-աստվածամարդը։ Ամբողջ քաղաքն էր հավաքվել քաղաքի այն դարպասների մոտ, որտեղից գալիս էր Քրիստոսը։ Քրիստոսի ոտքերի տակ իրենց հագուստն էին փռում, որ դիպչի ու իր հրաշքից բաժին տա, նրան դիմավորում էին ծաղկած ձիթենիների և ուռենիների ճյուղերով։ Կանայք իրենց մանուկները գրկներին, տղամարդիկ՝ վարդ ու ռեհան ձեռքներին, դիմավորում էին Նրան։ Քրիստոսին ընդառաջ գնացին բոլորը՝ բացի չամուսնացած աղջիկներից, նորահարսներից և երեխա չունեցողներից։ Ինչ-որ մեկն ասել էր, որ նրանք իրավունք չունեն մոտենալ Հիսուսին։

Քրիստոսն ինքը պահանջեց, որ իրեն մոտենան կանայք իրենց երեխաների հետ, որովհետև Աստված շատ է սիրում փոքրիկներին, նրանց անմեղ խոսքը համարում է սուրբ և արդար։ Անզավակ երիտասարդ մի կին մի նորածնի չափ քար վերցրեց, բարուրեց երեխայի պես և միացավ մյուսներին։ Իսկ ժողովուրդը երգում և աղաղակում էր․ «Օվսաննա, Օվսաննա», այսինքն, «Փառք, փառք»։ Հիսուսն ասաց․ «Երբ նրանք լռեն, քարերը կաղաղակեն»։ Այդ պահին նրան հասավ քարը բարուրող կինը։ Բոլորի աչքի առաջ նրա գրկի քարը նույնպես սկսեց երգել։ Հիսուսը, որ ամեն բան գիտեր, ձեռքը դրեց քարի վրա և ասաց․ «Սանդաքա՛ր, լռի՛ր, լռի՛ր – ձայն հանի՛ր»։ Եվ նույն րոպեին քարը երեխա դարձավ և ինքն էլ կանչեց «Օվսաննա»2։ 

Հիսուսի կողքին կանդնած էր սուրբ Թադեոս առաքյալը։ Քրիստոսը դիմեց նրան, որ դառնա քարից երեխա դարձածի կնքահայրը։

— Այս մանուկը, ասաց նա, թող առաջինը մկրտվի քո ձեռքով այն ժողովրդից, որին դու շուտով մկրտելու ես։ Դա հայ ժողովուրդն է լինելու։ Թող որ բոլոր հայերը լինեն այս մանուկի նման – քարի պես ամուր իրենց հավատքի մեջ։ Այնքան ամուր, որ նրանց ոչ մի դժբախտություն, ոչ մի դժվարություն չկոտրի։ Երեխայի անունն էլ կդնեք Ստեփանոս, որ նշանակում է Պսակ։ Նա քարից է ծնվել, քարով էլ սպանվելու է, պսակվելու է նահատակությամբ և ինձ մոտ է գալու։ Նա լինելու է առաջին քրիստոնյայի օրինակը, և նրա ժողովուրդը, հայերը՝ առաջին քրիստոնյաները աշխարհում3։

Մեծանալով՝ երեխան դառնում է սուրբ Ստեփանոսը և մեռնում է քարից այնպես, ինչպես քարից ծնվել էր։ Այդ հեթանոսներն են քարկոծում նրան, հավատալով չար մարդկանց բամբասանքին, թե իբր նա Աստծո հասցեին վատ բաներ է ասել։  Բայց քար-Ստեփանոսը ժպտալով է գնում դեպի երկնքում իրեն սպասող Քրիստոսին, և նրան ասում են սուրբ Ստեփանոս Նախավկա, առաջին նահատակ4։

Կա այսպիսի մի հանելուկ․

«Պապիկն եմ ես այս քարից,
Այս պառակից՝ այս քարից։
Ոչ հայր ունիմ և ոչ մայր,
Ծնունդ առա այս քարից»։


«Այն ո՞վ էր՝ անհայր-անմայր՝ էղավ մարգար է։ – Այն ուրբ Ստեփանոսն էր»։ 

Այդ հանելուկն ասողները բոլորն էլ գիտեին, որ սուրբը հայ է5։

Ահա թե ինչու հայ ժողովուրդը դիմացկուն և ամուր է՝ քարի պես, և ոչինչ աշխարհում չի կարող կոտրել հայերի կամքն ու ապրելու հզոր ոգին։



ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. H. von Wlislocki, Märchen und Sagen Bukowinaer und Siebenbürger Armenier, Hamburg, 1892, S. 1-3.

2. Ավանդազրույցի հիմնական աղբյուրները արխիվային (Տիգրան Չիթունու արխիվ, Սպարկերտ գավառին վերաբերող նյութեր) և դաշտային (Շիրակ) նյութեր են։ Հրատարակված տարբերակներից են․  Ե․ Լալայեան, Ջաւախք, Ազգագրական հանդէս, գիրք Ա, 1896, էջ 323; Ն․ Ս․ Տ․ Ներսէսեան, Ստեփանոս, «Բիւրակն», 1899, էջ 794։

3. Վահան վարդապետ Տէր-Մինասեան, Անգիր դպրութիւն և հին սովորոյթներ, Կ․ Պօլիս, 1904, էջ 

4. Աստուածաշունչ, Գործք Առաքելոց, 6․13-15։

5. Ղ․ Աղայեանց, Հայոց այժմեան բանաւոր երգերը, «Տարազ», 1890, էջ 12։