9․ Շիրին և Ազնավուր

Home » Առասպելներ » 9․ Շիրին և Ազնավուր

Շատ հին ժամանակներում երկրի վրա ապրում էին ոչ թե մեզ պես մարդիկ, այլ հսկաներ։ Պահպանվել են նրանց գերեզմանները, բերդերն ու ամրոցները, իսկ երբեմն էլ, ինչպես Օշական գյուղի մոտ՝ նրանց տների փլատակները1։ Մարդիկ նրանց կոչում էին մեկ Ազնավուր, մեկ Ֆահրադ, կամ Ֆերեզ, մեկ Օհուզ կամ Օղուզ։ Նրանցից էին Սասնա ծռերը, քաջ Ռուստամը և Զոհրաբը, Բոլն ու Հռուշանը։ Նրանց մասին բազմաթիվ պատմություններ են հիշել մեր նախնիները, որ հասցրել են տեսնել վերջին հսկաներին։

Ամենից հաճախ պատմում էին այն մասին, թե ինչպես էին միայնակ հսկաները գողանում մարդ-աղջիկներին և նրանց հետ ամուսնանալու անհույս փորձեր անում։ Տխուր մի պատմություն կար, որ պատմում էին Շիրին անունով աղջկա և Ազնավուրի մասին2։

Մանազկերտում հարուստ, բայց միայնակ ապրում էր Ազնավուրը։ Մի օր տեսավ հուրի աղջկան ու սիրեց նրան։ Բայց ո՞վ իր գեղեցկուհի աղջկան հոժար կամքով կնության կտար ահռելի Ազնավուրին։ Սա էլ այդպես մտածեց ու փախցրեց գեղեցկուհուն։  Շիրինը չէր ընդունում նրան և առանց թաքցնելու ցույց էր տալիս, որ Ազնավուրը տեղ չունի իր սրտում։ Հսկային էլ թվում էր, որ կարող է ինչ-որ ձևով շահել նրա սիրտը։ Նա մի պալատ կառուցեց, որի պատուհանները բացվում էին դեպի գեղատեսիլ Արածանի գետն ու ծաղկավետ դաշտերը, և նվիրեց աղջկան։ 

Աղջիկը, պալատում ապրելով, բողոքում է, որ այգի ու բոստան չունի, և Ազնավուրն անմիջապես հեռացնում է հսկա ժայռերն ու քարերը, փորում է հողը, այգի է տնկում, նույնիսկ խիյար (վարունգ) է աճեցնում Շիրինի համար։ Վարունգը, որ կախարդական էր ու պետք է հալեցներ աղջկա քար սիրտը, օգուտ չի տալիս։ Ընդհակառակը, Շիրինն իր պատուհանից տեսնում է գեղեցիկ մի երիտասարդի, և իր սերը նրան է տալիս։ Բայց Ազնավուրին էլ խաբում է, թե արդեն պատրաստ է ամուսնանալ նրա հետ և ուղարկում է նրան լեռնային դևերից հարիսա բերելու, որ խիյարի հետ դնեն հարսանեկան սեղանին։ Որպես հարսանեկան նվեր էլ Ազնավուրից խնդրում է սարքել ոսկե մուկն ու կատու, աքաղաղ ու աղվես, նապաստակ ու որսորդ, բայց կախարդական, այնպիսի, որ կենդանի լինեն ու միշտ վազեն իրար ետևից, բայց իրար չհասնեն։ Ազնավուրն իսկույն գնում է Շիրինի պատվերները կատարելու և բաց է թողնում պալատի դուռը։

Հենց այդ էլ պետք էր Շիրինին և իր հավանած երիտասարդին։ Նրանք պայմանավորվում և փախչում են իրար հետ։ 

Իսկ երբ Ազնավուրը վերադառնում է ու տեսնում է, որ իրեն խաբել ու դավաճանել են, հուսահատվում է ու անհուն միայնակ ու լքված է զգում իրեն։ Գնում է իր տնկած այգին, վերցնում է իր հսկայական բահը և, դրանով սպանում է ինքն իրեն։ Հարևանությամբ ապրող մարդիկ շատ են խղճում սիրահարված հսկային, երգ են հորինում նրա դժբախտ սիրո մասին, իսկ երիտասարդ տղամարդիկ թաղում են նրան ու հսկայական մի քար դնում նրա վրա։

Մանազկերտում ցույց էին տալիս Ազնավուրի գերեզմանը, Շիրինի պալատի մնացորդները և հսկայի տնկած մեծամեծ այգին – Բոստան խայան, որտեղ այլևս չէին աճում կախարդական խիյարները։



ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Հսկաների դարաշրջանի վերաբերյալ առավել ամբողջական պատմությունը․ Ս․ Եղիազարեան, Օղուզն ու մարդը, «Գեղարուեստ», 1917, գիրք 6, էջ 148-150։

2. Գարեգին վարդապետ Սրուանձտեան, Գրոց ու բրոց, Կ․ Պօլիս, 1874, էջ 63-67։