3․ Անմահ հավքը

Home » Առասպելներ » 3․ Անմահ հավքը

Ինչպե՞ս է լինում, որ առավոտյան հով է նույնիսկ ամենաշոգ օրերին։ Երբ Արևը նոր է դուրս գալիս Վանա լճի ջրերի միջից, այն ահավոր վառող, բոց ու կրակ է լինում, այնքան այրող, որ կարող է մոխրացնել երկիրը և ամեն կենդանի արարած երկրի վրա։ Եվ այդ պահին նրա առաջն է կտրում հզոր Հավքը – արծվանման հսկա թռչունը, որն իր թևերը բացում է Արևի առաջ և պաշտպանում է աշխարհը այրվելուց։ Այդ ժամանակ նրա փետուրները խանձվում, սևանում են Արևի հրեղեն շողերից, բայց նա դիմանում է։ Իսկ երբ Արևը բարձրանում է այնքան, որ հասնում է երկնքի կենտրոնին, ու միայն լույս ու ջերմություն է տալիս, այլևս չի այրում, Հավքը թռչում է դեպի օվկիանոս, սուզվում է ջրի մեջ, որպեսզի բուժի Արևից ստացած այրվածքները։ Նրա վերքերն արագ բուժվում են, փետուրները նորից են աճում, և հաջորդ առավոտյան նա նորից պատրաստ է պաշտպանել աշխարհը Արևի վտանգավոր շողերից։ Այսպես աշխարհի արարումից ի վեր Հավքը ելնում է վաղ առավոտյան, որ աշխարհում հրդեհ չլինի, և բույսերն ու կենդանիները ապրեն, աճեն ու բազմանան։ Այդպես է լինելու մինչև աշխարհի վերջը1։

Ոչ ոք չգիտի, թե ինչպես է ծնվել այդ Հավքը, ասում են, նա եղել է աշխարհի ստեղծումից առաջ և գուցե կապրի նույնիսկ աշխարհի վերջից հետո։ Ասում են, նա ապրում է հսկայական մի ծառի վրա, որ աճում է ծովի մեջ։ Այդ ծառը թաքնված է մարդկային աչքերից, այն տեսել են երազներում, երբ քնի մեջ մարդկային հոգին շրջել է այդ այնհայտ ու ալեկոծ ծովի մեջ անտեսանելի նավով։ Այդ երազներում մարդիկ հեռվում տեսել են հսկա ծառը, որի վրա ճրագ-լույս է վառվում։ Քանի ծովն ալիքներն իրար ավելի ուժգին է խփում, այնքան ավելի պայծառ է լինում այդ լույսը։ Տասներկու ճյուղ ունի այդ ծառը, ամեն ճյուղին՝ երեսուն շիվ, ամեն շիվին՝ երկու ճրագ-լույսիկ, մեկը՝ սիպտակ, մյուսը՝ սև։ Ոչ ոք չի կարող ասել, թե քանի հազար տարեկան է այդ ծառը։ Գիտեն միայն, որ Հավքը քառասուն տարի շարունակ իր բույնն է շինում այդ ծառի վրա։ Իր բույնը հսկայական է, գերանով ու կավ-հողով շինած։ Հեռավոր երկրներից ու մեծ քաղաքներից նա բերում է իր շինանյութը՝ հսկա գերաններ, Արաբստանի հող։ Մարդիկ երբեմն տեսնում են հեռու-հեռու երկնքում, թե ինչպես է նա իր ահռելի կտուցի ու ճանկերի մեջ տանում այդ հողն ու գերանները։ Այդ պահերին քաղաքների բոլոր բնակիչները հավաքվում են, հետևում են ահարկու թռչունի թռիչքին ու գիտեն, որ եթե Հավքն իր բույնը չշինի, Տիեզերական այն ծառը կընկնի, և աշխարհը կավիրվի։ Բայց երբ բույնը պատրաստ է լինում, Հավքն Աստծուն փառք չի տալիս, այլ կանգնում է իր տան տանիքի վրա, թևերն իրար է խփում։ Նրա թևերն՝ իրար դիպչելով՝ կրակ են առաջացնում, որից այրվում են ինքն ու իր բույնը։ Պատահում է, որ կրակը հասնում է մոտակա քաղաքներին ու մեծ ավերածություններ է անում։ Հեռավոր վայրերում երևում է այդ կրակը, դրա ցոլքը տեսնում են թե Հայաստանում, թե Ֆրանսիայում2։ 

Բայց Հավքը չի ոչնչանում այդ կրակից, նրան տեսնում են երկնքում՝ մեղրամոմով պատված, թևերի վրա՝ հսկա մի առյուծ։ Թե ի՞նչ առյուծ է դա, մարդիկ միայն կռահել են կարող։ Ոմանք ասում են, որ դա այն առյուծն է, որի վրա նստած՝ Արևն է անցնում երկնակամարով։ Մյուսներն էլ ասում են, թե եթե Հավքն իր ճանկերով գառ, ցլիկ կամ ավանակ է տանում, ուրեմն մի երիտասարդ կյանք է ընդհատվել, մի մաքուր հոգի է երկնային դրախտ գնում։ Այդ ժամանակ Հավքի մարմնին կապած թուր էլ են տեսել։

Հինգ հարյուր տարին մեկ Հավքը ծերանում է, նրա փետուրների մի մասը թափվում է,  գլուխը ճաղատ է դառնում։ Նրան այդ վիճակում տեսածները նրան «չաչալ չերկեզ» են ասում։ Այդ ժամանակ նա թռչում է դեպի երկնքի բարձունքները, հասնում է յոթերորդ երկինք, Արևի շողերի տակ պահում իր մարմինը, որից այն շիկանում է։ Դրանից հետո թռչում է ներքև, ընկնելով լեռնային սառնորակ լճի մեջ, և դրա միջից դուրս է գալիս, թռչում-հասնում ամենաբարձր սարի գագաթին, բարձր ձայն է հանում և իրեն թափ տալիս, որ հին փետուրները թափվեն։ Այդ պահին նա երիտասարդանում է, նրա վրա նոր փետուրներ են աճում, ինքն էլ լցվում է ուժով3։

Անմահ Հավքը մեկ այլ գործ էլ ունի․ նա հետևում է մարդկանց բարությանը։ Դրա համար նա թռչում-ելնում է այնքան բարձր, որ երկիրը ափսեի չափ է երևում4, բայց Հավքի սուր աչքից ու ականջից ոչինչ չի վրիպում։ Սովորաբար նա իր այդ թռիչքը կատարում է երեկոյան այն պահերին, երբ մարդկանց տներում թոնիր կամ վառարան են վառում և հավաքվում են դրա շուրջ զրուցելու։ Այդ պահին խոսքի մեջ եթե որևէ մարդու անունը տան ու նախանձով կամ չարությամբ մի բան ասեն նրա հասցեին, Հավքը երեք անգամ կանչում է։ Նրա կանչը նշանակում է, որ այդ մարդուն մի շատ վատ բան է պատահելու։ Հին ժամանակներում Հավքի համար խոյ էին մատաղ անում կամ իրենց հոտից մի ուլ ազատ էին արձակում։ Բայց չար մարդիկ անգամ փորձել են սպանել անմահ Հավքին, կարծելով, որ այդ նա է դժբախտություն բերում, ալ ոչ թե դա իրենց իսկ չարամտության ու չարախոսության հետևանքն է։ Բայց բարի մարդիկ ամեն անգամ սոխը մաքրելիս՝ դրա կեղևը կրակի մեջ են գցում, որովհետև այրվող կճեպի հոտը Հավքի ուտելիքն է։ Դա անելիս, ասում են․ «Ապրի եղբայրդ»5։

Թե ի՞նչ թռչուն է անմահ Հավքը, հաստատ ոչ ոք չգիտի։ Մեկն ասում է՝ արծիվ է, մյուսը՝ անգղ կամ ցին, ուրուր6։ Նրա բնակարան ծառի մասին էլ ասում են, թե կաղնի է, փռշնի կամ եղրդուտ։ Երբ Եղրդուտի վանքից գողանում են այնտեղ պահվող Քրիստոսի խաչափայտի կտորը՝ Եղրդուտի սուրբ Նշանը, գողը, որ ոսկեղեն կամ թանկագին քար էր սպասում տեսնել հայոց սրբության մեջ, իր համար անարժեք փայտաբեկորը առանց հասկանալու կրակն է նետում։ Հավքն իմանում է այդ մասին։ Եվ երբ չարագործի տունն այրվում է, Հավքը հանում է սուրբ նշանը կրակից ու վերադարձնում է վանքին, ինքն էլ նստում է վանքին անուն տված եղրդուտ ծառի վրա։ Այդ օրվանից վանքին անվանել են Արծվաբեր սուրբ Նշան, իսկ հավքին նարդոս-եղերդի յուղով, մեռոնով պատված են համարել7։

Անմահ Հավքը Աստծո հրեշտակն է, որ լուր է տանում Աստծուն յոթերորդ երկինք՝ մարդկանց բարության ու չարության մասին, նաև դրախտ է հասցնում արժանի հոգիներին։ Ահա թե ինչու հայկական մանրանկարներում հրեշտակներն ունեն արծվի կամ անգղի թևեր։


ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Գ. քհ. Նժդեհեան, Պառաւաշուեչ, Ազգագրական հանդէս, գիրք Թ ., Թիֆլիս, 1902, էջ 268-269:

2. Գ. քհ. Նժդեհեան, Ալաշկերտի երգեր, Ազգագրական հանդէս, գիրք VII-VIII, Թիֆլիս, 1901, էջ 455; Գարեգին սրկ. Ցովսէփեան, Փշրանքներ ժողովրդական բանահիւսութիւնից, Թիֆլիս, 1892, էջ 22; Հ. Աճեմեան, Ծաղկաքաղ Վասպուրակաեի հայ ժողովրդական բանահիւսութեան, առաջին փուեջ, Ս. Էջմիածին, 1917, էջ 35:

3. Ա. Դեւկանց, Կաճեթա ծռեր, Երեւան, 1974, էջ 26-27; «Աղուեսագիրք», արարեալ յԵրեմիա վարդապետէ Արեւելցւոյ, Կ. Պոլիս, 1827, էջ 60:

4. Ս. Հայկունի, Կենդանական վէպեր. ժողովրդական առակներ, Վաղարշապատ, 1907, էջ 57-58:

5. Ս․ Հայկունու արխիվ, դաշտային նյութ Նոյեմբերյանի տարածաշրջանից։

6. «Մօքոս», ժողովրդական վէպ, գրի առաւ Ս. Հայկունի, Ս. Էջմիածին, 1896, էջ 37-38: 31 Հայ ժողովրդական հեքիաթներ, հատոր XVI, Երեւան, 2009, էջ 362-363:

7.  Գեղամ, Արծուաբեր Ս. Նշան, «Մասիս», 1904, էջ 359: