Մի օր Արևը իր բարձունքից նայելով՝ մի գեղեցիկ սար տեսավ։ Դա Մշո Տիրինկատար լեռն էր, որ այն ժամանակ երիտասարդ ու հզոր տղամարդ էր։ Արևը սիրեց նրան և այդ անգամ մայր մտնելու փոխարեն իջավ այդ սարի վրա։ Տիրինկատարն ու Արևը ամուսնացան և զավակներ ունեցան1։ Նրանց ավագ դուստրը Ծիածանն է, որին ուրիշ անունով ասում են կանաչ-կարմիր կամ Տիրկան գոտի, երևի իր հոր՝ Տիրինկատարի անունով։
Հետո մայր-Արևը փոքրիկ աղջիկ ունեցավ։ Աղջկա անունն էր Աստղիկ։
Ամեն առավոտ երկնքի զանգակները ձայնում էին, դրանց ձայնը լսող աքաղաղները՝ կանչում, և Արևը ելնում էր երկինք՝ իր դժվար, բայց կարևոր աշխատանքը կատարելու, մեզ բոլորիս լույս տալու։ Իսկ փոքրիկ Աստղիկը մնում էր հոր մոտ, խաղում էր բարձունքի ձյան հետ, հավաքում էր լանջերի ծաղիկները և օրեցօր մեծանում էր։ Երեկոյան, մայր մտնելուց առաջ, Արև-մայրիկը գալիս էր, կարմիր-դեղին գույներով ներկում էր Տիրինկատարի գագաթը և խաղում էր իր դստրիկի հետ։
Աստղիկը մեծացավ ու դարձավ աշխարհի ամենագեղեցիկ աղջիկը։ Առավոտյան սկսեց ինքն էլ երկինք բարձրանալ՝ մայր-Արևից մի քիչ առաջ, իսկ երեկոյան նա ելնում էր Արևի մայրամուտից առաջ, նրան տեսնելու ու մարդկանց նշան տալու, որ շուտով իր և բոլորի Քեռի-Լուսինն է ծագելու։ Հայր Տիրինկատարը միշտ հսկում էր իր աղջկան, որ ոչ ոք չփորձի նեղացնել նրան։
Աստղիկը վարդագույն շղարշ ունի, որով երբեմն պատում է իր մարմինը, ահա թե ինչու երկնքում նա երբեմն վարդագույն է երևում։ Նա սիրում էր Գուռգուռա գետում լողանալ։ Նա շատ ամաչկոտ է, և երբ գնում էր լողանալու, Մշո դաշտի վրա խիտ մառախուղ, մշուշ էր իջեցնում։ Դա այն բանի պատճառով էր, որ Դաղոնաց լեռների վրա կրակ էին վառում, որի լույսով տղաները փորձում էին տեսնել նրան լողանալիս։ Վաղուց, շատ վաղուց արդեն Աստղիկը այնտեղ չի լողանում, բայց մառախուղը դարերով պատում է Մշո սարերը, իսկ մեր պապերը նույնիսկ երգ ունեին․
Դա այնքան վաղուց էր, որ այն ժամանակ Մշո դաշտի տեղում ծով էր ծփում։ Ծովի մի ափին Տիրինկատարը բերդ էր կառուցել դստրիկի համար և անունը դրել Աստղնաբերդ։ Աստղիկն Արևի ամեն մայրամուտին գնում էր այդ բերդը և ճրագ էր վառում։ Մշո դաշտ-ծովի մյուս ափին իր բերդն էր կառուցել Դաղոնաց լեռների վիշապ-թագավորը։ Նրա որդին ամեն երեկո բերդի վրայից նայում էր Աստղիկին։ Նա սիրահարվել էր Աստղիկին։ Ասում են, մի անգամ Դաղոնաց արքայազնը փորձել է առևանգել Աստղիկին։ Երբ աղջիկը վառել է իր ճրագը, արքայազնը նավակով դուրս է եկել ծով և քշել է նավակը դեպի Աստղնաբերդ։ Բայց Աստղիկը զայրացած՝ հանգցրել է ճրագը։ Լուսինն էլ այդ օրը չի ելել երկինքը լուսավորելու։ Աստղիկի բարկությունից ալեկոծվել է ծովը, շուռ է տվել Դաղոնաց արքայազնի նավակը, և դժբախտ սիրահարը խեղդվել է ծովի ջրերի մեջ։
Ասում են, դրանից հետո Աստղիկը հեռացել էր Տիրինկատարի Աստղնաբերդից։ Նա իր համար մեկ այլ բերդ էր կառուցել Երևանում, Հրազդան գետի վրա բարձրացող ժայռի վրա։ Այդ բերդն այսօր էլ կոչվում է Ծիծեռնակաբերդ, որովհետև դրա վերևի հարկում ապրում էին ծիծեռնակները՝ Աստղիկի սիրելի թռչունները։ Ինչպես սովոր էր, Աստղիկն ամեն առավոտ ժայռից իջնում էր դեպի գետը՝ Հրազդանը, և լողանում էր այնտեղ։ Էլի մշուշով էր պատում գետը, բայց ասում են, այս անգամ նրան կարող էին տեսնել այն երիտասարդները, ում նա հավանում էր։ Սակայն չկար մեկը, որ տեսել է աշխարհի ամենագեղեցիկ աղջկան, վաղորդյան աստղին, Արևի և Տիրինկատարի զավակին։
Նրան տեսնում են միայն երկնքում, որտեղ նա ամեն երեկոյան իր վարդագույն քողի մեջ փաթաթված՝ դիմավորում է իր ամբողջ օրվա աշխատանքից հոգնած մորը՝ մայր-Արևին։ Աստղիկն այդպես էլ չսիրեց ոչ մեկին և դարձավ հայ ժողովրդի սիրելի գեղեցկուհի աստվածուհին։