Այս պատմությունների հեղինակը հայ ժողովուրդն է։ Դրանք պատմվել են բանավոր սերնդեսերունդ, հազարամյակներ շարունակ։ Ստորև նշված աղբյուրների մեջ հեղինակները այն բանահավաք-գիտնականներն են, որոնք հավաքել և գրավոր ձևով պահպանել են այդ պատմությունները և դրանց հետ կապված ծեսերը, ավանդույթները, երգերը, աղոթքները, առած-ասացվածքները
Մեր պապերի պապերն ասում էին, որ արևը մեր բոլորի մայրն է։ Ծաղիկներն ու ծառերը ծլում ու աճում են արևի լույսին ձգտելով։ Կենդանիներն էլ առաջին անգամ աչքերը բացելով՝ արևի լույսն են տեսնում։ Եվ հնում, երբ երեխա էր ծնվում, նրան արևին էին ցույց տալիս և խնդրում, որ արևը նրան երկար կյանք տա1։ Կյանքին էլ «արև» էին ասում, ում սիրում էին և ուզում էին, որ երկար ապրի, ասում էին՝ «Արևդ շատ», արևշատություն էին ցանկանում2։ Իսկ երբ երդվում էին, ասում էին՝ «Իմ արև», «Եղբորս, մորս արև», ու դա նշանակում էր, որ իրենց հարազատի կյանքով էին երդվում, որ սուտ չեն խոսում3։
Հին ժամանակ տան մեծերը միշտ աղոթում էին առավոտյան, դեմքը դեպի արևելք կանգնած, և ասում էին․
Բայց հին, շատ հին ժամանակներում Արևն ինքը փոքրիկ աղջիկ է եղել։ Նրա ավագ եղբայրը՝ Լուսինը, որին մենք գիշերն ենք տեսնում, նույնպես փոքր տղա էր։ Արևն ու լուսինը մայրիկ ունեն, որն ապրում է Վանա լճի մեջ5։ Նա ամեն օր հաց է թխում իր զավակների համար, և երբ նրանք վերադառնում են տուն, կերակրում է նրանց, լողացնում և տանում է քնելու։ Ահա թե ինչու մենք ասում ենք՝ «Արևը մայր մտավ», գնաց իր մոր մոտ։
Մի պատմություն կա այն մասին, թե ինչպես եղբայր Լուսինը և քույր Արևը վիճեցին։ Նրանք չէին կարող որոշել, թե ով է նրանցից լուսավորելու ցերեկով, իսկ ով՝ գիշերով։ Լուսինը որպես երեխաներից մեծը, որոշեց, որ ինքն է ցերեկով դուրս գալու, իսկ Արևը թող գիշերով շրջի։ Արևը լաց եղավ ու ասաց, որ ինքը վախենում է գիշերով ելնել։ Մայրիկն այդ պահին հացի խմոր էր հունցում։ Նա լսեց երեխաների խոսակցությունը և զայրացավ Լուսնի վրա։ Խմորոտ ձեռքով նա ապտակեց որդուն և ասաց․
— Արևն աղջիկ է և քեզնից փոքր է։ Թող նա ցերեկով շրջի։ Իսկ դու անվախ տղա ես և արդեն մեծ ես, քեզ համար դժվար չէ լուսավորել մութ գիշերը։
Այդպես էլ որոշեցին։ Բայց Արևն էլի դժգոհեց․
— Բայց եթե ես ցերեկը դուրս գամ, բոլոր մարդիկ կնայեն ինձ վրա, ու ես կամաչեմ։
Լուսին եղբայրը ժպտաց, մոտ եկավ և քրոջը տվեց մի բուռ ասեղ, ասելով՝
— Առ այս ասեղները և դրանցով ծակիր այն մարդկանց աչքերը, ովքեր երկար կնայեն քեզ վրա ու կամաչեցնեն քեզ6։
Ահա թե ինչու ոչ մի մարդ չի կարող երկար նայել արևի վրա, թե չէ աչքերը կցավեն այնպես, ասես դրանց մեջ ասեղներ են խրում։ Իսկ Լուսինն այդ օրվանից սկսեց երկնքով շրջել և լուսավորել գիշերը, իսկ մայրական ապտակից նրա դեմքի վրա այդպես էլ մնաց խմորը։ Լուսնին կարելի է երկար նայել, նա չի ծակում աչքերը։ Եվ եթե ուշադիր նայես, կտեսնես խմորի հետքերը նրա դեմքին։ Բայց նա էլ ամաչկոտ է, ու դրա համար հաճախ շղարշ, ծածկ է առնում իր վրա։ Նրա ուղեկիցներն են բազմաթիվ աստղերը՝ նրա ընկերները։
Մեր պապերի պապերը Լուսնին Քեռի են ասել7 ու նկատել են, որ Լուսինն իր հետ միշտ մի այծի մորթու աման, տիկ է վերցնում, մեջը՝ մուրաբա։ Տասնհինգ օր մուրաբան քիչ-քիչ լցվում է, իսկ հաջորդ տասնհինգ օրերի ընթացքում՝ պակասում։
Ասում են նաև, որ Լուսնի տիկը մեծանում ու փոքրանում է, որովհետև այն ծակ է։ Մի անգամ, երբ Լուսինն ու Արևը դեռ փոքր էին, մայրն ուղարկում է նրանց ջուր բերելու ու խոստանում է օրհնել այն մեկին, որ շուտ կհասցնի ջուրը։ Լուսինը շուտ է հասնում ու ամանը դնում ջրի տակ։ Արևը երբ հասնում է, չարաճճիություն է անում և ծակում է Լուսնի ամանը։ Ինքն էլ ջուր է լցնում ու տանում, իսկ Լուսնի տարած ջուրը ճանապարհին հոսում է ամանի ծակից։ Այդպես էլ մինչև հիմա, Լուսնի ամանի միջի մուրաբան միայն 15 օր լցվում է, իսկ հաջորդ 15 օրում քիչ-քիչ հոսում է ծակից դուրս։ Այդպես Քեռի-Լուսինը մեկ մեծանում է, մեկ փոքրանում, դառնում պոզերի նման։ Երբ պոզերը դեպի ներքև են լինում, անձրև է գալիս։ Երբ Լուսինը նոր է լինում (նրան այդպես էլ կոչում էին՝ Նոր), մարդիկ փառաբանում են նրան, ասում են․
Այդ նույն պահին աշխատում էին փողին, մետաղադրամին նայել, որ այնպես, ինչպես Լուսինն է աճում, այդպես էլ աճեր ընտանիքի փողը, ունեցվածքը։ Նայում էին նաև երեխային, որ արագ և առողջ աճեր, և մի բախտավոր մարդու, որ իրենք էլ բախտավոր լինեն10։
Լուսինն ու Արևը մեծացան։ Նրանք վաղուց արդեն չեն վիճում, այլ խաղաղ, մեկը մյուսին փոխարինելով, ծագում են իրենց ժամին և, իրենց գործն ավարտելով, մայր են մտնում։ Արևի մայր մտնելուց հետո հողը իբրև թե խաչված է, այն չի կարել փորել, չի կարելի նաև աղբ թափել։
Լուսինը մի արյունով լի պարկ էլ ունի, որի պատճառով Լուսնի խավարում է լինում։ Իսկ երբ նա այդ պարկը գցում է Արևի վրա, խավարում է նաև Արևը11։ Ասում են նաև, որ այդ չար վիշապն է փորձում կուլ տալ Արևին, բայց մարդիկ կրակում են կամ աղմուկ են անում, և վիշապը բաց է թողնում արեգակը12։ Վիշապը Արևի թշնամին է։ Նա ամեն օր հետևում է Արևին, որ մի օր կուլ տա, բայց դա նրան չի հաջողվում13։
Երբ Վանում և Վան քաղաքի մոտ գտնվող գյուղերում յոթ օր, յոթ գիշեր հարսանիք էր լինում, երկրորդ օրն առավոտյան դեռ Արևը չծագած՝ փեսայի ընկեր չամուսնացած երիտասարդները կանչում էին երաժիշտներին և քահանային, իրենց հետ էին վերցնում հարսին ու փեսային ու բարձրանում էին հարսանյաց տան կտուրը կամ մի այնպիսի տեղ, որտեղից կարելի էր լավ տեսնել լուսաբացը։ Այստեղ հարսն ու փեսան, որոնց ասում էին Թագուհի և Թագավոր, բռնում էին մի թաշկինակի երկու ծայրից և կանգնում էին դեմքով դեպի արևագալը, այսինքն, ուղիղ դեպի արևելք։ Այդ ժամանակ երաժիշտները նվագում էին, իսկ երիտասարդները երգում և պարում էին։ Երգն այսպիսի խոսքեր ուներ․
Նրանք այդպես պարում էին, կանչելով ու բարևելով Արևին, որպեսզի նա երկար կյանք տար ամուսնացող զույգին, երկար ու լուսավոր լիներ նրանց ամուսնական կյանքը։
Իսկ Վահեն, որին նրանք նույնպես կանչում էին, այն կրակն էր, որ ելնում էր Արևի հետ15։ Այդ կրակը պիտի վառեր ու վառ պահեր նորապսակների օջախը, թխեր նրանց հացը ու եփեր նրանց ճաշը, տաքացներ նրանց և նրանց ապագա երեխաներին ցմեռվա ցուրտ օրերին և, իհարկե, պահապան լիներ նրանց ընտանիքի ջերմության։
Հայաստանի տարբեր մասերում կան քարացած վիշապ-արձաններ։ Դրանք շատ-շատ հին են։ Այդ Արևն է քարացրել այն վիշապներին, որոնք վնասել են մարդկանց կամ փորձել են ավերել աշխարհը16։ Այդ վիշապներն այսօր էլ ապրում են ջրի տակ և երբեմն փորձում են դուրս գալ ու հասնել Արևին, որ կուլ տան նրան։ Գիշերով նրանք ծովերում ու լճերում փոթորիկներ են անում, բայց գալիս է առավոտը, և Արևի այրող շողերից նրանք քար են դառնում։
Արևի արթնանալուց և ծագելուց առաջ Վանա ծովում լվացվելու պահին լեռան տակից դուրս են գալիս նրա տասներկու սևամորթ սպասավորները։ Նրանք ունեն լուսեղեն ճիպոտներ, որոնցով խփում են սարերին։ Այդ պահին սարերը ցածրանում են, խոնարհվում են բնության մոր առջև, իսկ երկնքում հնչում են զանգակներ, որոնց ձայնը մարդկանց համար լսելի չէ։ Այդ ձայնը լսում են միայն աքաղաղները, որոնք իրենց ուրախ ծուղրուղուով դիմավորում են լուսաբացը17:
Արևը տեր է կանգնում ոչ միայն մեր աշխարհում ապրողներին, այլև այս աշխարհից հեռացածներին։ Հնում ամեն երեկո, երբ Արևը իջնում էր և պիտի շուտով մայր մտներ, տանտիրուհիները մի անկյունից մի փոքր բաց էին անում անկողինները և այդպես թողնում, որ դրանց մեջ արևի շողերն ընկնեն։ Դա Մեռելի բաժին արևն էր18, որովհետև այն աշխարհում էլ մարդիկ թեև ավելի քիչ, քան մենք, բայց արևի լույսի կարիքն ունեն։
Երբ պստլիկ, դեռ չքայլող երեխաներին լողացնում էին, նրանց համար հատուկ տաշտով ջուր էին տաքացնում։ Իսկ երբ ամենավերջում նրանց գլխին ջուր էին լցնում, որ օճառն ամբողջովին անցնի, ապա անպայման մի փոքր ջուր էին թողնում տաշտի մեջ։ Դա արևաջուրն էր, և այդպես էին անում, որ Արևը երկար կյանք, շատ արև տա փոքրիկին։