Սուրբ Ստեփանոսն ու քարից ծնված ժողովուրդը
Քանի որ հայերը հնուց ապրել են լեռնային տարածաշրջանում, քարը ծառայել է նրանց (և մեզ) համար որպես շինանյութ, կշռանյութ և ունեցել է ինչ-որ ծանր ու նշանակալից, ինչպես նաև հավերժական, երկարակյաց բանի խորհրդանիշ։ Ահա թե ինչու հուշաքարեր են դրել․ մեկը՝ հանգուցյալի գերեզմանին, որ նրա հիշատալը հավերժ մնա, մյուսը՝ ճանապարհի կամ սահմանի վրա, որ միշտ ուղեցույց լինի, երրորդը՝ սրբավայրում, որ ցույց տա սրբազան տեղը, ուխտագնացության նպատակակետը։ Մեր օրերում «խոսուն քարեր» հասկացությունը վերաբերում է պատմական այն հիշողություններին, որոնք պահպանվել են քարերի, դրանց վրա արված քանդակների, վիմագրերի, նշանների ձևով։ Հին ժամանակ մարդիկ հավատացել են, որ քարերն իսկապես խոսել են և հայտնել են իրենց հատկությունների, քիմիական կազմի, հանքերի մասին։ Հայերին հայտնի էր նաև ալքիմիկոսների փիլիսոփայական քարը, որն առաջն հերթին ամբողջականության և անմահության խորհրդանիշ էր։ Կան բազմաթիվ ավանդական պատմություններ այն մասին, թե ինչպես քար են դառնում հետապնդողներից խուսափող լավ մարդիկ, Աստծված քար է դարձնում վատ մարդկանց, որ նրանց արարքը հիշվի և ծառայի որպես դրական կամ բացասական օրինակ։ Քարի մեջ ամփոփվում և պահպանվում է ամենակարևորը, որը կարելի է հետագայում հետ ստանալ քարից – ահա այս բոլոր պատկերացումների հիմքը։ Այսպես, Արեգի մասին հեքիաթներում կախարդանքով քարացած քաղաքը կենդանանում է իր բնակիչներով հանդերձ։ Քարը նաև կարծր է, պինդ, դրան դժվար կամ անհնարին է ջարդել։ Եվ քարը կարող է շատ ծանր լինել։ Դա նշանակում է, որ, ինչպես «քարսիրտ» կամ «քարկապ» բառերում, քարը խորհրդանշում է ամրությունը, անշարժությունն ու անփոփոխությունը։
Այս զրույցում խոսքը Ծաղկազարդ տոնի սկզբնավորման մասին է, երբ Հիսուսը մտնում է Երուսաղեմ, և նրան դիմավորում են որպես արքայի։ Թեև այդ տոնակատարությունն ունի նախաքրիստոնեական ծագում և կապված է բնության զարթոնքի հետ, քրիստոնյա աշխարհում հաստատվել է այն կարծիքը, որ Ծաղկազարդը, կամ, ժողովրդական անունով՝ Ծառզարդարը, ամեն տարի նշում և վերարտադրում է Քրիստոսի Երուսաղեմ մտնելու պատմական իրադարձությունը։ Աստվածաշնչյան այդ դրվագում Աստծու Որդու դիմավորում է մարդկանց բազմահազար բանակը, որոնց թվում նաև երեխաներն ու կանայք։ Բայց քանի որ Հին աշխարհում անզավակ կանայք համարվել են վտանգավոր (անպտղությունը հիվանդություն էր համարվում, նրանք իրենց անպտղությամբ կարող էին «վարակել» այլ կանանց, ինչպես նաև ընտանի կենդանիներին, բույսերին), այս պատմության մեջ նրանց արգելվում է մասնակցել գարնան զարթոնքի, պտղաբերության տոնին և, իհարկե, մոտենալ Հիսուսին։ Սակայն առասպելի կանոնների համաձայն, երբեմն խախտումը, զանցանքը, կարող է բերել հրաշալի դրական փոփոխությունների, և այդպես է լինում քարը բարուրած կնոջ հետ։
Աստվածաշնչի Գործք առաքելոց գրքում նկարագրվում է Ս․ Ստեփանոս Նախավկայի քարկոծումը, որն առաջին նահատակությունն էր քրիստոնեության պատմության մեջ։ Հայերը, լինելով առաջին քրիստոնյաների շարքում և պետականորեն առաջինը քրիստոնեություն ընդունելով, ևս եղել և մնացել են խորհրդանշական առումով առաջին նահատակները, ընդունելով այդ երևույթը որպես աստվածային առաքելություն։ Այսպես վերաիմաստավորվելով, պատմության մեջ քարից զոհված սարկավագը դառնում է հայ ժողովրդի նախնին, հայ քրիստոնյայի նախօրինակը և նախահայրը։ Այս պատմությունը ցույց է տալիս նաև, որ քրիստոնեության օրոք հայերը շարունակել են գորովանքով վերաբերվել քարերին, համարելով դրանք սեփական ուժի ու տոկունության խորհրդանիշը և սեփական պատմական հիշողության շտեմարանը։