Շիրին և Ազնավուր

Home » Առասպելներ » Շիրին և Ազնավուր

Սիրելի ընթերցողներ, քանի որ հայ ժողովրդի հիշողությունն ավանդաբար պահպանել է խոր հնությունից եկող սյուժեներ, դրանք հաճախ այնքան հեռու են նորօրյա պատկերացումներից, որ մեկնաբանության, բացատրության կարիք ունեն։ Հետևաբար, այստեղ կգտնեք կերպարների ու խորհրդանիշների մասին պատմող ու պարզաբանող հետաքրքրաշարժ տեղեկություններ, այդ թվում՝ ազգագրական նյութեր հին ժամանակների կենցաղի մասին, նախաքրիստոնեական և քրիստոնեական ժամանակներից եկած ու հարատևող բազմաթիվ բարոյական, գեղագիտական, հանրային կեցության սկզբունքներ, որոնց վերաբերյալ ակնարկներ կան առասպելում: Մեկնաբանությունները կատարված են գիտական մեթոդներով, հենվում են հավաստի տվյալների վրա և միանգամայն վստահելի են, նույնիսկ եթե տարբերվում են ձեր սեփական մեկնաբանությունից, որոնք ևս լինելու և փոխանցվելու իրավունք ունեն։

Ստորև նշված աղբյուրների մեջ հեղինակները այն բանահավաք-գիտնականներն են, որոնք հավաքել և գրավոր ձևով պահպանել են այդ պատմությունները և դրանց հետ կապված ծեսերը, ավանդույթները, երգերը, աղոթքները, առած- ասացվածքները, հանելուկները և այլն։

Վստահ ենք այս տեղեկություններն ու փաստերը նաև ձեզ համար բավականին ճանաչողական կլինեն:


Այս պատմությունների հեղինակը հայ ժողովուրդն է։ Դրանք պատմվել են բանավոր սերնդեսերունդ, հազարամյակներ շարունակ։ Ստորև նշված աղբյուրների մեջ հեղինակները այն բանահավաք-գիտնականներն են, որոնք հավաքել և գրավոր ձևով պահպանել են այդ պատմությունները և դրանց հետ կապված ծեսերը, ավանդույթները, երգերը, աղոթքները, առած-ասացվածքները

Շիրին և Ազնավուրը

Շատ ժողովուրդների առասպելներում, հատկապես Արևելքում, Կովկասում կարելի է գտնել սյուժեներ մարդկային ցեղից առաջ ապրած հսկաների մասին։ Երբեմն այդ հսկաները լեռներ են, երբեմն՝ ուղղակի անհեթեթ մեծ չափի մարդիկ։ Առաջին դեպքում առասպելն իր խորհրդանշական լեզվով նկարագրում է երկրաբանական, սեյսմիկ երևույթները, որոնց մեջ լեռները պատերազմում են և վնասում են միմյանց։ Երկրորդ դեպքում այս պատմությունների մեջ արտացոլվում է այն պատկերացումը, որ մարդկային ցեղը հետզհետե մանրանում է, իսկ աշխարհի վերջին դառնալու է մանր, թզուկի չափ (այսպես կոչված՝ «աջուջ-մաջուջ», այսինքն, աստվածաշնչյան Գոգն ու Մագոգը)։ Ամեն դեպքում, նման առասպելներում տեղ է գտնում «Սասնա Ծռեր» էպոսում տեղ գտած այն միտքը, որ եթե հնում հսկաները ուժով էին տիրում աշխարհը, ապա նոր ժամանակների մարդը խելքով, հնարագիտությամբ, ինչու՞ չէ, նաև խորամանկությամբ է դա անում։ Այսինքն, մարդիկ ոչ միայն մանրանում են, այլև ավելի ու ավելի խաբեբա են դառնում, որը նաև Մհերի՝ Ակռփու քարում կամ որևէ այլ քարանձավում փակվելու պատճառներից մեկն է։ Սակայն հսկաները, որոնք մեծ մասամբ բնակվում են լեռներում, փորձում են ինչ-որ կերպ շարունակել իրենց ցեղը, դրա համար էլ ուզում են ամուսնանալ մարդկանց հետ։

Այս պատմության մեջ համակրանքն ավելի շուտ միամիտ սիրահարված Ազնավուրի, քան նենգ Շիրինի (պարսկերեն «գեղեցիկ») կողմն է։ Այդուհանդերձ, սա պարսկական «Ֆահրադ և Շիրին» սիրավեպ-էպոսի հայկական տարբերակն է։ Ֆահրադի անունը հայ առասպելաբանությունը կապում է այսպես կոչված կիկլոպյան շինությունների հետ, այսինքն Քարե դարի հսկայական կառույցների մասին մարդիկ մտածել են, թե դրանք սովորական մարդը կառուցել չէր կարող։

Պատմության մեջ հանդես են գալիս մի քանի կարևոր խորհրդանիշներ․ վարունգը (խիյարը), հարիսան, ոսկե կենդանիներից պատրաստված մեխանիկական խաղալիքը։

«Խիյար» բառը, ի տարբերություն «վարունգի» (սա հին պարսկերեն «vatrang» բառից է փոխառված) հնագույն խուռիերեն բառ է և նշանակել է «գեղեցիկ», այն նաև սիրո և ամուսնության աստվածուհի Շավուշկայի սպասուհու անուն է։ Խուռիներն անգամ այդպիսի ամիս ունեին – Խիյարա – որի անունը կապված է վարունգի կիսահասունացման, ուտելու համար պիտանի ժամանակաշրջանի հետ (մայիս-հունիս)։ Խիյար-վարունգը շատ սերմեր ունի և այդ իսկ պատճառով պտղաբերության խորհրդանիշ է։

Այգին ինքը կնոջ խորհրդանիշ է, այգի մտնելը նշանակել է աղջկա սիրուն արժանանալը, ահա թե ինչու էպոսում, հեքիաթներում, աշուղական երգերում սիրահարները սովորաբար հենց այգում են հանդիպում։ Ինչպես տեսնում ենք պատմությունից, Շիրինը չի մտնում Ազնավուրի այգին, այսինքն, չի սիրում նրան։

Հարիսան, ցորենից ու հավի մսից պատրաստվող շիլան, ևս շատ հին է իր ծագումով։ Գրեթե չորս հազար տարվա հնության սեպագիր տեքստերում այն («խարշաշու» ձևով) հիշատակվում է որպես թագավորների համար պատրաստվող ծիսական, տոնական ուտեստ։ Ինչպես երևրի գիտեք, այն նաև նոր ժամանակներում է եղել աշնանամուտին նշվող Նավասարդի և Ս․ Վարագա խաչի տոնի, ինչպես նաև Ամանորի, Զատկի, հարսանիքի ծիսական կերակուրը։ Հիշենք նաև Մուսա Լեռան տոնի հսկայական կարասներով եփվող հարիսան։ Լեռնային դևերի հարիսայի հիշատակությունը հղում է կատարում դեպի «Սասնա Ծռեր» էպոսը, որտեղ լեռնային դևերը հափշտակում են Ցասման հարիսան։ «Ցասում» բառն այստեղ բնորոշում է այն պատկերացումը, որ երաշտը, կարկուտը, երկրաշարժը և բնական այլ արհավիրքներ Աստծո ցասման արդյունքն են, որ առաջացել է մարդկանց անպատշաճ վարքի պատճառով։ Ուրեմն և այն դեպքերում, երբ համատարած սովի, բերքը կորցնելու և բնական որէ արհավիրքի առաջ գալու վտանգ է եղել, մեր նախնիները հանրային մատաղ են արել, այսինքն, հավաքել են գումար, գնել են ցորեն և հավի կամ տավարի միս և պատրաստել են մեծ քանակությամբ հարիսա, որն էլ ճաշակել են բոլորը միասին՝ եկեղեցական համապատասխան ծեսերը կատարելուց հետո։ Դևերի կողմից այդ ճաշը գողանալը մեծ սրբապղծություն էր և վտանգի տակ էր դնում հանրության բարօրությունը։ Ահա և Շիրինը պահանջում է Ազնավուրից ետ բերել հարիսան և վերականգնել աշխարհի կարգը, հաշտությունն Աստծո հետ։

Իսկ ոսկե կենդանիներով խաղալիքը բնորոշում է հենց այդ նույն աշխարհի կարգը։ Կենդանիներն իրականում երկնային մարմիններն են, համաստեղությունները, որոնց իրար հետևից կանոնավոր «վազելուց» է կախված աշխարհի խաղաղ, անխափան կանոնավոր կյանքը։

Հնարավոր է, Շիրինն այդ ամենը Ազնավուրից պահանջելով, ակնարկում է, որ իրենց ամուսնությունն անհավասար է, խախտում է բնության օրենքը, ուրեմն և անհնարին է։

Միաժամանակ, սակայն, պատմությունը Ազնավուրին է համակրում և ոչ՝ խորամանկ Շիրինին, և երգը, որը չի պահպանվել, ողբ է եղել նրա անհույս սիրո մասին։

————————————

Շատ հին ժամանակներում երկրի վրա ապրում էին ոչ թե մեզ պես մարդիկ, այլ հսկաներ։ Պահպանվել են նրանց գերեզմանները, բերդերն ու ամրոցները, իսկ երբեմն էլ, ինչպես Օշական գյուղի մոտ՝ նրանց տների փլատակները1։ Մարդիկ նրանց կոչում էին մեկ Ազնավուր, մեկ Ֆահրադ, կամ Ֆերեզ, մեկ Օհուզ կամ Օղուզ։ Նրանցից էին Սասնա ծռերը, քաջ Ռուստամը և Զոհրաբը, Բոլն ու Հռուշանը։ Նրանց մասին բազմաթիվ պատմություններ են հիշել մեր նախնիները, որ հասցրել են տեսնել վերջին հսկաներին։

Ամենից հաճախ պատմում էին այն մասին, թե ինչպես էին միայնակ հսկաները գողանում մարդ-աղջիկներին և նրանց հետ ամուսնանալու անհույս փորձեր անում։ Տխուր մի պատմություն կար, որ պատմում էին Շիրին անունով աղջկա և Ազնավուրի մասին2։

Մանազկերտում հարուստ, բայց միայնակ ապրում էր Ազնավուրը։ Մի օր տեսավ հուրի աղջկան ու սիրեց նրան։ Բայց ո՞վ իր գեղեցկուհի աղջկան հոժար կամքով կնության կտար ահռելի Ազնավուրին։ Սա էլ այդպես մտածեց ու փախցրեց գեղեցկուհուն։  Շիրինը չէր ընդունում նրան և առանց թաքցնելու ցույց էր տալիս, որ Ազնավուրը տեղ չունի իր սրտում։ Հսկային էլ թվում էր, որ կարող է ինչ-որ ձևով շահել նրա սիրտը։ Նա մի պալատ կառուցեց, որի պատուհանները բացվում էին դեպի գեղատեսիլ Արածանի գետն ու ծաղկավետ դաշտերը, և նվիրեց աղջկան։ 

Աղջիկը, պալատում ապրելով, բողոքում է, որ այգի ու բոստան չունի, և Ազնավուրն անմիջապես հեռացնում է հսկա ժայռերն ու քարերը, փորում է հողը, այգի է տնկում, նույնիսկ խիյար (վարունգ) է աճեցնում Շիրինի համար։ Վարունգը, որ կախարդական էր ու պետք է հալեցներ աղջկա քար սիրտը, օգուտ չի տալիս։ Ընդհակառակը, Շիրինն իր պատուհանից տեսնում է գեղեցիկ մի երիտասարդի, և իր սերը նրան է տալիս։ Բայց Ազնավուրին էլ խաբում է, թե արդեն պատրաստ է ամուսնանալ նրա հետ և ուղարկում է նրան լեռնային դևերից հարիսա բերելու, որ խիյարի հետ դնեն հարսանեկան սեղանին։ Որպես հարսանեկան նվեր էլ Ազնավուրից խնդրում է սարքել ոսկե մուկն ու կատու, աքաղաղ ու աղվես, նապաստակ ու որսորդ, բայց կախարդական, այնպիսի, որ կենդանի լինեն ու միշտ վազեն իրար ետևից, բայց իրար չհասնեն։ Ազնավուրն իսկույն գնում է Շիրինի պատվերները կատարելու և բաց է թողնում պալատի դուռը։

Հենց այդ էլ պետք էր Շիրինին և իր հավանած երիտասարդին։ Նրանք պայմանավորվում և փախչում են իրար հետ։ 

Իսկ երբ Ազնավուրը վերադառնում է ու տեսնում է, որ իրեն խաբել ու դավաճանել են, հուսահատվում է ու անհուն միայնակ ու լքված է զգում իրեն։ Գնում է իր տնկած այգին, վերցնում է իր հսկայական բահը և, դրանով սպանում է ինքն իրեն։ Հարևանությամբ ապրող մարդիկ շատ են խղճում սիրահարված հսկային, երգ են հորինում նրա դժբախտ սիրո մասին, իսկ երիտասարդ տղամարդիկ թաղում են նրան ու հսկայական մի քար դնում նրա վրա։

Մանազկերտում ցույց էին տալիս Ազնավուրի գերեզմանը, Շիրինի պալատի մնացորդները և հսկայի տնկած մեծամեծ այգին – Բոստան խայան, որտեղ այլևս չէին աճում կախարդական խիյարները։



ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Հսկաների դարաշրջանի վերաբերյալ առավել ամբողջական պատմությունը․ Ս․ Եղիազարեան, Օղուզն ու մարդը, «Գեղարուեստ», 1917, գիրք 6, էջ 148-150։

2. Գարեգին վարդապետ Սրուանձտեան, Գրոց ու բրոց, Կ․ Պօլիս, 1874, էջ 63-67։