Նեմրութ թագավորը

Home » Առասպելներ » Նեմրութ թագավորը

Սիրելի ընթերցողներ, քանի որ հայ ժողովրդի հիշողությունն ավանդաբար պահպանել է խոր հնությունից եկող սյուժեներ, դրանք հաճախ այնքան հեռու են նորօրյա պատկերացումներից, որ մեկնաբանության, բացատրության կարիք ունեն։ Հետևաբար, այստեղ կգտնեք կերպարների ու խորհրդանիշների մասին պատմող ու պարզաբանող հետաքրքրաշարժ տեղեկություններ, այդ թվում՝ ազգագրական նյութեր հին ժամանակների կենցաղի մասին, նախաքրիստոնեական և քրիստոնեական ժամանակներից եկած ու հարատևող բազմաթիվ բարոյական, գեղագիտական, հանրային կեցության սկզբունքներ, որոնց վերաբերյալ ակնարկներ կան առասպելում: Մեկնաբանությունները կատարված են գիտական մեթոդներով, հենվում են հավաստի տվյալների վրա և միանգամայն վստահելի են, նույնիսկ եթե տարբերվում են ձեր սեփական մեկնաբանությունից, որոնք ևս լինելու և փոխանցվելու իրավունք ունեն։

Ստորև նշված աղբյուրների մեջ հեղինակները այն բանահավաք-գիտնականներն են, որոնք հավաքել և գրավոր ձևով պահպանել են այդ պատմությունները և դրանց հետ կապված ծեսերը, ավանդույթները, երգերը, աղոթքները, առած- ասացվածքները, հանելուկները և այլն։

Վստահ ենք այս տեղեկություններն ու փաստերը նաև ձեզ համար բավականին ճանաչողական կլինեն:


Այս պատմությունների հեղինակը հայ ժողովուրդն է։ Դրանք պատմվել են բանավոր սերնդեսերունդ, հազարամյակներ շարունակ։ Ստորև նշված աղբյուրների մեջ հեղինակները այն բանահավաք-գիտնականներն են, որոնք հավաքել և գրավոր ձևով պահպանել են այդ պատմությունները և դրանց հետ կապված ծեսերը, ավանդույթները, երգերը, աղոթքները, առած-ասացվածքները

Նեմրութ թագավորը

Այս պատմությունը մեծամտության ու սնապարծության, դաժանության ու արնադավության դատապարտման մասին է։ Այն ունի կարևոր քրիստոնեական իմաստ, քանի որ հպարտության մեղքի և դրանից բխող ավելի ծանր մեղքերի անխուսափելիության վառ օրինակն է։ Բանն այն է, որ հենց սնապարծությունն է կուրացնում պատմության հերոսին այն աստիճանի, որ նա ուրանում է սեփական որդուն և սպանել է տալիս նրան։

Ժողովրդական ավանդազրույցի հերոս Նեմրութ թագավորը Աստվածաշնչի Ծննդոց գրքում հիշատակվող Նեբրովթն է, թեև պատմությունն ինքը լիովին հայկական ժողովրդական զրույց է։ Աստվածաշնչից է նաև աշտարակ կառուցելու պատմությունը, որն այստեղ ավելի հարուստ է և ունի Հազրո անունով երիտասարդի նահատակության պատմությունը։

Ինչպես դա սովորական է հայկական առասպելներում, այս տխուր, բայց կարևոր խրատ պարունակող պատմությունը նաև բնաշխարհի մասին է և բացատրում է Վանա լճի հարևանությամբ գտնվող Նեմրութ սարի և Դատվանի ճանապարհին գտնվող Ուղտաքարերի առաջացումը և անունը։ Նեմրութը հանգած հրաբուխ է, այստեղից՝ այն դրվագը, երբ Նեմրութ թագավորը ողջ է և հարյուր տարին մեկ քարեր է շպրտում աշխարհի տարբեր կողմերը։ Երկրաշարժի և հրաբուխի խորհրդանշական, պատկերավոր նկարագրություն է նաև աշտարակի փլուզվելու հատվածը։

————————————

Արևմտյան Հայաստանում, Վանա լճից ոչ հեռու կա Նեմրութ անունով մի լեռ։ Ահա այդ լեռան առաջացման պատմությունը։

Նեմրութ անունով մի թագավոր կար, այնքան մեծամիտ, որ ինքն իրեն Աստված էր կարծում1։ Ասում էր․ «Այս սարերն ու բլուրները ես եմ ստեղծել, կենդանիներին ու թռչուններին ես եմ ստեղծել, Աստված ո՞վ է որ»։ Բայց հավատավոր մարդիկ նրա ասածները լուրջ չէին ընդունում, միևնույն է, իրենց Աստծուն էին պաշտում, նրան էին աղոթում, իրենց խնդիրներով ու ցավերով նրան էին դիմում։ Մեծամիտ Նեմրութն էլ որոշեց մի այնպիսի բերդ շինել բարձր աշտարակներով, որ մինչև երկինքը հասնի, և եթե բոլորի սիրած Աստվածն այնտեղ է ապրում, ապա բարձրանա ամենաբարձր աշտարակի վրա ու իր հզոր նետերով սպանի Աստծուն։ 

Հարուստ էր Նեմրութ թագավորը, հետն էլ հայտնի նետաձիգ էր, նետուաղեղն օգտագործելու մեջ ոչ ոք նրա հետ չէր կարող մրցել։ Բայց մի բան հաշվի չէր առել նա, որ Աստված անմահ է, նրան ոչ նետով, ոչ այլ զենքով սպանել չի ստացվի։

Բայց մեծամիտ ու գոռոզ արքան հայտարարեց ամբողջ իր թագավորության վարպետներին, որ վերցնեն իրենց գործիքները և գան իր ասած տեղը՝ բերդ շինելու։ Հավաքվեցին շինարարները, վարպետները Նեմրութի մոտ ու ասացին․ «Մեր տիրակալ, պատրաստ ենք քո հրամանով գործն սկսել, միայն ասա մեզ, թե ինչ է քեզ պետք»։ Նեմրութն ասաց․

— Այնպիսի բարձր բերդ պիտի կառուցեք, որ աշտարակները դեմ առնեն երկնքին, որ ես բարձրանամ բերդի գլուխը ու տեսնեմ բոլորի սիրած անտեսանելի Աստծուն։ Կրակելու եմ ու սպանեմ, ցած գցեմ դրան։

Դժվար էր առաջադրանքը, բայց վարպետներն առանց հարցեր տալու գործի անցան։ Բարձեցին ուղտերին, գնացին ծովի միջից ավազ բերելու, հեռու լեռներից՝ քար կրելու։ Նեմրութի շինարարների քարավանը երկար էր, բեռը՝ ծանր ու շատ։ Քարտաշներն իրենց գործն էին անում, ավազ մաղողներն ու շաղախ պատրաստողներն՝ իրենցը։ Հյուսները փայտից սյուներ էին տաշում, պատշարները շարում էին, չափողները չափում էին, իսկ շինանյութը ուղտերին բարձած՝ գալիս էր ու գալիս։ Քանի շինում էին, աշխարհով մեկ տարածվում էր լուրը, թե Նեմրութ թագավորը բերդ է կառուցում, որ ելնի ու սպանի երկնքի Աստծուն։ Քանի շինեցին, այնքան ավելի հպարտացավ Նեմրութն ու էլի էր ասում․ «Ես ամենքի աստվածն եմ»։

Իսկ Աստված երկնքում մտածեց, որ Նեմրութն էլ իր ստեղծածն է, թեկուզ գոռոզ ու ինքնասեր։ Բայց երկու բան Նեմրութի մեջ հաճելի էր Աստծուն․ նախ՝ Նեմրութի հացի գնդերը մեծ էին, նա հյուրասեր էր, հաց էր տալիս ամեն կարիքավորին, երկրորդ՝ Նեմրութի տան դարպասի մուտքը ցածր էր, նրա նախնիներն այնպես էին արել, որ ամեն անգամ շեմից դուրս գալիս ու ներս մտնելիս՝ խոնարհվեին Աստծո առաջ։

Բերդը բարձրացավ այնքան, որ ծայրը երկրից չէր երևում։ Այդ ժամանակ Աստված որոշեց, որ այդպես շարունակվել չի կարող։ Նա կանչեց մրջյուններին և ուղարկեց բերդի հիմքերի մոտ։ Մրջյունները մտան հիմքերը և սկսեցին փորել և ուտել շաղախը։ Մինչդեռ վերևում վարպետները շինում էին, մրջյունները ներքևից ուտում էին։ Կերան-կերան ու այնքան չաղացան, որ դարձան կատուների չափ։

Այդ ընթացքում Ներմրութը գնում էր որսի իր որդի Հազրոյի հետ։ Հազրոն իր ձիով հետապնդեց եղնիկին ու հասավ մի ժայռի ծայրին։ Եղնիկը թռավ-փախավ, իսկ Հազրոն իր ձիով ընկավ ձորը և խրվեց խոր ձյան մեջ, երկու մեծ քարերի արանքում։ Ծառաները եկան-հասան ու դժվարությամբ դուրս հանեցին արքայազնին ու նրա ձիուն։ Բայց երբ դուրս քաշեցին, ձյան շերտը ետ գնաց, ու բոլորը տեսան, որ այդ քարերի արանքում, ձյան տակ, աճում էր խաղողի մի որթ, վրան էլ՝ մի ճութ խաղող։ Ցնցվեց, հիացավ Հազրոն ու ասաց․ «Էլ չեմ հավատում Նեմրութ աստծուն։ Հավատում եմ այն Աստծուն, որ այս հրաշքն է կատարել, ձյան տակ, քարերի արանքում խաղող է ստեղծել»։ Լսեց Նեմրութը որդու խոսքերը, մոլեգնեց այն մտքից, որ իր իսկ ժառանգը, իր միս ու արյունը ոչ թե իրեն, Նեմրութ-աստծուն է պաշտում, այլ նրա թշնամուն, անտեսանելի երկնային Աստծուն։ 

Հրամայեց զինվորներին բռնել ու սպանել Հազրոյին։ Հազրոն հեծավ իր ձին ու փախավ։ Նեմրութի զինվորները երկար հետապնդեցին Հազրոյին, և երբ արքայազնը հասավ Մշո մի քարանձավի, հասան ու սպանեցին նրան։

Ահա այդ ժամանակ վրդովվեց, ցավ ապրեց երկնային Աստվածը, չհաշտվեց այն մտքի հետ, որ Նեմրութը ընդամենը իրեն տհաճ թվացած մի խոսքի համար անմեղ, այդքան երիտասարդ, իր հարազատ որդուն այդպես պատժեց։ Ու այս դաժան արարքի համեմատ այլևս նշանակություն չունեին ոչ Նեմրութի հացի գնդերը, ոչ էլ նրա մուտքի ցածրությունը։ Հանցագործ ու արնադավ, որդիասպան էր Նեմրութն Աստծո աչքերում։ Իսկ Հազրոյի մահվան վայրում նա վառ լույսի կամար կապեց, որից սարսափեցին ու զարմացան բոլոր տեսնողները։ Դեռ երկար դարեր մարդիկ ուխտ էին գնում այդ քարանձավի մոտ։ Ու եթե որևէ մեկը կասկածում էր մյուսի արդար ու ճշմարիտ լինելու մեջ, նա, ում կասկածում էին, երդվում էր այդ սուրբ վայրում։ Որովհետև Հազրոն իր կյանքը զոհել էր՝ ճշմարիտն ասելու համար։

Նեմրութն էլ դեռ իր կատաղության մեջ առավ իր նետերն ու աղեղը ու ելավ բերդի վրա։ Նա լարեց իր աղեղը ու նետեր արձակեց դեպի վեր, դեպի երկինք։ Աստված ծովից մի հսկա ձուկ հանեց ու պահեց Նեմրութի նետերի առաջ։ Ձուկը լաց եղավ ու աղաղակեց․

— Տեր իմ, ի՞նչ էի արել, որ ինձ այդ անարժանի նետերի տակ դրեցիր։

— Մի մտածիր, ասաց Աստված, քո թափածն արդար արյուն է, պարգև կտամ քեզ փոխարենը։

Դիպեցին նետերը հսկա ձկանը, երկնքից արյուն հոսեց, Նեմրութի նետերը հետ թռան, և արքան արյան հետքեր տեսավ դրանց վրա։

— Ըհը, ուրախացավ նա, սպանեցի ես դրան, թափեցի արյունը։

Այդ ասելուն պես կատվի չափ մրջյուններն ավարտեցին իրենց կործանարար գործը, կտրեցին բերդի հիմքը, և բերդը ահավոր թնդյունով փլվեց, քանդվեց, հազար փշյուր եղավ, քարերը թռան հեռու-հեռավոր տեղեր, իսկ փլատակը վերածվեց միայնակ սարի։ Քարավանները, որ դեռ շինանյութ էին բերում, նույն պահին քար դարձան իրենց բեռներով ու ուղտերով։ Երկնքից կայծակներ թափվեցին, իսկ այն տեղում, որտեղ Նեմրութն էր կանգնած, ամենաբարձր աշտարակի տեղում, երկրի տակից ջուր դուրս եկավ ու ծածկեց նոր սարի ամբողջ գագաթը։ Չար Նեմրութն այդպես մնաց սարի մեջ թաղված, լճի ջրերի տակ։ Լեռան անունն էլ մնաց Նեմրութ։

Ասում են, ահեղ թագավորը դեռ կենդանի է։ Նա շարունակում է ապրել Նեմրութ լեռան մեջ կառուցված իր քաղաքում։ Հարյուր տարին մեկ նա փորձում է դուրս գալ, գոռում-գոչում է, քարեր է նետում այս ու այն կողմ, բայց էլի հանդարտվում է։ 

Մինչև այսօր էլ Նեմրութ սարից դեպի Դատվան տանող ճանապարհին ցույց են տալիս Ուղտաքարերը, կամ Նեմրութի ուղտերը – փղի երկու մեծության վաթսուն քարերի շարքը։


ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Հիմնական նյութը Սարգիս Հայկունու արխիվում (Գրականության և արվեստի թանգարան) պահվող «Նեբրովթ» ավանդազրույցն է, գրառված Խլաթի Քըրս գյուղացի Արևշատից։ Ավանդազրույցի ավելի հակիրճ տարբերակներ հրատարակվել են հետևյալ աղբյուրներում․ Ն. Սարգիսեան, Տեղագրութիւնք ի Փոքր եւ ի մեծ Հայս, Վենետիկ, Ս. Ղազար, 1864, էջ 273-274; Գարեգին վարդապետ Սրվանձտեանց, Գրոց ու բրոց, Կ․ Պօլիս, 1874, էջ 15-16; Մկօ, Խլաթ գաւառը// «Արձագանք», Թիֆլիս, 1882, № 24, էջ 376-377;  Մ. Միրախորեան, Նկարագրական ուղեւորութիւն ի հայաբնակ գաւառս Արեւելեան Տաճկաստանի, Կ. Պօլիս, 1984, էջ 77, 80; Բենսէ, Հարք. Մշոյ Բուլանըխ, Ազգագրական հանդէս, գիրք Զ, 1900, էջ 28-30; Ա. Ղանալանյան, Ավանդապատում, Երևան, 1969, էջ 73: Աշտարակաշինության և Նեմրութի մասին մի փոքր դրվագ ունի նաև Վարդան պատմիչը․ Վարդան Բարձրաբերդցի, Պատմութիւն տիեզերական, Մոսկվա, 1864, էջ 16: