Մի աղջիկ կար, անունը Հուրի։ Ինչպես և շատ ուրիշ աղջիկներ, նա երազում էր ամուսնանալ գեղեցիկ, ուժեղ, ճարպիկ երիտասարդի հետ։ Այն հնագույն ժամանակներում հեշտ չէր ծանոթանալ հասակակից տղաների հետ, դրա համար աղջիկները զանազան կախարդական միջոցներով էին փորձում հասնել իրենց նպատակներին։ Հուրին էլ որոշեց իր համար լավ փեսացու խնդրել սուրբ Կարապետից։ Բայց Մշո սուրբ Կարապետի վանքը փակ էր կանանց ու աղջիկների համար, նա չէր կարող մտնել սրբություն սրբոց այն եկեղեցին, որտեղ սովորաբար զավակ ունենալու համար աղոթում էին տղամարդիկ։ Եվ նա արեց դա բոլորից թաքուն․․․1
Ահարկու էր վանքը, ահարկու պատմություն ուներ։ Հենց այդ նվիրական վայրում էր սուրբ Գրիգոր Լուսավորիչը բանտարկել դևերին՝ Դիվանատուն անունը կրող եկեղեցու հիմքի տակ։ Այն տեղում, ուր ուզում էր մտնել Հուրին, զնդան կար թաղված, որից գլխիվայր կախված էին մնում սուրբ Գրիգորի կողմից բանտարկված դևերը, և որտեղ պահվում էր սուրբ Կարապետի մասունքը։ Դրանցից մեկն էլ ապրում էր վանքում, անտեսանելի էր մարդկանց համար, բայց ամեն օր մաքրում էր ուխտավորների խնկարկումներից ու վանականների օջախներից առաջացած մոխիրը և տանում էր հեռու, Բաթման գետի մեջ թափում։ Դրա մասին գուսանները երգում էին․
Հուրին սիրում էր երգ-երաժշտություն, և ինքն էլ երգում էր ու սիրուն երգեր հյուսում։ Բայց կար մի բան, որի մասին չգիտեին ոչ ուխտավորները, ոչ նույնիսկ վանականները։ Հաճախ վանքի օջախը, որ միշտ պիտի վառ մնար, հանգչում էր գիշերով, որովհետև երազներ ուղարկող հին Տիր աստվածը գալիս ու մարում էր այն։
Հուրին որոշեց, որ արգելքը, ըստ որի աղջիկները չպիտի մտնեն զնդանի վրա կառուցված եկեղեցին, ուղղակի վանականների չափազանց խստությունն է, և ոչինչ չի լինի, եթե ինքը այն խախտի։ Ու գնաց այնտեղ։
Սակայն բավական էր, որ ծնկեր, որ աղոթք անի – ու տեսավ, որ իր գեղեցիկ մազերը կարճացան, իր կանացի մարմինը տղամարդու մարմին դարձավ, իսկ մեջքի ետևում ծլեց ու երկարեց մի փափլիկ պոչ։ Սարսափեց Հուրին, լաց եղավ ու մտածեց․ «Բա ես ինչպե՞ս այս տեսքով տուն վերադառնամ։ Հարազատ մայրս ինձ չի ճանաչի»։ Ու որոշեց մնալ վանքում, ճգնավոր դառնալ ու ծառայել սուրբ Կարապետին։
Վանականները, կարծելով, թե նա տղամարդ է, ընդունեցին նրան, և Հուրին սկսեց ծառայել վանքում, նրան վստահվեց վառ պահել վանքի օջախը։ Ամեն օր նա իր պոչով մաքրում էր սուրբ առարկաների փոշիները, սրբում էր օջախը։ Հետո սկսեց նկատել, որ երբեմն օջախը գիշերը մարում է։ Որոշեց գիշերը պահ մտնել ու հետևել, թե ինչ է լինում։ Եվ ահա տեսավ դևի տեսքով Տիրին, որ եկավ ու փչեց-հանգցրեց կրակը։ Նա դուրս եկավ թաքստոցից ու մի հաստ փայտով ուժգին հարվածեց Տիրի ոտքին։ Ոռնաց անմարդկային ձայնով Տիրը, վախեցավ ու փախավ, բայց քեն պահեց պոչավոր վանականի վրա։ Այդ օրից է, որ Տիրին ասում են Կաղ Գրող։
Մի օր, երբ Հուրին աղոթքի էր կանգնած, Տիրը հուշիկ մոտեցավ նրան մեջքից, հարձակվեց ու կծեց-տարավ Հուրիի փափլիկ պոչը։ Շատ ցավեցրեց Հուրիին, ճգնավորը տխրեց ու չգիտեր, թե ինչով պիտի մաքրեր վանքի օջախն ու առարկաները։ Աստված ողորմաց և մի երկար ու խիտ մորուք պարգևեց նրան՝ պոչի փոխարեն։ Այդ օրվանից Հուրիի անունը մնաց Անպոչ ճգնավոր։
Անպոչ ճգնավորը լավ ուսում առավ վանքում։ Ոչ ոք նրա պես չգիտեր Աստվածաշունչը ու Եկեղեցու հայրերի ստեղծագործությունները։ Նրան հանձնարարեցին գնալ Հայաստանի տարբեր վայրերը և մարդկանց սովորեցնել Աստվածաշնչի գիտելիքը։ Նա հետաքրքիր ձև գտավ դա անելու համար։ Երգեր ու ոտանավոր պատմություններ էր հորինում ու այդպես սովորեցնում Աստվածաշնչի պատմությունները – չէ՞ որ ան ժամանակ բոլորի համար դպրոց չկար, և շատերը չէին կարող իրենք կարդալ սուրբ Գիրքը։ Ժողովրդի մեջ տարածվեցին Անպոչ ճգնավորի գեղեցիկ երգերը և խորիմաստ պատմությունները, աշուղները և օժտված մարդիկ ամենուրեք սրբավայրերում երգում էին նրա երգերը։
Անպոչ ճգնավորին նույնիսկ աշակերտ տվեցին՝ Լոշտակ անունով։ Հնարամիտ ու երաժշտական շնորհ ունեցող, բայց անպատկառ էր Լոշտակը։ Նա չէր ենթարկվում իր վարպետին, այլ ծաղրում էր նրան, կատակներ էր անում Անպոչի երգերի ու պատմությունների վրա։ Իսկ Անպոչը այնքան էր սիրում իր ուսուցչական գործը, որ քննության նման մի բան էր հորինել։ Ուր որ գնում էր, եկեղեցիների ու մատուռների պատերի վրա ոտանավորի ձևով հարցեր էր գրում ու սպասում, որ ժողովրդի միջի գրագետները տակը կգրեն հարցերի ճիշտ պատասխանները։ Նա անցնում էր հաջորդ քաղաքը կամ գյուղը, իսկ հետադարձ ճանապարհին կարդում էր պատասխանները։ Եթե ճիշտ էր լինում, գոհ էր մնում, բայց եթե սխալ էր՝ ծաղրելով պատժում էր տգետներին։
Խիստ էր Անպոչ ճգնավորը որպես ուսուցիչ։ Եվ թեև շատ էր սիրում Լոշտակին գեղեցիկ երգելու համար, նրան հաճախ էր պատժում։ Եվ ահա մի օր Լոշտակը որոշեց վրեժ լուծել Անպոչից։ Երբ ճգնավորը քնած էր, նա վերցրեց ձեթով լի վառվող կանթեղը, ձեթը լցրեց Անպոչի շքեղ մորուքի վրա, իսկ հետո կրակի տվեց ձեթով պատված մորուքը։ Բոցավառվեց Անպոչ ճգնավորի մորուքը, վարդապետը արթնացավ ցավից և մտածել չհասցնելով՝ անիծեց Լոշտակին․ «Գետինը մտնես»։ Բարեպաշտ ճգնավորի անեծքն անմիջապես իրականացավ, Լոշտակը մտավ հողի տակ։ Անպոչ ճգնավորը ոչ մի կերպ չէր հանգստանում, ցավը մթագնում էր նրա միտքը, և նա էլ ավելի ծանր անեծք տվեց Լոշտակին․ «Ով որ փորձի քեզ հանել, ինքը մտնի քո տեղը»3։
Երբ մորուքի կրակը հանգցրեց, իսկ ցավը մեղմացավ, մեղմացավ նաև նրա սիրտը։ Ասաց Լոշտակին՝ «Հազար ցավի դեղ լինի մամինդ»։ Անհուն ցավ իջավ Անպոչի սրտին, նա շատ զղջաց իր անեծքի համար – չափազանց մեծ էր պատիժը, մինչդեռ նա սիրում էր իր անպատկառ, բայց այնքան սիրուն երգող իր աշակերտին։ Եվ այդ ցավին չդիմանալով, Անպոչը բարձրացավ մոտակա Հավատամք լեռը, Աստծուց խնդրեց, որ իրեն քար դարձնի, և ցած նետվեց դեպի անդունդը։
Ուխտավորները պատմում էին, որ Մշո սուրբ Կարապետ վանքի չորսբոլորը լոշտակ բույսն էր աճում, որը բազմաթիվ հիվանդությունների դեղ էր։ Հատկապես արմատը, որ մարդու մարմնի ձև ուներ, մեկ կնոջ, մեկ տղամարդու։ Եթե ոտք հիշեցնող հատվածից էին կտրում՝ ոտքի դեղ էր, եթե փորից՝ փորացավի և այդպես, ասում են, տասներկու թե քսանչորս ցավի դարման էր խեղճ Լոշտակի մարմինը։ Բայց զորավոր էր Անպոչ ճգնավորի անեծքը – երբ արմատը փորձում էին հանել, բույսն այնպիսի ճիչ էր արձակում, որ հանողը տեղում վախից մեռնում էր։ Դրա համար սովորել էին արմատից մի շուն, հավ կամ այլ կենդանու կապել, որ քաշի դուրս և սատկի, իսկ մարդիկ օգտվեն արմատից4։
Իսկ այն տեղում, ուր ընկավ դժբախտ Անպոչ ճգնավորի մարմինը, մի մարդաչափ քար կա, որին ժողովուրդն Արձան է ասել։ Ոմանք, չիմանալով այս պատմությունը, կարծում էին, թե դա վանքի տեղում մինչև քրիստոնեությունը եղած հեթանոսական տաճարի գլխավոր քրմի՝ Արձանի գերեզմանն է5։ Այդտեղ կար աղբյուր, որի շուրջ վայրի քաջվարդ էր աճում ու ծաղկում կարմիր գեղեցիկ ծաղիկներով։ Ժողովուրդն այդ ծաղկին Ճգնավոր, կամ ճշնանոր էր ասում՝ ի հիշատակ Հուրի-Անպոչի տխուր պատմության։