Մեղրի գյուտը
Տիր աստվածությունը հայտնի է Ագաթանգեղոսի Հայոց պատմությունից որպես դպրության, իմաստնության հովանավոր։ Նրա տաճարը կոչվել է Երազամույն, այսինքն, վայր, որտեղ մարդիկ քուն են մտել և տեսել են իրենց իղձերի հետ կապված գուշակող երազներ, որոնք, հասկանալի է, ուղարկում էր Տիրը։ Մեր փոքրիկ այս դրվագից հասկանալի է դառնում, որ ժողովրդի համար Տիրն առաջին հերթին բնության հովանավոր էր և կապ ուներ կենդանիների հետ։ Քանի որ «տիր» բառը հին պարսկերենով նշանակել է «նետ», ապա նրան պատկերացրել են նաև նետաձիգ։ Տիրինկատար, կամ Ծիրինկատար լեռնագագաթը գտնվում է Արևմտյան Հայաստանի Տարոն գավառում, չի բացառվում, որ դրա անունը կապված է հենց Տիրի հետ։ Տարոնի ժողովուրդն ունի Տիրի հնամենի առասպելաբանություն, որը պահպանվել է «Ըմըրե Տիրիկվան» հեքիաթի մեջ (տես «Հայ ժողովրդական հեքիաթներ», հատոր XIII, Երևան, 1985, էջ 227-235), որը մանկական հեքիաթ չէ և ներկայացնում է Տիրին որպես դաժան, բայց արդար հրաշագործ որսորդ, որը կապված է անգղի հետ և մարդկանց երազներ է ուղարկում։ Այստեղ «Տիրիկվան» ձևը «տիր ու կավան», այսինքն, «նետ և աղեղ» իմաստն է կրում։ Պատմության առաջին մասն այն մասին է, որ լեռներում, մասնավորապես, անտառապատ Տիրինկատարի վրա, վայրի մեղուները մեղր են պատրաստում և կուտակում են մարդկանց աչքերից թաքնված տեղերում։
Սողոմոն Իմաստունը աստվածաշնչյան (հինկտակարանյան) կերպար է, Դավիթ թագավորի որդին (Գ Թագավորաց 1-11 գլուխներ)։ Հին կտակարանում ներկայացված է որպես իմաստուն, արդար դատավոր, սրբազան տաճարի հիմնադիր։ Նրան է վերագրվում նաև Աստվածաշնչի Ժողովող գիրքը։ Արևելյան բազմաթիվ ժողովուրդներ ունեն Սողոմոնի մասին առակներ և հեքիաթներ։ Մեր պատմությունը Սողոմոնի մասին հայկական մի քանի տասնյակ առակներից մեկն է, որում նա հանդես է գալիս որպես բնություն-մարդ փոխհարաբերությունների մեջ ծագող հարցերով զբաղվող դատավոր։ Այս մասում պատմությունն այն մասին է, թե ինչու են մեղուները սատկում, երբ խայթում են մարդկանց։ Քանի որ մեղվաբուծությունը գյուղական բնակչության համար կարևոր զբաղմունք է, այն նաև մեղուների հետ աշխատելիս զգույշ լինելու մասին է։
Բացի մարդկանցից, մեղր են ուտում նաև արջերը։ Պատմության մնացած հատվածն այն մասին է, որ մարդիկ արջերից են սովորել մեղր ուտելը, իսկ հետո նաև ընտելացրել են մեղուներին։