Անհիշատակ պառավը
Այս առասպելը կնոջ աշխատանքի, ձեռագործի, և ընտանեկան անդորրի հովանավոր, շատ հին մի դիցուհու մասին է։ Անհիշատակ պառավի մասին պատկերացումները դուրս չեն եկել կանանց միջավայրից և վերաբերել են հիմնականում կապելու-հյուսելու գործնական աշխատանքներին և կապերի հմայական ազդեցություններին։ «Անհիշատակ» նշանակել է գլխավորապես, զավակներ չունեցող, բայց և մոռացության մատված, հիշատակը պահող չունեցող։ Ինչպես տեսնում եք տեքստից, բարի տարեց կինն անուն չունի, թեև մի աղոթքում նրան Մանիշակ են անվանում։
Անհիշատակ պառավի պաշտամունքը հասել է մեր օրերին միայն այն բանի շնորհիվ, որ կապված է եղել կենցաղի ու ճակատագրի հետ։ Ըստ էության, նա բարի բախտ ապահովող է, թեև միմիայն աղջիկների համար։ Յուրաքանչյուր տատիկ, եթե ուներ աղջիկ թոռ, գրեթե պարտավորված էր մտնելու Անհիշատակ պառավի կերպարի մեջ և, մազերը սանրելու ու հյուսելու միջոցով, «հյուսեր» աղջկա հետագա բախտը։ Ինչպես հայտնի է, ամուսնանալիս, հարսնացուին հագցնելու կամ բաղնիք տանելու ծեսի շրջանակներում, նրա աղջկական սանրվածքը քանդում էին և նորովի, հարսի ոճով էին հյուսում նրա մազերը։ Ավելին, «բախտի» մասում հինա էին դնում, կարմիր ներկում՝ ի նշան բախտավորության տոնի՝ հարսնության։
Հյուսվածքն առհասարակ հայկական կարևորագույն խորհրդանշաններից մեկն է, այն բնորոշում է կյանքը, աճը, սերունդ տալը և, իհարկե, երջանիկ լինելը։ Ահա թե ինչու այդքան շատ բուսական հյուսքեր են նկարել ձեռագիր միջնադարյան մատյանների լուսանցքներում։ Անհիշատակ պառավը պատասխանատու էր նաև ամուսին-կին կապի, ընտանիքում ամուր կապերի համար։
Հենց Անհիշատակ պառավի հետ է կապվաշ իլիկի – բրդից թել մանելու գործիքի – կարևորությունը հայոց մեջ, մինչդեռ գաղտնիք չէ, որ իլիկով էր պատկերվում նաև Ս․ Մարիամ Աստվածածինը, հատկապես՝ Գաբրիել հրեշտակին հանդիպելու և ավետումը ստանալու տեսարաններում։