Շուշան դիցուհին և օձերի թագավորը

Home » Առասպելներ » Շուշան դիցուհին և օձերի թագավորը

Սիրելի ընթերցողներ, քանի որ հայ ժողովրդի հիշողությունն ավանդաբար պահպանել է խոր հնությունից եկող սյուժեներ, դրանք հաճախ այնքան հեռու են նորօրյա պատկերացումներից, որ մեկնաբանության, բացատրության կարիք ունեն։ Հետևաբար, այստեղ կգտնեք կերպարների ու խորհրդանիշների մասին պատմող ու պարզաբանող հետաքրքրաշարժ տեղեկություններ, այդ թվում՝ ազգագրական նյութեր հին ժամանակների կենցաղի մասին, նախաքրիստոնեական և քրիստոնեական ժամանակներից եկած ու հարատևող բազմաթիվ բարոյական, գեղագիտական, հանրային կեցության սկզբունքներ, որոնց վերաբերյալ ակնարկներ կան առասպելում: Մեկնաբանությունները կատարված են գիտական մեթոդներով, հենվում են հավաստի տվյալների վրա և միանգամայն վստահելի են, նույնիսկ եթե տարբերվում են ձեր սեփական մեկնաբանությունից, որոնք ևս լինելու և փոխանցվելու իրավունք ունեն։

Ստորև նշված աղբյուրների մեջ հեղինակները այն բանահավաք-գիտնականներն են, որոնք հավաքել և գրավոր ձևով պահպանել են այդ պատմությունները և դրանց հետ կապված ծեսերը, ավանդույթները, երգերը, աղոթքները, առած- ասացվածքները, հանելուկները և այլն։

Վստահ ենք այս տեղեկություններն ու փաստերը նաև ձեզ համար բավականին ճանաչողական կլինեն:


Այս պատմությունների հեղինակը հայ ժողովուրդն է։ Դրանք պատմվել են բանավոր սերնդեսերունդ, հազարամյակներ շարունակ։ Ստորև նշված աղբյուրների մեջ հեղինակները այն բանահավաք-գիտնականներն են, որոնք հավաքել և գրավոր ձևով պահպանել են այդ պատմությունները և դրանց հետ կապված ծեսերը, ավանդույթները, երգերը, աղոթքները, առած-ասացվածքները

Շուշան դիցուհին և օձերի թագավորը

Այս պատմությունն այն մասին է, թե ինչպես ամայացավ երբեմնի կանաչ Օձասարը։ Օձասարը, կամ Վիշապասարը (թրք․ Իլան-դաղի), նույնքան իրական լեռ է, ինչպես և Մասիսը, և գտնվում է Նախիջևանի (Գողթան) պատմական տարածքում։ Եթե Մասիսը հնուց անտի համարվել է վիշապների, քաջքերի, չար ոգիների և օղուզ-հսկաների «մութ աշխարհ», ապա Օձասարը Շուշան դիցուհու տարածքն էր։ Ծաղիկների հնամենի աստվածուհին, բնության տիրուհին հայ առասպելաբանության մեջ հազվագյուտ կերպար է, բայց միշտ կապվել է մեռնող ու հարություն առնող աստվածների և բնության հավերժականության թեմայի հետ։ Այսինքն, այստեղ խոսքը նորից վերածննդի գաղափարի մասին է, ուղղակի Օձասարի վերածնունդը տեղափոխված է ապագա ժամանակներ։

Օձերի թագավորը պատմականորեն կապվում է Գողթան գավառի իշխանական տան հետ։ Այս վեպում, որ, հավանաբար, Գողթան գուսանների երգերի մի բեկոր է՝ հրաշքով հասած մինչև մեր օրերը, մենք նորից, ինչպես Աստղիկի առասպելի մեջ, հանդիպում ենք լեռներում ապրող օձերին։ Եվ նրանք, իհարկե, կռվի են գնում այլ օձերի դեմ։

Վիշապի և սատանայի նույնացումը միջնադարյան-քրիստոնեական է։ Մանրանկարներում Քրիստոսի մկրտության և դժոխքի տեսարաններում հաճախ է հանդես գալիս անդնդային օձը, որը նույնն է, ինչ սատանան։ Այս վեպը միակ աղբյուրն է, որ նշում է սատանայի բարի սիրտը, այսինքն, առաջ է քաշում այն գաղափարը, որ չարի մեջ ևս կա բարու մասնիկ, և չարին էլ կարելի է բարիացնել։

Հուրի պատանին Վահեն է, կամ Վահագնը։ Չէ՞ որ Վահագնի ծնունդը, որ մեջբերում է Մովսես Խորենացին, ևս Գողթան երգիչների ստեղծագործությունն է։

————————————

Հսկա, ահռելի է Մասիս սարը։ Դեռ Մովսես Խորենացին է պատմել, որ դևերն այդ սարն ի վեր են տարել հայոց թագաժառանգ Արտավազդին1։ Մասիսի վրա օձեր ու վիշապներ, նաև քաջք-ոգիներ էին ապրում2, ու քանի դեռ Նոյն իր տապանով այնտեղ չէր իջել, հետո էլ սուրբ Հակոբ Մծբնեցին չէր բարձրացել այնտեղ ու իր աղբյուրը բխեցրել, մռայլ ու սարսափելի էր այդ սարը մարդկանց համար։ Այդ սարի քարանձավներից մեկում երկար բանտարկված է մնացել Արա Գեղեցիկը, որին ազատել է Ծաղիկը3։ Այդ ծաղիկը Շուշան աստվածուհին էր, որ ապրում ու թագավորում էր մի ժամանակ կանաչ ու ծաղկունքով լի, իսկ Շուշանի հեռանալուց հետո՝ անկյանք տափաստան դարձած Վիշապասարի վրա։

Բայց սկսենք այն տեղից, որ Շուշանը սովորական – կամ գուցե ոչ այնքան սովորական – մի հովվի աղջիկ էր։ Նա չքնաղ, սպիտակամաշկ էր ու նուրբ։ Աստղիկի պես նա էլ մեծացել էր բարձր ձյունապատ լեռներում, այս անգամ՝ Սյունիքի լեռներում։ Նրա ծիծաղից սարերի վրա շուշաններ էին բացվում, իսկ երբ նա լալիս էր, նրա արցունքներից քաղցրահամ աղբյուրներ էին գոյանում4։ Երբ Շուշանը մեծացավ, նա գնաց Մասիսից ոչ շատ հեռու մեկ այլ բարձր սարի վրա բնակվելու։ Երբ նա ոտք դրեց այդտեղ, սարը պատվեց կանաչով ու շուշաններով։ Ամպերից, աստղերի ցոլքերից՝ Արևի ու Լուսնի շողերի օգնությամբ նա մի հրաշակերտ ճերմակ վրան շինեց իր համար և բնակվեց դրանում։ Մենակ չմնալու համար Շուշանն իր հետ տարավ սպիտակ օձերին, որոնք նրան ենթարկվում էին որպես ծառաներ, բայց և սիրում էին որպես իրենց թագուհի։ Այդ օձերի անունով սարը կոչվեց Օձասար։

Շուշանին քնելուց առաջ աղոթքով դիմում էին որբուկները, որ հացի ճար անի իրենց համար։ Առավոտյան էլ նրան դիմում էին քաջ զինվորները, որ ուժ ու հաջողություն շնորհի իրենց։ Հողն իր մայրն էր և բերք էր տալիս ամեն հողագործին, միայն թե նա իր սիրասուն աղջկան փառաբաներ։ Շուշանին սիրահարված էր անգամ Երկինք աստվածը, որը նրա փեսացուն էր, և նրա ցանկությամբ առատ անձրևներ էր ուղարկում անդաստանների վրա։ Իսկ Շուշանն այնքան բարի էր, որ այն երկրում, որ Նոյի իջնելուց հետո Նախիջևան պիտի կոչվեր, չկար անբերրի հող, ամենուր ծաղկունք ու բերք էր, և մարդիկ երջանիկ էին ապրում։

 Մասիսի վիհի մեջ ապրող օձերի թագավորը, որ ինքը սատանան էր, նախանձեց Շուշանի փառքին ու պատերազմ հայտարարեց նրան։ Նրա սև օձերի զորքը հարձակվեց լուսավոր Օձասարի վրա։ Սև ու սպիտակ օձերը բախվեցին իրար։ Ծանր կռիվ էր դա։ Ճերմակ օձերը չէին կարող թույլ տալ, որ սատանա-օձը հասնի իրենց թագուհուն, ու հերոսի պես պայքարում էին, մինչդեռ Շուշանը հեռացավ սարից ու թաքնվեց Արաքս գետի ջրերում։ Սև օձերն էլ գտնվում էին իրենց թագավորի կախարդական ազդեցության տակ և իրենց կյանքը չէին խնայում, որ գրավեն Շուշան դիցուհու վրանը։ Ու շատ օձեր ընկան երկու կողմից, դիակներով պատելով լուսավոր Օձասարը, բայց հաղթող չկար հավասար այդ մարտում։ Ինքը օձերի թագավորը նույնպես կռվի դաշտում էր։ Սպիտակ օձերը մահացու վերքեր էին հասցրել նրան։ Նա մի կերպ սողալով իրեն նետեց անդունդի մեջ, իսկ նրա սողացած տեղը այդպես էլ մնաց որպես դեղին հողի շերտ՝ Օձասարի վրա, որ դարեր անց մարդիկ ցույց էին տալիս ու զարմանում օձի մեծության վրա։ Դրանից հետո սարին Վիշապասար կոչեցին։ Պատերազմն ավարտվեց, ողջ մնացած օձերը՝ կորցնելով իրենց առաջնորդներին, քաշվեցին ամեն մեկն իր բույնը, բայց այն կանաչն էլ չկար, ամբողջ սարը պատված էր օձերի կարմիր արյունով, և այդպես կարմիր էլ մնաց դարերդար․․․

Բայց մարդիկ հավատում են, որ մի օր Վիշապասարը նորից կկանաչի։ Դրա համար, սակայն, պետք է կատարվեն մի քանի պայմաններ։ Նախ՝ մարդիկ որքան էլ երկար ապրեն, նրանց մեղքերը պիտի լինեն կորեկի հատիկի չափ, իսկ ցորենի հատիկը պիտի դառնա փշատի պտղի չափ։ Երկրորդ՝ այն մարդիկ, որ չունեն երեխաներ, պիտի օգնեն աղքատներին։ Այդ ժամանակ երկնքից կժպտան սրբերը, իսկ չար սատանան կընկնի իր գահից։ Դա ազդանշան կլինի չքնաղ Շուշանի համար, որ ելնի Արաքսի ջրերից ու գնա դժոխք՝ Անդնդային վիշապ-սատանայի մոտ։ Սատանան իրականում երկու սիրտ ունի՝ մեկը չար, մյուսը՝ բարի, բայց նրա բարի սիրտը քնած է մինչև Շուշանի գալու պահը։ Միայն Շուշանը կարող է գտնել և համբուրել սատանայի բարի սիրտը։ Եվ գիտե՞ս, թե ի՞նչ կլինի այդ ժամանակ։ Ծծմբե կրակով լի դժոխքը կլցվի Արաքսի սուրբ ջրով ու կվերածվի ծովի, դժոխքի խավարը դուրս կմղվի լույսի ճառագայթներով։ Ջուրը կլվա-կտանի չարի բոլոր հետքերը։ Եվ ջրերի միջից դուրս կգա հուրի պատանին, այն, որ «հուր հեր ուներ, բոց ուներ մորուս, և աչքունքն էին արեգակունք»։ Արաքսի ջուրը կլվա նրա աստղանման լույսով ճակատը5։


ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Մովսես Խորենացի, Գիրք Երկրորդ, գլուխ ԿԱ:

2. Լևոն Խաչիկյան, Գրիգոր Պարթևին վերագրված «Հարցումը», որպէս հայ մատենագրության երախայրիք, «Բանբեր Մատենադարանի», 1964, թիվ 7, էջ 326։

3. Հ․ Թումանյանի «Եդեմական ծաղիկը» հեքիաթի համար բնագիր-նյութ են ծառայել ժողովրդական երկու հեքիաթներ․  «Цветок Адама», Сборник материалов для описания местностей и племен Кавказа, вып. XIII, Тифлис, 1892, отд. II, с. 93-99 և ներկայիս Արմավիրի մարզում գրառված «Օձ մանուկ և Արին Արմանելի» – Էմինեան ազգագրական ժողովածու, գիրք Դ., Մոսկուա-Վաղարշապատ, 1902, էջ 20-26։ Արին Արմանիլիի կերպարի մեջ Գ․ Ղափանցյանը և Ա․ Մատիկյանը նույնականացնում են Արա Գեղեցիկին։

4. Ա․ Ղանալանյան, Ավանդապատում, Երևան, 1969, էջ 92։

5. Շուշանի և Օձերի թագավորի մասին ամբողջական առասպելի մշակումը տես․ Ե. Տէր-Կարապետեան, Իլան-դաղի օձերի պատերազմը, «Արեւ», Բաքու, 1915, №19, էջ 2: Պահպանվել են Օձասարի (Իլան դաղիի) առասպելի այլ, ավելի սեղմ բեկորներ ևս․ Մասիսի վրա ապրող Օձերի թագավորի մասին․ Сборник материалов для описания местностей и племен Кавказа, вып. II, отд. II, с. 107-108; Օձասարի վրա ապրող օձ-եղբայրների մասին․ Ա․ Ղանալանյան, Ավանդապատում, Երևան, 1969, էջ 12։