Արև ու Լուսինը
Հավանաբար, ի սկզբանե հարկ կլինի բացատրել երեխային, որ Արևը մարդկանց մայրն է փոխաբերական իմաստով, այսինքն, խնամողն ու հովանավորն է, առանց որի կյանք լինել չի կարող։ Այսօր էլ որոշ բաների ի հայտ գալու, ծնվելու մասին ասում ենք «լույս տեսնել»։
Հին հայերը հաց են թխել և ոչ՝ գնել են խանութից։ Այս մասում կարող եք բացատրել երեխային, որ հնում հացի խանութներ, փռեր չեն եղել, և որ այսօր էլ գյուղերում կան կանայք, որ իրենք են թխում իրենց ընտանիքի հացը։
Փոքրիկ ունկնդիրների համար կարող է անհասկանալի լինել ասեղներով աչքերը ծակելու դրվագը։ Պետք է բացատրել, որ դրանք իսկական ասեղներ չեն, այլ սուր շողեր, որ ժամանակավորապես ցավեցնում և կուրացնում են աչքերը, երբ անթարթ նայում ես արևին։ Բավական է շրջել հայացքը – և ցավն անցնում է ու միառժամանակ անց տեսողությունը լրիվ վերականգնվում է։ Եվ առհասարակ – չարժե երկար նայել վառ արևին անզեն աչքով, այլ կարելի է դա անել, օրինակ, արևային ակնոցով։
Այն հատվածում, որտեղ Արևն ու Լուսինը պետք է ջուր բերեն, հարկ կլինի բացատրել երեխային, որ հնում խողովակաշարերով դեպի բնակարանները ջուր չէին բերել, և ամեն ընտանիք ամեն օր գնում էր որևէ աղբյուրից ջուր բերելու՝ խմելու և կենցաղային կարիքների համար։ Ջուրը ևս կյանքի խորհրդանիշ է։ Ավանդական հայերն այսօր էլ եթե անցնում են աղբյուրի մոտով, անպայման մի քիչ ջուր են խմում, եթե անգամ ծարավ չեն – դա հարգանք է աղբյուրի, բնության մեծ բարիքի հանդեպ։ Իսկ կան ավանդազրույցներ, որոնցում մի չար մարդու արարքի պատճառով աղբյուրի ջուրը ցամաքել է, այնպես որ աղբյուրի մոտ մարդիկ իրենց որևէ ավելորդ խոսք կամ արարք թույլ չեն տվել։ Իսկ եթե որևէ մեկը մյուսին ջուր է տվել, ստացողն անպայման օրհնել է, շնորհակալություն է հայտնել։ Սա ևս հայկական ավանդական բարեկրթության գեղեցիկ օրինակ է, որը կարելի է սովորեցնել երեխային։ Թեև հայոց մեջ «ջուրը փոքրինն է», այսինքն ջուր խմելու հերթում զիջում են տարիքով ավելի երիտասարդին, բայց «մի բաժակ ջուր տվողը» միշտ օրհնված է, դա փոխօգնության օրինակ է։ Ահա թե ինչու ջուր բերողին Արևամայրն օրհնում է։
«Հողը խաչված է» արտահայտությունն ակնարկում է հուղարկավորման (թաղման) գերեզմանի կարգը։ Երբ հանգուցյալին ծածկում են հողով, քահանան խաչակնքում է գերեզմանը։ Գետնին աղբ թափելը երեկոյան, ըստ հայերի, մեծ մեղք է Արևի հանդեպ։ Հնում անգամ գիշերով գործ անելը համարվել է անարգանք Արևին, և առասպելներ կան, որոնց մեջ մարդիկ դրա համար քար են դառնում։ Այդ առասպելները, որ պաշտպանում են վաղուց մոռացված օրենքները, մենք այստեղ չենք մեջբերել, սակայն սա նաև շատ լավ առիթ է սովորեցնելու երեխային, որ Արևի մայր մտնելուց հետո և առհասարակ, գետնին աղբ թափելը հային վայել չէ։