Ֆրանկոֆոնիա – նոյեմբեր

Home » Լուրեր Հայաստանից » Ֆրանկոֆոնիա – նոյեմբեր

Գյումրի

Նոյեմբերի 20-ին Երևանի Կինոյի տունը դարձել էր Ֆրանսերենի միջազգային ուսուցիչների օրվա 7-րդ թողարկման հարթակը։ Ստեղծված 2019 թվականին՝ այս միջոցառումը դարձել է Ֆրանկոֆոնիայի անբաժանելի մաս։

Միջոցառումը կազմակերպվել էր Հայաստանի ֆրանսերենի ուսուցիչների ասոցիացիայի կողմից՝ Ֆրանսիայի դեսպանության և Ֆրանսախոսության միջազգային կազմակերպության աջակցությամբ, համագործակցելով մշակութային հաստատությունների հետ, այդ թվում՝ Ալիանս Ֆրանսեզի և «ԿԱԶԱ» հիմնադրամի հետ։

Այս տարի միջոցառումը կայացավ «Երգել, խաղալ, ուսուցանել. Ֆրանսախոսությունը երաժշտության մեջ» խորագրի ներքո՝ շեշտելով ֆրանսերենի ուսուցման ստեղծագործական, արվեստային ուղղվածությունը։ Միջոցառմանն իրենց արցախյան հեքիաթների շուրջ ֆրանսերեն ներկայացմամբ հանդես եկան Գյումրիի թիվ 10 դպրոցի՝ «ԿԱԶԱ»-ի կողմից հիմնադրված «Մարտին Փաշայան» ֆրանսախոս թատերախմբի աշակերտները։

Միջոցառումը ավարտվեց Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտնյիի ելույթով, ով անդրադառնալով հայասեր գրող Շարլ Պեգիին, ընդգծեց ուսուցիչների հիմնարար դերը՝ որպես «Ֆրանկոֆոնիայի պաշտպաններ»։

Նոյեմբերի վերջին կայացավ երկրորդ մշակութային սրճարանը՝ «Վերլենից Վերլան. նոր պոեզիա» թեմայով, որն անդրադարձավ ֆրանսերեն լեզվին, նրա պատմությանը և այն հարցին, թե ինչպես են նրա ժամանակակից տարբերակները արտացոլում հասարակության փոփոխությունները։

«ԿԱԶԱ»-ի հինգ կամավորները՝ Մոդը, Կլերը, Ռիմսկին, Էլիը և Մարիան, ներկայացրեցին ֆրանսերենի ծագումը, նրա առանձնահատկությունները և լեզվի կառուցվածքը։ Նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել Վերլանի և տարբեր շրջանների ժարգոնային հասկացություններին, հարստացնել նրանց բառապաշարը՝ այն արտահայտություններով, որոնք հնարավոր է հանդիպել Ֆրանսիայում։ Ներկայացումից հետո անցկացվեց բանավեճ՝ լեզվի ընկալման շուրջ՝ իրական օրինակների միջոցով։

Ֆրանսերենի ուսուցիչների միջազգային օրվա առթիվ 2025 թ. նոյեմբերի 28–29-ին, Սոֆիայում կայացավ Ֆրանսախոս միջազգային թատրոնի 3-րդ փառատոնը ուսուցիչների համար։ Միջոցառումը կազմակերպվել է Բուլղարիայի ֆրանսերենի ուսուցիչների ասոցիացիայի և CREFECO (OIF) կողմից, համագործակցությամբ «10/10 – ֆրանսախոս տեսարաններ խաղալու և կարդալու համար» ծրագրի հետ, Ֆրանսերենի միջազգային ուսուցիչների ֆեդերացիայի աջակցությամբ, և կրկին նշանավորեց Ֆրանսախոսության ուսուցողական և ստեղծագործական կարողությունները։

«Բոլորը՝ մեր մոլորակի համար» թեմայի ներքո, այս հանդիպումը հավաքել էր 6 երկրից՝ Ալբանիա, Հայաստան, Բուլղարիա, Մոլդովա, Ռումինիա և Սերբիա, 28 ուսուցիչների։ Ծրագրում ընդգրկված էին բազմազան մշակութային և մասնագիտական միջոցառումներ՝ հանդիպումներ ընտրված թատերագիրների հետ, ուսուցողական աշխատարաններ, երաժշտական ներկայացում և բազմաթիվ թատերական ներկայացումներ։

Երևան

Ամիսը հատկապես հագեցած էր համագործակցային միջոցառումներով, դպրոցներում և համալսարաններում կայացած մասնագիտական հանդիպումներով։

ԵՊՀ-ի ֆրանսախոս ուսանողները հանդիպում ունեցան Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Քսավիե Ռիշարի հետ։ Զրույցը ծավալվեց միջազգային հարաբերությունների և այդ ոլորտում ներկայիս մասնագիտական մարտահրավերների շուրջ։

Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոց աշակերտների համար կազմակերպել էինք մասնագիտական հանդիպումներ երեք ոլորտների շուրջ, որոնցից յուրաքանչյուը ներկայացնում էին հրավիրված հյուրերը․ իրավագիտության ոլորտը՝ «Ֆիդելիս» կազմակերպության ներկայացուցիչները, միջազգային հարաբերությունները՝  Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կամավոր Ֆլավիեն, թարգմանչական ոլորտը՝ մեր հիմնադրամի աշխատակից Լուսինեն։ Հյուրերը ներկայացրեցին իրենց մասնագիտական ուղին, մարտահրավերները, ֆրանկոֆոնիայի դերը իրենց աշխատանքում և աշխատաշուկայում իրենց մասնագիտության պահանջարկը։

Երևանի գրասենյակում մեկնարկել են աշխատարաններ Երևանի և Արտաշատի մի շարք դպրոցների աշակերտների համար։ Դասընթացները վարում է մեր ֆրանսիացի կամավոր Բենը՝ ինտերակտիվ և խաղային մեթոդներով։ Ծրագիրն ընդգրկում է ֆիլմերի դիտում և քննարկում, ընթերցանություն, ինչպես նաև լեզվական խաղեր։

Հայաստանում ֆրանսիական համալսարանի հետ համագործակցությամբ տեղի ունեցան երկու կոնֆերանս, որտեղ իրենց վերլուծություններով հանդես եկան Անդրե Ներսիեն և Արնո Ժակյեն՝ ներկայացնելով արդյունաբերական նորարարության և համապատասխանության հիմնարար միտումները, ինչպես նաև Մարի Վառնիեն և Պոլ Պեռնեզը՝ անդրադառնալով շքեղության սեկտորում ընթացող փոփոխություններին ու դրանց զարգացման ուղղություններին։ Երկու կոնֆերանս, երկու լայն թեմատիկ դաշտ՝ մի կողմից նորարարություն և համապատասխանություն, մյուս կողմից՝ շքեղության սեկտորի անցումային գործընթացներ։ Սակայն երկուսի ընդհանուր խնդիրն էր նույնը՝ հասկանալ մի տնտեսություն, որը գտնվում է խորքային փոփոխությունների փուլում։ Հանդիպումների նպատակն էր ֆրանկոֆոն ուսանողների հետ մասնագիտական քննարկում նախաձեռնել և ընդգծել ֆրանսերեն լեզվի կարևորությունը նրանց ապագա մասնագիտության և աշխատաշուկայում մրցունակության տեսանկյունից։

Նոյեմբերի 25-ին մասնագիտական հանդիպում կազմակերպեցինք նաև Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն հիմնադրամում՝ Նանսի քաղաքի սփյուռքի միության նախագահ Անդրե Ներսիեի մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում ուսանողները հնարավորություն ունեցան բացահայտելու ֆրանսերեն լեզվի նշանակությունը իրենց ապագա մասնագիտական զարգացման մեջ։ Ընդգծվեցին նաև զուգահեռներ նրանց մասնագիտությունների և Ֆրանսիայում նույն ոլորտներում իրականացվող գործունեության միջև։

Մեր Ֆրանկոֆոնիայի ծրագրի թիմը մասնակցեց նաև Հայաստանում ֆրանսիական համալսարանի կազմակերպած աշխատանքի շքերթին, որի ընթացքում ուսանողներին ներկայացվեց մեր ֆրանկոֆոն միջոցառումների ամսական ծրագիրը, ինչպես նաև կամավորության և պրակտիկայի հնարավորությունները։

Ամիսն ավարտեցինք Մշակութային սրճարանով՝ «Արվեստը՝ ինքնության հայելի. ճշմարտության և բեմականացման միջև» խորագրով։ Սարյանի բնանկարներից մինչև Սեզան, Ռեմբրանդտի ինքնանկարից մինչև ժամանակակից սելֆիներ, Ֆրիդա Կալոյից մինչև Փանոս Թերլեմեզյան… Քննարկումը հնարավորություն տվեց խորանալ ազգային, անհատական և կոլեկտիվ ինքնության բազմազան դրսևորումների մեջ։

Արվեստն իր բոլոր ձևերով անընդհատ մեզ վերադարձնում է նույն հարցին․ ո՞վ ենք մենք ։

Ուրախ ու ներգրավված մասնակիցների հետ միասին փորձեցինք հասկանալ՝ արդյոք արվեստն ինքնարտահայտման, ինքնակերտման միջոց է, թե ավելի շատ՝ ինքն իրեն բեմադրելու։ Եվ ինչպես է այն՝ իր գույներով, բնապատկերներով ու դիմանկարներով, արտացոլում ժամանակի, ժողովրդի կամ մշակույթի ոգին։

Ինքնության վերաբերյալ աշխատարանով գեղեցիկ կերպով եզրափակեցինք ջերմ քննարկումը։