Շուշան դիցուհին և օձերի թագավորը. մեթոդական ուղեցույց

Home » Առասպելներ » Շուշան դիցուհին և օձերի թագավորը. մեթոդական ուղեցույց

Սիրելի մեծահասակներ, ու հատկապես սիրելի մանկավարժներ, գրքի այս հատվածը ձեզ համար է։ Մեր գրքի հիմնական նպատակն է ծանոթացնել հայ երեխաներին իրենց արմատների, հայ ժողովրդի հնուց եկած արժեքների, պատկերացումների ու սովորույթների հետ, միով բանիվ՝ հայոց դարավոր ավանդույթի, ավանդական աշխարհայացքի հետ, սովորեցնել նրանց սիրել և արժևորել սեփական մշակույթը, դառնալ ու լինել դրա կրողը, հպարտ լինել սեփական ազգային պատկանելիության համար։ Նման փորձառությունը նոր է և դժվարին, և այս հուշումներինպատակն է օգնել ձեզ անել դա հնարավորինս արդյունավետ կերպով։

Այս հուշումները առավելապես այն մանկավարժների համար են, ովքեր կցանկանան կիրառել առասպելը կրթական միջավայրերում և գործընթացներում՝ լինի դա մանկապարտեզի խումբ, դասարան թե արտադասարանային խմբակ։ Բերված հարցերն ու առաջադրանքները օրինակներն են, թե ինչպես կարելի է մատուցել առասպելի նյութը երեխային հասկանալի ձևով, ինչպես սևեռել նրա ուշադրությունը կարևոր տեղեկության վրա և նպաստել մտածողության և երևակայության զարգացմանը, հընթացս նաև հետաքրքրելով, շահագրգռելով հայ երեխային ճանաչել ու պահպանել սեփական ժառանգությունը։ Բերվածը առաջարկներ են, իսկ դուք կարող եք արդեն ինքներդ որոշել գրքում զետեղված առասպելների մասին ինչ լրացուցիչ տեղեկություններ տալ ձեր երեխաներին՝ ելնելով իրենց հարցերից, հետաքրքրությունից, ավելին իմանալու ցանկությունից:

Այս բաժինը պարբերաբար համալրվելու է, և մենք միայն շնորհակալ կլինենք, եթե կիսվեք մեզ հետ ձեր փորձով և փորձարկումներով, այն եղանակներով, որ ստեղծել եք ինքնուրույն՝ օգտագործելով գրքի նյութը։ Հետադարձ կապը կարող եք պահել գրելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ kasaam@kasa.am։

Հիմնական թեմաներ և արժեքներ

  • Հայ ավանդական ժառանգության պահպանման նշանակությունը։
  • Բնության հավերժականություն։
  • Մասիս և Օձասար, Նախիջևանի-Գողթան հայոց աշխարհի մասին գիտելիքը։
  • Արդարություն, խիզախություն և սրբության մասին պատկերացում։
  • Հերոսություն, նվիրվածություն և հայրենի հողի պաշտպանություն։
  • Պատկերացում մեծ դարաշրջանների և բնական աղետների մասին։ 

 Քննարկման հարցերի օրինակներ՝

  • Ո՞վ էր Շուշան դիցուհին, և ինչու՞ էր օձերի թագավորը նրա դեմ պատերազմի ելնում։
  • Ինչպիսի՞ն է շուշան ծաղիկը, ե՞րբ է ծաղկում, ի՞նչ գույն ունի։
  • Ինչպե՞ս է այս պատմությունը պատկերում բարու և չարի պայքարը։
  • Ի՞նչ եք մտածում Օձասարի նորից կանաչելու համար դրված պայմանների մասին, հնարավո՞ր են դրանք արդյոք:
  • Ո՞վ է այն երիտասարդը, որ պիտի Արաքսի միջից ելնի, երբ ժամանակը գա։
  • Կարո՞ղ եք ասել, թե ինչու էին հերոսաբար կռվում երկու կողմերի օձերը։ Ի՞նչ օրինակ է դա ձեզ համար։
  • Կարո՞ղ եք պատկերացնել, ինչպիսի տարերային աղետ է եղել Օձասարի հետ, որ դրա վրայից վերացել է բուսական ու կենդանական աշխարհը։
  • Ի՞նչ գիտեք Նախիջևանի ու Գողթան մասին։ Որտե՞ղ ա այդ գավառը, ե՞րբ են այդտեղ հայեր ապրել։ 

Գործնական առաջադրանքներ

  • Նկարել Շուշան դիցուհուն Օձասարի վերևում իր վրանով, նաև Օձերի թագավորին իր զորքով։
  • Միասին քննարկել չարի դեմ պայքարի լավագույն ձևերը:
  • Ստեղծել «բարության վերածնունդ» պաստառ՝ աշակերտները պատկերացնում են, թե ինչպես կկանաչի Վիշապասարը, և նկարում կամ գրում են այդ պահը։
  • Քննարկել «երկկողմանի սիրտ» գաղափարը՝ կա՞ն արդյոք մարդիկ իրականում, որոնց մեջ բարի և չար կողմերը կարող են կռվել։
  • Հորինել մի պատմություն, ուր բարին հաղթում է չարին:
  • Քարտեզի վրա գտնել Արաքսը, Մասիսը, Օձասարը, Հայկական լեռնաշխարհի այլ մեծ գետեր ու լեռներ և նկարել դրանք՝ նշելով դրանց մասին մի քանի փաստ:
  • Շարադրություն՝ Գողթան գավառի ու Գողթան երգիչների մասին։
  • Ստեղծել կախարդական թալիսմաններ՝ ոգեշնչվելով Շուշանի ուժերից։

Նկարել Շուշան դիցուհու զգեստն այնպես, որ այն հնարավոր լինի կարել և հագնել հանդեսի համար։