Սիրելի մեծահասակներ, ու հատկապես սիրելի մանկավարժներ, գրքի այս հատվածը ձեզ համար է։ Մեր գրքի հիմնական նպատակն է ծանոթացնել հայ երեխաներին իրենց արմատների, հայ ժողովրդի հնուց եկած արժեքների, պատկերացումների ու սովորույթների հետ, միով բանիվ՝ հայոց դարավոր ավանդույթի, ավանդական աշխարհայացքի հետ, սովորեցնել նրանց սիրել և արժևորել սեփական մշակույթը, դառնալ ու լինել դրա կրողը, հպարտ լինել սեփական ազգային պատկանելիության համար։ Նման փորձառությունը նոր է և դժվարին, և այս հուշումներինպատակն է օգնել ձեզ անել դա հնարավորինս արդյունավետ կերպով։
Այս հուշումները առավելապես այն մանկավարժների համար են, ովքեր կցանկանան կիրառել առասպելը կրթական միջավայրերում և գործընթացներում՝ լինի դա մանկապարտեզի խումբ, դասարան թե արտադասարանային խմբակ։ Բերված հարցերն ու առաջադրանքները օրինակներն են, թե ինչպես կարելի է մատուցել առասպելի նյութը երեխային հասկանալի ձևով, ինչպես սևեռել նրա ուշադրությունը կարևոր տեղեկության վրա և նպաստել մտածողության և երևակայության զարգացմանը, հընթացս նաև հետաքրքրելով, շահագրգռելով հայ երեխային ճանաչել ու պահպանել սեփական ժառանգությունը։ Բերվածը առաջարկներ են, իսկ դուք կարող եք արդեն ինքներդ որոշել գրքում զետեղված առասպելների մասին ինչ լրացուցիչ տեղեկություններ տալ ձեր երեխաներին՝ ելնելով իրենց հարցերից, հետաքրքրությունից, ավելին իմանալու ցանկությունից:
Այս բաժինը պարբերաբար համալրվելու է, և մենք միայն շնորհակալ կլինենք, եթե կիսվեք մեզ հետ ձեր փորձով և փորձարկումներով, այն եղանակներով, որ ստեղծել եք ինքնուրույն՝ օգտագործելով գրքի նյութը։ Հետադարձ կապը կարող եք պահել գրելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ kasaam@kasa.am։
Հիմնական թեմաներ և արժեքներ
- Ավանդական ժառանգության պահպանումը և փոխանցումը։
- Սերը՝ որպես ինքնազոհության և համարձակության, հերոսության աղբյուր։
- «Երկու աշխարհների» միջև բաժանվածության խնդիրը․ ըստ ազգության, կրոնի, դասակարգերի մարդկանց բաժանումն ու ամուսնական միության անհնարինությունը։
- Հավատարմության և զգացմունքների խորության մասին մարդկանց պատկերացումները։
- Բարոյական և ճակատագրական որոշումների ազդեցությունը հետագա կյանքի վրա։
Քննարկման հարցերի օրինակներ՝
- Ինչի՞ մասին է այս պատմությունը: Ի՞նչ կարելի է դրանից սովորել:
- Ինչու՞ Շիրինը չսիրեց Ազնավուրին, նույնիսկ նրա ջանքերից հետո։
- Կարո՞ղ էր պատմությունը վերջանալ այլ կերպ։ Ինչու՞ այո / ոչ։
- Ի՞նչ կզգայիք դուք, եթե լինեիք Շիրինի կամ Ազնավուրի փոխարեն։
- Ի՞նչն է ձեզ համար սեր, ու՞մ եք սիրում ամենաշատը, ինչու, ինչպես: Ինչո՞ւ է կարևոր մեկին սիրել։ Ինչի՞ եք ընդունակ հանուն ձեր սիրելիի։
Գործնական առաջադրանքներ
- Նկարել Շիրինին և Ազնավուրին:
- Գրել սիրային նամակ կամ բանաստեղծություն՝ Ազնավուրի անունից։
- Ու՞մ եք համակրում այս պատմության մեջ, ու՞մ եք դատապարտում և ինչու՞։
- Քննարկել, թե Շիրինը ինչպես կարող էր համոզել հսկային իրեն բաց թողնել:
- Բեմականացնել պատմության մի դրվագ, այն փոփոխելով ըստ ցանկության, որ այն բոլորի համար բարի ավարտ ունենար:
- Միասին պատրաստել հարիսա։
- Հորինել պատմություն հսկաների կյանքից։
- Սովորել կամ առնվազն լսել Սայաթ-Նովայի, աշուղ Շիրինի և այլ աշուղների երգերը, որտեղ հիշատակվում է այգին, պարտեզը (օրինակ, Շիրինի «Այգեպանը», Սայաթ-Նովայի «Քանի ուր ջանիմ»)
- Գրել նամակ Ազնավուրին՝ սփոփելով նրան կամ փորձելով բացատրել Շիրինի արարքը։
Հանձնարարել աշակերտներին գտնել աշխարհի տարբեր անկյուններում գտնվող ամենահետաքրքիր այգիները և պատմել դրանց մասին: