Սիրելի մեծահասակներ, ու հատկապես սիրելի մանկավարժներ, գրքի այս հատվածը ձեզ համար է։ Մեր գրքի հիմնական նպատակն է ծանոթացնել հայ երեխաներին իրենց արմատների, հայ ժողովրդի հնուց եկած արժեքների, պատկերացումների ու սովորույթների հետ, միով բանիվ՝ հայոց դարավոր ավանդույթի, ավանդական աշխարհայացքի հետ, սովորեցնել նրանց սիրել և արժևորել սեփական մշակույթը, դառնալ ու լինել դրա կրողը, հպարտ լինել սեփական ազգային պատկանելիության համար։ Նման փորձառությունը նոր է և դժվարին, և այս հուշումներինպատակն է օգնել ձեզ անել դա հնարավորինս արդյունավետ կերպով։
Այս հուշումները առավելապես այն մանկավարժների համար են, ովքեր կցանկանան կիրառել առասպելը կրթական միջավայրերում և գործընթացներում՝ լինի դա մանկապարտեզի խումբ, դասարան թե արտադասարանային խմբակ։ Բերված հարցերն ու առաջադրանքները օրինակներն են, թե ինչպես կարելի է մատուցել առասպելի նյութը երեխային հասկանալի ձևով, ինչպես սևեռել նրա ուշադրությունը կարևոր տեղեկության վրա և նպաստել մտածողության և երևակայության զարգացմանը, հընթացս նաև հետաքրքրելով, շահագրգռելով հայ երեխային ճանաչել ու պահպանել սեփական ժառանգությունը։ Բերվածը առաջարկներ են, իսկ դուք կարող եք արդեն ինքներդ որոշել գրքում զետեղված առասպելների մասին ինչ լրացուցիչ տեղեկություններ տալ ձեր երեխաներին՝ ելնելով իրենց հարցերից, հետաքրքրությունից, ավելին իմանալու ցանկությունից:
Այս բաժինը պարբերաբար համալրվելու է, և մենք միայն շնորհակալ կլինենք, եթե կիսվեք մեզ հետ ձեր փորձով և փորձարկումներով, այն եղանակներով, որ ստեղծել եք ինքնուրույն՝ օգտագործելով գրքի նյութը։ Հետադարձ կապը կարող եք պահել գրելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ kasaam@kasa.am։
Հիմնական թեմաներ և արժեքներ
- Հարգանք մեր ժողովրդի ավանդական տնտեսական զբաղմունքների, մասնավորապես՝ մեղվաբուծության հանդեպ։
- Մարդ-բնություն փոխհարաբերություն, բնության պարգևներն օգտագործելու միջոցների ծագման պատմություն։
- Հոգատար վերաբերմունքի և շնորհակալ լինելու ուժը։
Քննարկման հարցերի օրինակներ՝
- Մեղրը քաղցր է, իսկ հե՞շտ արդյոք այն ստանալը։
- Իմչո՞վ է վտանգավոր մեղվի կծելը։ Ինչպե՞ս պիտի իրեն պահի մարդը, որ խուսափի մեղվի խայթոցից։
- Ի՞նչ եք կարծում, մեղուները խնամքի ու պաշտպանության կարիք ունե՞ն։
- Ինչու՞ են մարդիկ օրհնում մեղուներին։
- Իմաստու՞ն էր արդյոք Սողոմոնի վճիռը։
- Ի՞նչ եք կարծում, ինչու՞ են մեղուները մեղր պատրաստում Տիրի համար։
Գործնական առաջադրանքներ
- Նկարել մեղվի և մեղրի ծննդի պատմությունը որպես նկարազարդ հեքիաթ։
- Նկարել մեղուներից պախչող ու ջրի մեջ մտնող արջերին։
- Ստեղծել շնորհակալության բացիկներ այն մարդկանց համար, ովքեր մեծ դժվարությամբ մեղր են ստանում ձեզ համար։
- Գտնել մեղրի օգտագործմամբ տարբեր ուտեստների բաղադրատոմսեր:
- Եթե ճանաչում եք այնպիսի մարդկանց, ովքեր մեղուներ ունեն, խնդրել նրանց պատմել մեղր արտադրելու հետ կապված գործերի մասին։ Հարցնել նաև մեղուների բնավորության և նրանց հանդեպ զգացմունքների մասին։
- Ստեղծել մեղրի «ճանապարհորդական քարտեզ»՝ ծաղկից մեղուների և մեղվաբույծի միջոցով մինչև մեր սեղանին դրվելը։
- Քննարկել, թե ինչպես պետք է պաշտպանենք բնության փոքր բայց կարևոր արարածներին։
- Պատրաստել մեղրի փաթեթավորման դիզայն, որ կներկայացնի այս պատմությունը։
- Մենք ասում ենք՝ «մեղվաջան», այսինքն, մեղվի պես աշխատասեր։ Փորձել համեմատել մեղուների և մարդկանց կյանքի և աշխատանքի կազմակերպվածության միջև։
Կոնստրուկտոր-լեգոյից, ստվարաթղթից, կապրոնի շշերից, բամբակից և այլ առարկաներից սարքել Տիրի հին տաճարը, կարասները և մեղուներին: