Արցախցի Լիաննան «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի «Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագրի» տասներկու շահառու ընտանիքներից մեկն է։ Հիմնադրամը ծրագիրը նախաձեռնեց տեղահանվածներին առաջնային օգնության տրամադրմանը գրեթե զուգընթաց։
Ծրագրով նախատեսվում էր հոգեբանական աջակցություն տրամադրել արցախցի երեխաներին և նրանց ծնողներին՝ պատերազմի ու տեղահանության արդյունքում ապրած սթրեսները, վախերը, տագնապները հաղթահարելու, հույզերն առավել կառավարելի դարձնելու և ինտեգրելու նոր միջավայրին։ Աշխատանքի արդյունքում ակնկալվում էր բարձրացնել անձի դիմակայելու կարողությունը դժվարին իրավիճակների նկատմամբ։ Աշխատանքները տևել են երկու ամիս։
Լ․ Չիչյանն առաջիններից էր, որ պատրաստակամություն է հայտնել ընտանիքով ներգրավվել ծրագրում, որի հիմնական շահառուները երեխաներն ու մայրերն էին, հազվադեպ՝ հայրեր։ «Չափազանց ծանր հոգեվիճակում էինք, երեխաներս ահավոր վախեցած, իսկ մենք ամուսիններով՝ նաև անորոշությունից հուսալքված։ Մեր ապրածը բառերով հնարավոր չէ նկարագրել»,- ոչ վաղ անցյալի ծանր, հոգեմաշ օրերն է վերհիշում Լիաննան։ Երիտասարդ կինը պատմում է, որ անհուսության այդ օրերին հոգեբանական աջակցության առաջարկը կարծես թթվածնի պես մի բան լիներ, հուսալքվածությունից դեպի կյանք քայլ կատարելու համար։
Հոգեբանի հետ ամեն հանդիպումից հետո աստիճանաբար հոգեկան թեթևություն են զգացել, սկսել են վերագտնել իրենց։ «Երբ խոսում էին ինձ հետ՝ ասես ներսիցս գային։ Հանդիպման վերջում մի բան մեջիցս դուրս էր գալիս և ես տուն էի գնում հետզհետե ավելի թեթևացած, հանգստացած»,- պատմում է Լիաննան։
«ԿԱԶԱ» հիմնադրամը հոգեբանական աջակցության աշխատանքները միաժամանակ սկսեց մի քանի մարզերում՝ Վայոց ձոր, Շիրակ, Արարատ, Կոտայք։ Հիմնադրամը աշխատանքները կենտրոնացրեց այն համայնքերում, որտեղ մեր հայրենակիցները ժամանակավոր կամ հիմնական ապաստան էին գտել։ Դեռահասների հետ աշխատանքը տարվում էր երեք տարիքային խմբերում՝ կրտսեր, միջին և ավագ։ Երեխաների մոտ արտահայտված տագնապներն ու վախերն էլ տարբեր են եղել կախված Արցախում կատարվածի հետ ունեցած ուղղակի կամ անուղղակի առնչությունից։
Նրանք, ովքեր անմիջականորեն ականատես չեն եղել դաժանությունների, ընտանիքում զոհ կամ գերեվարված չեն ունեցել, հարազատների պաշտպանության ներքո են գտնվել, համեմատաբար բարվոք հոգեվիճակում են։ Կոնֆլիկտին անմիջական առնչությունների դեպքում հուզական աշխարհը խիստ անկայուն էր՝ ինքամփոփվածությունից մինչև ագրեսիայի դրսևորում։ «Երեխաներ կային, որ կրկնակի, նույնիսկ եռակի փորձություն էին անցել տեղահանության ու պատերազմի միջով, հետևաբար, վախերն էլ ավելի խորացած էին»,- ծրագրի մեկնարկի պահին իրավիճակն այսպես է մեկնաբանում «Արցախից բռնի տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական աջակցություն» ծրագրի հոգեբան Լուսինե Աղաբեկյանը։
Հիմնադրամը Գյումրիում ծրագիրն իրականացրեց «Արևամանուկ» սոցիալ-հոգեբանական աջակցություն ՀԿ-ի հետ համատեղ։ «Դժվար էր ամեն ինչ կորցրած, պատերազմի սարսափների միջով անցած մարդկանց համոզելը, որ շոկային, ծանր իրավիճակից դուրս գալու անհրաժեշտություն և ելք կա։ «ԿԱԶԱ»-ն այն հենարանն ու աջակցող ձեռքն է, որի հետ հնարավոր է անցնել այդ ճանապարհն ու հաղթահարել»,- ասում է «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրիի աշխատակից Ռուզաննա Բալոյանը։
Լ․ Չիչյանի ընտանիքը վերջին անգամ Արցախից տեղահանվեց 2023թ․ սեպտեմբերի 19-ի պատերազմից հետո։ Այժմ հինգ հոգանոց ընտանիքը՝ ինքը, ամուսինը և երեք որդիները, հանգրվանել են Գյումրիում։ Վերջին տեղահանությունը թվով չորրորդն էր Լիաննայի կյանքում, որից երկուսի միջով նա անցել է մանկահասակ երեխաների ու ամուսնու հետ։
Լիաննան ծնվել է Շահումյանի շրջանի Ակնաբերդ գյուղում։ Առաջին տեղահանության ժամանակ՝ 1992թ․–ին, չորս տարեկան է եղել, բայց հիշում է այսօրվա պես։ Հայրը ընտանիքին այն ժամանակ տեղափոխել է Հայաստան։ Արցախում պատերազմի հաղթական ավարտից հետո կրկին վերադարձել են Արցախ, շենացրել իրենց տունը, սակայն որոշ ժամանակ անց հարկադրված են եղել լքել ծննդավայրը։
Ամուսնացել է 2015թ․ Շուշիում վերահաստատված շահումյանցի հայրենակցի հետ։ Ութ տարի ապրել են Շուշիում, երեք զավակները՝ Ալեքսը, Անդրեյը և Հայկը այնտեղ են ծնվել։ Տուն էին կառուցել, ճիշտ է դեռ չէին ավարտել, բայց ուրախ էին, որ շուտով իրենց տունն են ունենալու։ Սակայն 2020թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը ընտանիքին կրկին հարկադրեց արտագաղթել բնօրրանից, իսկ ամուսինը մեկնեց ռազմաճակատ։
2020թ․ նոյեմբերի 9-ի հրադադարի պայմանագրից որոշ ժամանակ անց կինը երեխաների հետ վերադառնում է Արցախ՝ ամուսնու մոտ, այս անգամ հաստատվում են Ստեփանակերտում։ Ամեն ինչ նորից են սկսում, համոզմունքով, որ իրենց զավակներին մեծացնելու են Արցախում։ Կարճ ժամանակ անց սկսվում են շրջափակաման դաժան օրերը։ «Շատ դառն օրեր ենք ապրել, օրերով հացի հերթ էինք կանգնում, հաճախ հաց չէր հասնում։ Էլի իրար օգնելով փորձում էինք դիմանալ, բայց պարզվեց, որ դա էլ դեռ վերջը չէր»,- հուզմունքը մի կերպ զսպելով շարունակում է նա։
2023թ․ սեպտեմբերի 19-ին թշնամու հանկարծակի, լայնամասշտաբ գրոհին այլևս չկարողանալով դիմակայել կրկին բռնի տեղահանության ենթարկվեցին։
Գյումրիում բազմանդամ ընտանիքը տեղավորվել է առաստաղի բետոնը տեղ-տեղ կոտրված, խոնավ, երկսենյականոց մի տանը։ Ամուսինը՝ Սարգիսը, տասնութ տարի զինծառայող է եղել, այժմ ջանում է օրավարձով հոգալ ընտանիքի ապրուստը։ Պետության աջակցության նպաստից չեն օգտվում փաստաղթերի անհամապատասխանության պատճառով։ Չորսամյա Հայկին հասանելիք ամսական 10 000 դրամ աջակցությունն էլ կանոնավոր չեն ստանում։ Հարկադրված ոսկեղենը գրավ է դրել, որ մի քանի ամսվա վարձը վճարի, այլապես այդ կիսատ ծածկից էլ կզրկվեն։
Հիմնադրամի աշխատակիցների ջերմությունն ու ուշադրությունը Լիաննան մշտապես է զգում նաև որդու՝ 12–ամյա Ալեքսի նկատմամբ։ Նա հաճախում է «ԿԱԶԱ»-ի «Փոփոխությունների ապագա դերակատարները» ծրագրի և թատերական խմբակներ, որտեղ երեխաների մոտ զարգացնում են ստեղծագործական միտքը, երևակայությունը, հաղորդակցության հմտություններ, գիտելիքներ ստանում հայրենաճանաչության, այգեգործության, անձի կարողունակությունների զարգացման վերաբերյալ։
Ալեքսը ևս սկզբնական շրջանում եղել է ներամփոփ, հաղորդակցման խնդիր է ունեցել։ Սակայն կենտրոնի մենթորների ու հոգեբանական աշխատանքի արդյունքում աստիճանաբար վերագտել է իրեն։ Նա պատմում է, որ մինչև «ԿԱԶԱ»-ի կենտրոն հաճախելը չգիտեր, թե թատրոնն ինչ է։ Երբ առաջին անգամ տեքստը ձեռքն է առել ու սկսել է կարդալ, չէր պատկերացնում իր անելիքը։ Սակայն թատրոնի խմբավարը ոգևորել է Ալեքսին, ասել է՝ միասին առաջ կգնանք։
Հիմա Ալեքսն ինքն է կատարում իր դերի ընտրությունը, նայում է, որ իրեն հոգեհարազատ լինի, բնավորությունները մոտ լինեն։ «Բրեմենյան երաժիշտները» ներկայացման մեջ թագավորի դերն է խաղում։ Հարցին, թե կերպարի ու իր խառնվածքի մեջ ինչ ընդհանրություն է տեսնում, պատասխանում է՝ հոգատարությունը իր աղջկա նկատմամբ, չնայած որ թագավորը ժլատ էր, վախկոտ ու մեծամիտ։ Ինքն էլ իր տեսակով չի կարող անտարբեր լինել իր հարազատի կամ ընկերոջ նկատմամբ։ Սա հաստատում է նաև «Փոփոխությունների ապագա դերակատարները» ծրագրի ղեկավարը՝ Ռուզաննան։
Ալեքսն ասում է, որ Շուշիում նման հնարավորություն չի ունեցել, սպորտով է զբաղվել այնտեղ՝ թեքվանդո, բասկետբոլ։ Մոր համառ ու պայքարող բնավորությունն է տղային բերել թատրոն․ «Ամեն անգամ, երբ մի նոր բան սովորելու հնարավորություն է լինում, մաման գրեթե պարտադրելու պես համոզում է՝ սովորի՛ր։ Ու էդ համոզելն այլ տարբերակ չունի, պիտի սովորեմ»,- մոր համառությանն իր համերաշխությունն է հայտնում Ալեքսը։
Իրենց կրած ողջ տառապանքների հետ միաժամանակ, ընտանիքը հոգեկան հավասարակշռությունն ու լավատեսությունը վերագտնելու նոր խթան ունի։ Գյումրիում հաստատվելուց կարճ ժամանակ անց երիտասարդ կինը զգացել է, որ կրկին մայրանալու է։ Դա նրան նոր լիցքեր է տվել, այսինքն, կյանքը նորովի է սկսվում այստեղ՝ Հայաստանում։
Արցախցուն բնորոշ դիմակայելու վարքագիծը կրկին խոսում է Լիաննայի մեջ։ Սոցիալական բազում խնդիրների առջև ընկրկելու ու հանձնվելու մասին չի մտածում։ Արցախում վարսահարդար է եղել, այստեղ երկամսյա դասընթացի է մասնակցել, արտոնագիր ստացել։ Որոշել է երեխայի ծնվելուց հետո տան մի փոքր անկյունը հարմարեցնել ու աշխատել։ Իհարկե, շատ կցանկանար, որ այս զավակին էլ օրօր ասեր նույն օրօրոցում, որի մեջ մեծացրել է երեք որդիներին։ Ամենակարևորը նրա համար այն է, որ ամուսինը ողջ է, նեցուկ է իրեն, նաև կողքին ամեն հարցում աջակցելու պատրաստ մարդիկ կան ի դեմս՝ հիմնադրամի։