1998թ. ի վեր «ԿԱԶԱ» հիմնադրամը տարեկան մոտ 20 կրթաթոշակ է տրամադրել օժտված, ակտիվ և նախաձեռնող ուսանողներին: Կրթաթոշակառուները Երևանի և Գյումրու մեր 2 կենտրոններում կամավորության սկզբունքով շաբաթական մի քանի ժամով ներգրավվել և օգնել են մեզ հիմնադրամի տարատեսակ նախաձեռնությունների իրականացման հարցում, ստացել անհատական ուղղորդում և խրախուսում՝ մասնակցելու հիմնադրամի կրթական ծրագրերին ու միջոցառումներին:
Կրթաթոշակների նոր ծրագիրը
Ուրախ ենք տեղեկացնել, որ գալիք 3 տարիներին «ԿԱԶԱ»-ն իրականացնելու է կրթաթոշակային նոր ծրագիր շվեյցարական «Հիրշման» հիմնադրամի աջակցությամբ և անմիջական համագործակցությամբ, որի նպատակն է ապահովել անխափան ուսումնառություն Երևանի և Գյումրու բուհերում ուսանող տարեկան 30 երիտասարդի համար, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց մասնակցելու Հայաստանի համայնքների զարգացմանը՝ կյանքի կոչելով իրենց իսկ նախաձեռնած ծրագրերը։
Այսպիսով, ծրագրի պարտադիր տարրերից է կրթաթոշակառուների կողմից փոքրիկ նախաձեռնությունների իրագործումը, նախընտրելի է՝ ի նպաստ համայնքային զարգացման և իրենց մասնագիտական ոլորտի շրջանակներում: Այս բաղադրիչի պատշաճ իրականացման նպատակով մենք սերտորեն աշխատելու ենք համալսարանների հետ․ վերջիններիս կողմից նշանակված մենթորները և մեր թիմը, ունենալով նախագծերի իրականացման երկարամյա արդյունավետ փորձ, կաջակցեն և կուղղորդեն ուսանողներին իրենց գաղափարները հստակ ծրագրերի վերածելու և կյանքի կոչելու հարցում: Նման փորձառությունը կնպաստի կրթաթոշակառու երիտասարդների սոցիալական ներգրավվածության և համայնքների հետ կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը, միաժամանակ կզարգացնի կարևոր հմտություններ և կօգնի բացահայտել տարբեր հնարավորություններ իրենց մասնագիտական ոլորտներում՝ նպաստելով աշխատաշուկա մուտք գործելուն:
Ընտրության չափանիշները
Կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել երիտասարդներ, որոնք՝
- ուսանում են առկա համակարգում՝ սկսած բակալավրիատի 2-րդ կուրսից և մագիստրատուրայի 1-ին ու 2-րդ կուրսերում, պետական որևէ համալսարանի կիրառական գիտությունների որևէ ֆակուլտետում
- ունեն բարձր առաջադիմություն,
- նախաձեռնող են և գործուն,
- պատրաստակամ են իրականացնել համայնքային զարգացմանը նպաստող նախաձեռնություն։
Կրթաթոշակի չափը
Կրթաթոշակի՝ յուրաքանչյուր ուսանողի համար սահմանված առավելագույն չափն է 700,000 ՀՀԴ-ը։
* Կրթաթոշակ տրամադրելիս հաշվի են առնվելու նաև տվյալ համալսարանի կողմից հաշվարկված ուսման վարձի չափերը և ֆինանսավորման հնարավոր լրացուցիչ աղբյուրները: Հետևաբար, հատկացվող գումարի չափը կարող է փոփոխվել համալսարանի կամ այլ հաստատությունների կողմից ուսանողին տրամադրվող աջակցության դեպքում և կախված վերջինիս չափից:
Մեր ակնկալիքները կրթաթոշակառուներից
- Բարձր առաջադիմություն ցուցաբերել ուսման մեջ,
- խորին պատասխանատվությամբ իրականացնել նախաձեռնած ծրագիրը,
- կրթաթոշակ ստանալուց ոչ ուշ, քան 6 ամիս անց ներկայացնել հակիրճ նյութ տվյալ մասնագիտական ոլորտի և դրանում սեփական նպատակների, կարիերայի ցանկալի նվաճումների վերաբերյալ՝ նախատեսված «Հիրշման» հիմնադրամի կայքում հրապարակման համար,
- նպաստել սեփական մասնագիտական ոլորտի զարգացմանը Հայաստանում,
- համագործակցության ավարտից հետո պահել կապը «ԿԱԶԱ» հիմնադրամի հետ։
Կրթաթոշակառուների ընտրությունը
Ընտրության գործընթացը բաղկացած է 4 փուլից՝
- սահմանված չափանիշներին համապատասխանության ստուգում «ԿԱԶԱ» հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի պատասխանատուի կողմից (ուսանողները ստանում են ծանուցում էլեկտրոնային նամակի տեսքով՝ անկախ արդյունքից),
- ստուգման արդյունքում առանձնացված բոլոր հայտադիմումների ուսումնասիրում և գնահատում ընտրական հանձնաժողովի կողմից,
- գնահատման արդյունքում՝ ընտրական հանձնաժողովի հարցազրույց սահմանված անցումային շեմը հաղթահարած դիմորդների հետ (այս փուլում ևս հարցազրույցների բոլոր մասնակիցները սահմանված ժամկետում կծանուցվեն դրանց արդյունքների մասին),
- վերջնական ընտրություն նախնական գնահատման և հարցազրույցների հիման վրա և ընտրված կրթաթոշակառուների հաստատում «Հիրշման» հիմնադրամի կողմից։
Հայտադիմումներն ուսումնասիրելիս այս տարեշրջանում առավելություն կտրվի ծրագրի համագործակից հետևյալ համալսարանների ուսանողներին (ցանկը ենթակա է հետագա ընդլայնման)՝
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան,
- Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան,
- Հայաստանում ֆրանսիական համալսարան,
- Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ,
- Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ։
Դիմելու համար անհրաժեշտ փաթեթը
- Հայտադիմում՝ լրացված կից ձևի մեջ,
- համապատասխան բուհի կողմից տրված տեղեկանքի սկանավորված տարբերակը, որտեղ նշված կլինեն ուսանողի մասնագիտությունը և ուսման վարձի տարեկան չափը,
- 2 երաշխավորագիր ուսանողի մայր բուհում կամ մեկ այլ համալսարանում տվյալ մասնագիտական առարկան դասավանդող դասախոսների կամ տվյալ մասնագիտական ոլորտի ներկայացուցիչների կողմից (երաշխավորագիրը ներկայացվում է կից ձևաչափով․ ստորագրված և սկանավորված տարբերակը կցվում է ուղարկվող փաթեթին),
- նախորդող մեկ տարվա գնահատականների վերաբերյալ տեղեկանքի սկանավորված տարբերակ,
- առավելագույնը 2 րոպե տևողությամբ տեսանյութ (փոխանցված wetransfer, youtube, vimeo հարթակներից մեկի միջոցով), որում խնդրում ենք պատմել համայնքային զարգացման ձեր ծրագրային գաղափարի մասին՝ անդրադառնալով հետևյալ հարցերին՝
- Ի՞նչ համայնքային խնդրի լուծմանն է ուղղված ձեր նախաձեռնությունը։
- Ինչո՞ւ է, ձեր կարծիքով, անհրաժեշտ և հրատապ տվյալ խնդրի լուծումը։
- Ո՞րն է ծրագրային ձեր գաղափարը։ Ի՞նչ փոփոխություն եք ցանկանում բերել առաջարկվող ծրագրով։
- Ո՞ւմ է ուղղված լինելու ծրագիրը։
- Ի՞նչ առնչություն ունի ձեր նախաձեռնությունը ձեր ապագա մասնագիտության և մասնագիտական ունակությունների զարգացման հետ:
- ազատ ոճի որակյալ լուսանկար, որում հստակ երևում է ձեր դեմքը։
Կրթաթոշակային ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է վերոնշյալ փաթեթն ուղարկել kasaam@kasa.am էլ․հասցեին մինչև ս․թ․ փետրվարի 5-ը ներառյալ՝ նամակի վերնագրում նշելով՝ Կրթաթոշակի դիմում։
ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ |
|
Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետ |
05․02․2021թ․ |
15* թեկնածուի ընտրություն հանձնաժողովի կողմից և «Հիրշման» հիմնադրամի կողմից վերջնական հաստատում |
15․03․2021թ․ |
Կրթաթոշակառուների հետ պայմանագրերի կնքում և ծրագրի մեկնարկ |
30․03․2021թ․ |
* Կրթաթոշակառուների ընտրությունը սույն տարեշրջանում իրականացվում է 2 խմբով․ ծրագրի ժամանակացույցը հետևում է օրացուցային, ոչ թե ուսումնական տարվան։