Սիրելի մեծահասակներ, ու հատկապես սիրելի մանկավարժներ, գրքի այս հատվածը ձեզ համար է։ Մեր գրքի հիմնական նպատակն է ծանոթացնել հայ երեխաներին իրենց արմատների, հայ ժողովրդի հնուց եկած արժեքների, պատկերացումների ու սովորույթների հետ, միով բանիվ՝ հայոց դարավոր ավանդույթի, ավանդական աշխարհայացքի հետ, սովորեցնել նրանց սիրել և արժևորել սեփական մշակույթը, դառնալ ու լինել դրա կրողը, հպարտ լինել սեփական ազգային պատկանելիության համար։ Նման փորձառությունը նոր է և դժվարին, և այս հուշումներինպատակն է օգնել ձեզ անել դա հնարավորինս արդյունավետ կերպով։
Այս հուշումները առավելապես այն մանկավարժների համար են, ովքեր կցանկանան կիրառել առասպելը կրթական միջավայրերում և գործընթացներում՝ լինի դա մանկապարտեզի խումբ, դասարան թե արտադասարանային խմբակ։ Բերված հարցերն ու առաջադրանքները օրինակներն են, թե ինչպես կարելի է մատուցել առասպելի նյութը երեխային հասկանալի ձևով, ինչպես սևեռել նրա ուշադրությունը կարևոր տեղեկության վրա և նպաստել մտածողության և երևակայության զարգացմանը, հընթացս նաև հետաքրքրելով, շահագրգռելով հայ երեխային ճանաչել ու պահպանել սեփական ժառանգությունը։ Բերվածը առաջարկներ են, իսկ դուք կարող եք արդեն ինքներդ որոշել գրքում զետեղված առասպելների մասին ինչ լրացուցիչ տեղեկություններ տալ ձեր երեխաներին՝ ելնելով իրենց հարցերից, հետաքրքրությունից, ավելին իմանալու ցանկությունից:
Այս բաժինը պարբերաբար համալրվելու է, և մենք միայն շնորհակալ կլինենք, եթե կիսվեք մեզ հետ ձեր փորձով և փորձարկումներով, այն եղանակներով, որ ստեղծել եք ինքնուրույն՝ օգտագործելով գրքի նյութը։ Հետադարձ կապը կարող եք պահել գրելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ kasaam@kasa.am։
Հիմնական թեմաներ և արժեքներ՝
- Արեգակի հանդեպ հարգանք և երախտագիտություն
- Երկնային մարմինների և առհասարակ բնության իմաստավորում, դրանց դերը մարդկային հասարակության համար։
- Ընտանեկան (քույր-եղբայր, մայր-զավակ, ավագ-կրտսեր) փոխհարաբերություններ:
- Հարգանք դեպի նախնիները (Արևի լույսը բաժին մահացածներին)
- Ավանդույթներ և մշակութային ժառանգություն (երգեր, ծեսեր, հավատալիքներ, հանելուկներ), այդ թվում՝ մեր նախնիների քաղաքավարության կանոնները։
Քննարկման հարցերի օրինակներ՝
- Ինչի՞ մասին է այս պատմությունը։ Որոնք էին ձեզ համար ամենահետաքրքիր դրվագները:
- Ինչու՞ էին հնում մարդիկ ասում, որ արևը մեր մայրն է։ Ինչո՞վ է արևը մեզ օգնում։
- Ինչ՞ շուրջ էին վիճում Արևն ու Լուսինը։ Ինչու՞ էին փորձում առաջինը ջուրը տեղ հասցնել։
- Ինչու՞ է մայրը պատժում Լուսնին։
- Վիշապը փորձում էր կուլ տալ Արևին, բայց մարդիկ պաշտպանում էին նրան։ Քեզ համար ո՞վ կամ ի՞նչն է այն ուժը, որ պաշտպանում է քեզ դժվար պահերին։
- Իսկ դուք ու՞մ արևով եք երդվում։
- Ի՞նչ կա ձեր կյանքում, որ Արևի նման ձեզ ուժ է տալիս, ջերմացնում ու օգնում աճել։
Առաջարկվող հանձնարարություններ՝
- Նկարել Արևի, Լուսնի և նրանց ընտանիքի մասին՝ ներառյալ մայրիկը և սպասավորները
- Ստեղծել նկարազարդ պատմվածք՝ իրենց պատկերացրած Արևի և Լուսնի մասին։ Կամ հորինել շարունակություն հեքիաթին՝ «Ի՞նչ են անում Արևն ու Լուսինը մեր օրերում» թեմայով։
- Հարցնել տան մեծերին և ազգականներին – գիտե՞ն արդյոք Արևի ու Լուսնի պատմությունը։ Գիտե՞ն արդյոք Արևին կանչելու և Լուսնին փառաբանելու երգեր, բանաստեղծություններ, աղոթքներ։
- Փորձել գտնել հանելուկներ և ասացվածքներ Արևի ու Լուսնի մասին։
- Փորձել վաղ առավոտյան տեսնել Արևի ծառաներին, հնարավորության դեպքում՝ ուշադրություն դարձնել, թե երբ և ինչպես են կանչում աքաղաղները։ Փորձել լսել երկնային զանգակների ձայնը։ Փորձել նայել Արևին – արդյոք կծակի՞ իր «ասեղներով»։
- Երեկոյան նայել Լուսնին – արդյոք այն աճո՞ղ է թե՞ նվազող։ Փորձել պոզերից հասկանալ՝ անձրև կգա՞։
- Սովորել զիջել․ Դերախաղի միջոցով ներկայացել վիճաբանության տեսարանը ու մայրիկի միջամտությունը։ Խոսել արդար լուծումների մասին։ Բոլորը կարող են նաև պատմել մի դեպք, երբ որևէ մեկը զիջել է իրենց, կամ իրենք են զիջել։
- Դիտել մայրամուտը, գրել փոքրիկ քառատող կամ ցանկություն արևին։
- Սովորել ինքնուրույն որոշել օրվա ժամը՝ Արեգակով ու Լուսնով։ Սովորել, թե ինչպես են մարդիկ ստեղծել լուսնային օրացույցը՝ հետևելով նրա մեծանալու և փոքրանալու փուլերին։