Անմահ հավքը. մեթոդական ուղեցույց

Home » Առասպելներ » Անմահ հավքը. մեթոդական ուղեցույց

Սիրելի մեծահասակներ, ու հատկապես սիրելի մանկավարժներ, գրքի այս հատվածը ձեզ համար է։ Մեր գրքի հիմնական նպատակն է ծանոթացնել հայ երեխաներին իրենց արմատների, հայ ժողովրդի հնուց եկած արժեքների, պատկերացումների ու սովորույթների հետ, միով բանիվ՝ հայոց դարավոր ավանդույթի, ավանդական աշխարհայացքի հետ, սովորեցնել նրանց սիրել և արժևորել սեփական մշակույթը, դառնալ ու լինել դրա կրողը, հպարտ լինել սեփական ազգային պատկանելիության համար։ Նման փորձառությունը նոր է և դժվարին, և այս հուշումներինպատակն է օգնել ձեզ անել դա հնարավորինս արդյունավետ կերպով։

Այս հուշումները առավելապես այն մանկավարժների համար են, ովքեր կցանկանան կիրառել առասպելը կրթական միջավայրերում և գործընթացներում՝ լինի դա մանկապարտեզի խումբ, դասարան թե արտադասարանային խմբակ։ Բերված հարցերն ու առաջադրանքները օրինակներն են, թե ինչպես կարելի է մատուցել առասպելի նյութը երեխային հասկանալի ձևով, ինչպես սևեռել նրա ուշադրությունը կարևոր տեղեկության վրա և նպաստել մտածողության և երևակայության զարգացմանը, հընթացս նաև հետաքրքրելով, շահագրգռելով հայ երեխային ճանաչել ու պահպանել սեփական ժառանգությունը։ Բերվածը առաջարկներ են, իսկ դուք կարող եք արդեն ինքներդ որոշել գրքում զետեղված առասպելների մասին ինչ լրացուցիչ տեղեկություններ տալ ձեր երեխաներին՝ ելնելով իրենց հարցերից, հետաքրքրությունից, ավելին իմանալու ցանկությունից:

Այս բաժինը պարբերաբար համալրվելու է, և մենք միայն շնորհակալ կլինենք, եթե կիսվեք մեզ հետ ձեր փորձով և փորձարկումներով, այն եղանակներով, որ ստեղծել եք ինքնուրույն՝ օգտագործելով գրքի նյութը։ Հետադարձ կապը կարող եք պահել գրելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ kasaam@kasa.am։

Հիմնական թեմաներ և արժեքներ

  • Աշխարհակառույցի մասին ավանդական հայկական պատկերացումները, այդ թվում՝ ուղղահայաց աշխարհի մոդելը և դրա տարբեր ոլորտներն իրար կապող կենդանիները։
  • Տիեզերական ծառը որպես աշխարհի առանցք։
  • Արծիվը որպես հավերժության, հավերժական վերադարձի խորհրդանիշ, պատկերացում վայրի գիշատիչ թռչունների մասին։
  • Պատկերացում տարերային ուժերի և անկառավարելի երևույթների մասին։
  • Պատկերացում ժամանակի հարաբերականության մասին։
  • Պատկերացում մարդկային կյանքի՝ որպես մահկանացու մարմին – անմահ հոգի միասնականության մասին։

Քննարկման հարցերի օրինակներ՝

  • Ինչի՞ մասին է այս պատմությունը։ Ո՞ր մասը հիշվեց։
  • Ի՞նչ թռչուն է Անմահ հավքը և ի՞նչ կարևոր գործ է անում մարդկանց ու բնության համար։
  • Ինչու՞ է Անմահ հավքը խորհրդանշում մարդու հոգին, իսկ նրա ճանկերում գտնվող գառը՝ մարդու մարմինը։
  • Ինչու՞ են Անմահ հավքին հաճախ պատկերել եկեղեցիների և տապանաքարերի վրա։
  • Ի՞նչ եք կարծում, բնության մեջ այդպիսի թռչուն կա՞ թե՞ դա մեր նախնիների երևակայությունն է։
  • Ի՞նչ եք կարծում, Հավքն ինչու՞ Աստծուն փառք չէր տալիս։
  • Բնության մեջ արծիվ տեսե՞լ եք։ Իսկ երազու՞մ։

Առաջարկվող առաջադրանքներ

  • Նկարել կամ որևէ նյութից պատրաստել Անմահ հավքին ու նրա ծառը՝ բույնով։
  • Նկարել Անմահ Հավքին իր տարբեր փուլերում՝ առավոտյան Արևի դեմ կանգնած, այրվելու պահին, վերածննդի ժամանակ կամ մեղրամոմով պատված։
  • Շարադրություն կամ քննարկում այն մասին, որ տարերային երևույթները միշտ կան ու կլինեն, իսկ մարդը սովորել է դրանցից պաշտպանվել։ Օգտագործել Անմահ հավքի և Տիեզերական ծառի կերպարները։
  • Գրել պատմություն, որտեղ մարդը հանդիպում է Անմահ հավքին ու սովորում մի կարևոր դաս։
  • Լուսանկարել հին շինությունների վրա պատկերված գառ կամ այլ կենդանի ճանկած արծիվ։
  • Գտնել բնության մեջ կամ համացանցում այնպիսի ծառեր, որոնց նկարագրությունը հիշեցնում է այս պատմության Տիեզերական ծառը։
  • Ստեղծել նկարազարդ քարտեզ Հավքի ծառի հիման վրա՝ ներկայացնելով տասներկու ճյուղերը, նրանցից կախված լույսերը՝ սև և սպիտակ։

Գրել պատմություն, որտեղ աշակերտը/հերոսը հանդիպում է Անմահ Հավքին, և Հավքը նրան սովորեցնում է մի կարևոր արժեք՝ համառություն, բարություն, համեստություն կամ ուրիշ մի հատկություն։