Սիրելի մեծահասակներ, ու հատկապես սիրելի մանկավարժներ, գրքի այս հատվածը ձեզ համար է։ Մեր գրքի հիմնական նպատակն է ծանոթացնել հայ երեխաներին իրենց արմատների, հայ ժողովրդի հնուց եկած արժեքների, պատկերացումների ու սովորույթների հետ, միով բանիվ՝ հայոց դարավոր ավանդույթի, ավանդական աշխարհայացքի հետ, սովորեցնել նրանց սիրել և արժևորել սեփական մշակույթը, դառնալ ու լինել դրա կրողը, հպարտ լինել սեփական ազգային պատկանելիության համար։ Նման փորձառությունը նոր է և դժվարին, և այս հուշումներինպատակն է օգնել ձեզ անել դա հնարավորինս արդյունավետ կերպով։
Այս հուշումները առավելապես այն մանկավարժների համար են, ովքեր կցանկանան կիրառել առասպելը կրթական միջավայրերում և գործընթացներում՝ լինի դա մանկապարտեզի խումբ, դասարան թե արտադասարանային խմբակ։ Բերված հարցերն ու առաջադրանքները օրինակներն են, թե ինչպես կարելի է մատուցել առասպելի նյութը երեխային հասկանալի ձևով, ինչպես սևեռել նրա ուշադրությունը կարևոր տեղեկության վրա և նպաստել մտածողության և երևակայության զարգացմանը, հընթացս նաև հետաքրքրելով, շահագրգռելով հայ երեխային ճանաչել ու պահպանել սեփական ժառանգությունը։ Բերվածը առաջարկներ են, իսկ դուք կարող եք արդեն ինքներդ որոշել գրքում զետեղված առասպելների մասին ինչ լրացուցիչ տեղեկություններ տալ ձեր երեխաներին՝ ելնելով իրենց հարցերից, հետաքրքրությունից, ավելին իմանալու ցանկությունից:
Այս բաժինը պարբերաբար համալրվելու է, և մենք միայն շնորհակալ կլինենք, եթե կիսվեք մեզ հետ ձեր փորձով և փորձարկումներով, այն եղանակներով, որ ստեղծել եք ինքնուրույն՝ օգտագործելով գրքի նյութը։ Հետադարձ կապը կարող եք պահել գրելով հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ kasaam@kasa.am։
Հիմնական թեմաներ և արժեքներ
- Ազգային արժեքների պահպանման կարևորությունը։ Հարգանքի վերականգնում ու մշակութային հիշողություն։
- Հին արժեքների մոռացության վտանգը։
- Ձեռագործի և հյուսքի կարևորությունը ավանդական հայ ընտանիքում։
- Նախնիների հիշատակի և ընտանեկան պատմության շարունակականության կարևորություն։
- Ընտանիքում ամուր կապերի նշանակությունը։
- Տարեցների նշանակությունն ընտանիքում և համայնքում։
- Մեկուսացվածության և մենակության թեման։
Քննարկման հարցերի օրինակներ՝
- Ինչի՞ մասին է պատմությունը։ Ո՞ր դրվագը հիշվեց հատկապես։
- Ի՞նչ գիտենք Անհիշատակ պառավի մասին, ինչ կարելի է ասել իր մարդկային որակների մասին։
- Ինչու՞ են մարդիկ երբեմն մոռանում իրենց անցյալն ու նախնիներին։
- Ինչպե՞ս կարող ենք հիշել, ճանաչել և հարգել մեր անցյալը, տարեցներին, մեզնից հեռացածներին։
- Գիտե՞ք արդյոք, թե ինչպես են հնում թել ստացել բրդից։
- Ինչու՞ էր կարևոր, որ աղջիկների մազերը սանրեն իրենց տատիկները և ի՞նչ է նշանակում «բախտ բացել»։
Գործնական առաջադրանքներ
- Նկարել Անհիշատակ պառավի կառուցած եկեղեցին և զրուցել Երուսաղեմի հայկական եկեղեցիների մասին:
- Նկարել իլիկը և թելի ճանապարհը՝ բրդից մինչև հագուստ։
- Տանը խնդրել տատիկին լողանալուց հետո սանրել աղջիկ երեխայի մազերը և բախտ բացել։ Ցանկալի է՝ ասելով Անհիշատակ պառավի աղոթքը։
- Տանը եթե որևէ մեկի մեջքը, թիկունքը, ոտքը և այլն բռնվել է, մերսել՝ Անհիշատակ պառավին հիշելով։
- Բեմադրել մի տեսարան, որտեղ Անհիշատակ պառավը օգնում է մարդկանց հաշտվել։
- Փորձել մի բան գործել, հյուսել, կարել, իսկ երբ թելը խառնվի՝ հիշել Անհիշատակ պառավին։ Տեսնել՝ կօգնի՞։
- Պատմել, թե եթե Աստծուն հանդիպեին, ի՞նչ ընդունակություն կխնդրեին նրանցից:
- Գրառել պատմություն կամ հիշողություն՝ նվիրված մեկին, ում ուզում եք հիշել։
- Կազմել դասարանի «Հիշատակի մատյան», դրանում գրանցել լավ մարդկանց, նաև հարազատների, հերոսների հիշատակը։
- Հավաքել տարեցներից պատմություններ ու ներկայացնել՝ որպես «հիշողությունների հավաքածու»։
Գրել փոքրիկ պատմվածք մեր ունեցած բարդ իրավիճակների մասին, որոնք կարողացել ենք լուծել՝ կապեր ստեղծելու, դրանց մասին հիշեցնելու միջոցով: