Մոնիկա Սարգսյան

Հիմնադրամի տնօրեն

Մոնիկան պաշտոնավարում է որպես տնօրեն 2023թ. օգոստոսից: Նրա մասնագիտական ճանապարհը շատ բազմազան է, որի հիմքում նրա սերն է դեպի միջազգային իրավունքը և մարդու իրավունքները։ Ավարտել է Հայաստանում Ֆրանսիական Համալսարանը և Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 Համալսարանը՝ իրավագիտության մագիստրոսի կոչումով: Այս ակադեմիական պատրաստվածությամբ նա սկսել է աշխատել տեղական մասնավոր և պետական մարմինների, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ, որը հնարավորություն է տվել ներգրավվել բարդ իրավական համակարգերում և զբաղվել մարդու իրավունքներին վերաբերող հարցերով։

«Որպես երկու երեխաների մայր և որպես համայնքիս խորապես նվիրված անձ, ես «ԿԱԶԱ»-ում ձգտում եմ իմ ներդրումն ունենալ կայուն և հավակնոտ ապագայի ստեղծման մեջ, ոչ միայն իմ ընտանիքի, այլ նաև ապագա սերունդների համար։

«ԿԱԶԱ»-ում ինձ համար հատկապես գնահատելի է մարդկային արժանապատվությունը խթանելու և յուրաքանչյուրի նկատմամբ հարգանքի մեր անսասան ձգտումը։ Մեր մոտեցումը ներշնչված է պերսոնալիզմից, որը մերժում է կոլեկտիվիզմը և անձնասեր անհատապաշտությունը՝ արժևորելով յուրաքանչյուր անձի յուրահատկությունն ու ինքնավարությունը։ Այն ուղեկցում է մեզ յուրաքանչյուր մարտահրավերը հաղթահարելիս, յուրաքանչյուր համագործակցություն սկսելիս և յուրքանչյուր որոշման կայացման մեջ։ Այն արժևորում է մարդուն, ով ոչ միայն պատասխանատու է ինքն իր համար, այլև հասարակության և երկրի զարգացման համար։ Այս համապարփակ մոտեցումը թույլ է տալիս ինձ համադրել մարդու իրավունքների պաշտպանության մեջ մասնագիտացած իրավաբանությանս փորձը և «ԿԱԶԱ»-ում կատարած աշխատանքս։

Մենք հանդիպում ենք նշանակալի մարտահրավերների, բայց համոզված եմ, որ մարդիկ ունեն ներուժ հսկայական փոփոխություններ կատարելու։ «ԿԱԶԱ»-ն իրականում ստեղծում է հնարավորություններ, որոնց ազդեցությունը մենք դեռ չենք չափել։ Ես հատկապես խորապես տպավորված եմ «ԿԱԶԱ»-ի աշխատակիցների տոկունությամբ և նվիրվածությամբ, ովքեր ձգտում են զարգացնել Հայաստանը և բարելավել մարդկանց կյանքը, սա է մեր ամենօրյա աշխատանքը։

Ամենաշատն ինձ ոգևորում է այն է, որ որպես կազմակերպություն մենք համատեղ ջանքեր ենք գործադրում՝ հումանիստական արժեքներով, ինչը թույլ է տալիս մեզ ունենալ դրական և կայուն ազդեցություն։ «ԿԱԶԱ»-ում աշխատելու ամենամեծ պատճառը մարդիկ են։ Ձեզ ծանո՞թ է հայկական ասացվածքը՝ «Գեղ կանգնի, գերան կկոտրի»։ Իրականում «ԿԱԶԱ»-ում մենք սերտորեն համագործակցում ենք, աջակցում ենք միմյանց և տոնում մեր համատեղ հաջողությունները. նման համայնքային զգացումը յուրաքանչյուր աշխատանքային օրը դարձնում է բացառապես հաճելի։

Շնորհակալ եմ, որ ժամանակ եք տրամադրում ծանոթանալու «ԿԱԶԱ»-ին։ Անկախ նրանից, թե դուք հետաքրքրված եք մեր ծրագրերով, աջակցում եք մեր նախաձեռնություններին, կամ պարզապես հետաքրքրված եք մեր գործունեությամբ, ուրախ եմ, որ ինչ-որ կերպ կիսում եք մեր այս փորձառությունը։ Միասին մենք ավելի մեծ և նշանակալի ազդեցություն կունենանք։»

Կարդալ ավելին

Աննա Չոփուրյան

Տնօրենի օգնական

Ֆրանսերենի մասնագետ Աննան «ԿԱԶԱ»-ում աշխատանքը սկսել է 2007թ.՝ որպես գործավար-թարգմանիչ, իսկ 2009թ.-ից հանդիսանում է հիմնադրամի տնօրենի օգնականը:

«Վարչական թիմի կատարած աշխատանքը հաճախ քիչ տեսանելի, սակայն շատ կարևոր է: Այն, ի թիվս այլ գործառույթների, ապահովում է կապը արտաքին աշխարհի հետ: Այդ նույն աշխարհում մեզ լուրջ կամ անլուրջ ընդունում են նաև այդ աշխատանքի շնորհիվ կամ պատճառով: Ես էլ փորձում եմ հնարավորինս գրագետ անել գործս:»,- նշում է Աննան:

Իսկ ինչ վերաբերում է հիմնադրամում տիրող մթնոլորտին՝ «Չեմ հիշում օր, որ դժկամությամբ գամ. «ԿԱԶԱ»-ն ընտանիք է, նման չէ այլ՝ սովորական գործատեղերին: Եթե մի օր ստիպված լինեմ այլ տեղ աշխատել, երևի մեծ շոկի կենթարկվեմ: Ուրախ եմ, գտել եմ ինձ, իմ տեղը, ինձ զգում եմ ինչպես ձուկը՝ ջրում»

Դե իսկ հիմնադրամի պատերից դուրս երիտասարդ մայրիկ Աննայի հետաքրքրությունները բազմաթիվ են ու բազմազան՝ ձեռագործ, կարուձև, մասնավորապես՝ կտորե գեղեցիկ տոպրակների պատրաստում, նկարչություն, խոհանոց, ճամփորդություն…

Կարդալ ավելին

Հռիփսիմե Թագվորյան

Գլխավոր հաշվապահ

Հռիփսիմեն «ԿԱԶԱ»-ի ամենաերկարամյա աշխատակիցն է. ընդունվել է աշխատանքի 2001թ.-ին, երբ գրասենյակում կար միայն մեկ համակարգիչ, ծրագրերի թիվը չէր անցնում 5-ը, իսկ աշխատակիցներինը՝ 10-ը: Այսօր առանց նրա հիմնադրամը պատկերացնել անհնար է:

«Փորձում եմ իմ գիտելիքների շրջանակներում այնպես անել, որ պատկան մարմինները չկարողանան նեղացնել մեր հիմնադրամին:»,- իրեն հատուկ հումորով նշում է Հռիփսիմեն, որն այժմ աշխատավարձ է փոխանցում ամսական արդեն ոչ թե 10, այլ 50 հոգու: «Ու մի բան էլ. միշտ հիշեցնում եմ՝ ով ինչ պիտի անի:»,- ծիծաղում է նա:

Հիմնադրամի աշխատաոճի մասին խոսելիս համարում է, որ բախտը շատ բերել է, քանի որ «ԿԱԶԱ»-ն իրեն տալիս է թափանցիկություն, արդարություն, համերաշխություն և հանգստություն: Իսկ աշխատանքից դուրս սիրում է գործել թոռնիկների և դուստրերի համար:

Կարդալ ավելին

Գեղամ Եղիազարյան

Ֆինանսական պատասխանատու

Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտ Գեղամը «ԿԱԶԱ»-ի վարչական թիմին միացել է համեմատաբար վերջերս. ֆինանսների կառավարման և ֆինանսական վերահսկողության գործառույթների իրականացումը ստանձնել է 2017թ.-ին:

Հիմնադրամում իր աշխատանքի մասին խոսելիս կատակով նշում է. «Քանի որ արական սեռի ներկայացուցիչները քիչ են մեր թիմում, կարելի է ասել որ դա արդեն մեծ բան է: Իսկ եթե լուրջ, ապա իմ կարևորագույն ներդրումն եմ համարում ներդրումային եկամուտների աճը և ֆինանսների պլանավորումն ու խնայողությունները, որոնք միասին արտացոլվում են հիմնադրամի տարեկան արդյունքների մեջ:»

«ԿԱԶԱ»-ում հատկապես գնահատում է որոշումներ կայացնելու և աշխատաոճի ազատությունը: Իսկ ազատ ժամանակ սիրում է երաժշտություն լսել և ուսումնասիրել համաշխարհային ֆինանսական շուկաները:

Կարդալ ավելին