Ստեղծման պահից ի վեր Հիմնադրամի նպատակն է աջակցել ամենաանբարենպաստ պայմաններում գտնվող հայերին՝ միաժամանակ հավատարիմ մնալով «Սովորեցնել՝ ինչպես ձուկ որսալ պարզապես ձուկ նվիրելու փոխարեն» կարգախոսին: Այսպիսով, մենք անշուշտ տրամադրում ենք նյութական օժանդակություն, սակայն առաջարկում ենք հատկապես կրթության հնարավորություններ և զարգացմանը նպաստող գործիքներ:
Սկզբնական շրջանում «ԿԱԶԱ»-ն նախապատվություն տվեց մարդասիրական բազմաթիվ ծրագրերի իրականացմանը (ավելի քան 40 ծրագիր) Հայաստանի բոլոր շրջաններում և մասնավորապես երկրի հյուսիսում՝ նպաստելով 1988թ.-ի երկրաշարժից ավերված գյուղերի վերաշինմանը, վերակառուցելով դպրոցներ, գիշերօթիկներ, բժշկական և սոցիալական կենտրոններ, ինչպես նաև ֆինանսավորելով սոցիալ-հոգեբանական աջակցության, զարգացման, կրթական և մշակութային ծրագրեր: Ծրագրեր, որոնք նա շարունակում է իրականացնել մինչ այսօր՝ փախստականների համար, համագործակցելով ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (UNHCR) Հայաստանի գրասենյակի հետ։
2009 թ․-ից ի վեր մենք շեշտը դնում ենք կրթական և վերապատրաստման առկա և հեռավար ծրագրերի վրա՝ նպաստելու համար քաղաքացիական հասարակության առաջխաղացմանը, աջակցելու ուսուցիչներին ու ուսուցանողներին։ Մասնավորապես, մշակել ենք հեռավար ուսուցման էլեկտրոնային հարթակ Moodle ծրագրով, ինչպես նաև ստեղծել ենք կրթական խաղեր։
Բացի այդ, «ԿԱԶԱ»-ն մշտապես ներգրավված է եղել համերաշխ տնտեսության խթանման գործում։ 2002 թ․-ից սկսած՝ գյուղատնտեսական ծրագրեր ենք իրականացրել մի շարք գյուղերում՝ Գոգարան, Արգինա, Արջուտ՝ զուգահեռաբար զարգացնելով ենթակառուցվածքները։ Ներկայումս հիմնադրամը իրականացնում է սոցիալական ձեռնարկատիրությանը նպաստող ծրագրեր, այդ թվում՝ տեղահանված արցախցիների համար՝ համագործակցելով համայնքների հետ։
Բացի այդ, մենք մեր ուժերը ներդնում ենք մարդակենտրոն զբոսաշրջության զարգացման ուղղությամբ, որը միտված է Հայաստանի մշակութային և մարդկային հարստությունների բացահայտմանը, դրա հետ մեկտեղ մինչ օրս վերապատրաստել ենք ավելի քան 300 զբոսավարների։
Մեր առաքելությունը կյանքի կոչելու համար ստեղծել ենք «Էսպաս» կրթամշակութային կենտրոնը Երևանում (2001 թ.) և «ԿԱԶԱ Գյումրի» սոցիալ-ուսուցողական և զարգացման կենտրոնը Գյումրիում (2006 թ.) ։
2023 թ․-ին «Էսպաս» կենտրոնի և վարչական թիմերը միավորվեցին մեկ հարկի տակ՝ ք․ Երևան, Լուսինյանց 23 հասցեում գտնվող եռահարկ շենքում։
