erit.am – Հայաստանում առաջին անգամ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամն անցկացնելու է Կրթական գործիքների ազգային տոնավաճառ ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության, «SALTO-YOUTH EuroMed & Good Practices Resource Centre»-ի եւ «SALTO EECA»-ի աջակցությամբ:
Հոկտեմբերի 17-ին Կրթական գործիքների ազգային տոնավաճառին ընդառաջ, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում: Ներկա էին «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի, «SALTO-YOUTH EuroMed & Good Practices Resource Centre»-ի, «SALTO EECA»-ի եւ նախարարության ներկայացուցիչները:
«Պետք է փաստեմ, որ երիտասարդները բավականին հետաքրքրված են այսպիսի ծրագրերով: Սա եզակի միջոցառումներից է, որն անխոս կունենա դրական արդյունքներ երիտասարդական աշխատանքում եւ նախարարությունը պատրաստակամ է իրականացնել ծավալուն համագործակցություն»,- նշեց Թամարա Թորոսյանը:
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի տնօրեն Անահիտ Մինասյանը մի շարք մանրամասներ ներկայացրեց կայանալիք տոնավաճառի մասին. «Այն հարթակ է, որտեղ երիտասարդների հետ կամ նրանց համար աշխատող մասնակիցները կկարողանան շփվել, փոխանակվել ոչ ֆորմալ կրթության եւ երիտասարդական աշխատանքի ոլորտի իրենց մեթոդներով, փորձարկել, վերլուծել եւ ոգեշնչվել նոր մեթոդների ստեղծման համար: Այդ օրը կազմակերպություններն իրենց կողմից մշակված գործիքները ներկայացնելու հնարավորություն ունեն»:
«SALTO EUROMED & GOOD PRACTICES»-ի համակարգող եւ «Agence Erasmus+ France Jeunesse & Sport»-ի փոխտնօրեն Բերնարդո Աբրինյանն էլ մեծ ուրախությամբ նշեց համագործակցության այդպիսի ձեւաչափի մասին. «Մենք անշուշտ եւս շահագրգիռ կողմ ենք եւ բաց քննարկումների ու համագործակցության համար: Այս տարի դուք Հայաստանում իրականացնում եք շատ կարեւոր միջոցառում, որը մյուս տարի կարող եք իրականացնել անգամ միջազգային մասշտաբով»:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց նաեւ http://educationaltoolsportal.eu/ պորտալը, որը դեռեւս ամբողջական գործում է անգլերենով, սակայն արդեն աշխատանքներ են տարվում հայերենով տեղեկատվություն տարածելու ուղղությամբ:
Նշենք նաեւ, որ միջոցառումը բաղկացած է լինելու զուգահեռ աշխատարաններից, երիտասարդական աշխատանքի, ոչ ֆորմալ կրթության եւ կրթական մեթոդների մշակման ոլորտի փորձագետների ելույթներից, ինչպես նաեւ գործիքների տոնավաճառից: Նմանօրինակ նախաձեռնություններ արդեն կազմակերպվել են Թունիսում, Թուրքիայում, Իտալիայում, Լիբանանում, Մալթայում, Հունգարիայում, Խորվաթիայում, Կոսովոյում եւ Վրաստանում, իսկ 2017 թ.-ին՝ Հայաստանում: