«ՀԻՐՇՄԱՆ» ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

Home » Հայտարարություններ » «ՀԻՐՇՄԱՆ» ԿՐԹԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐ

1998թ. ի վեր «ԿԱԶԱ» հիմնադրամը տարեկան մոտ 20 կրթաթոշակ է տրամադրել օժտված, ակտիվ և նախաձեռնող ուսանողներին: Կրթաթոշակառուները Երևանի և Գյումրու մեր 2 կենտրոններում կամավորության սկզբունքով շաբաթական մի քանի ժամով ներգրավվել և օգնել են մեզ հիմնադրամի տարատեսակ նախաձեռնությունների իրականացման հարցում, ստացել անհատական ուղղորդում և խրախուսում՝ մասնակցելու հիմնադրամի կրթական ծրագրերին ու միջոցառումներին:

Կրթաթոշակների նոր ծրագիրը

Ուրախ ենք տեղեկացնել, որ գալիք 3 տարիներին «ԿԱԶԱ»-ն իրականացնելու է կրթաթոշակային նոր ծրագիր շվեյցարական «Հիրշման» հիմնադրամի աջակցությամբ և անմիջական համագործակցությամբ, որի նպատակն է ապահովել անխափան ուսումնառություն Երևանի և Գյումրու բուհերում ուսանող տարեկան 30 երիտասարդի համար, ինչպես նաև հնարավորություն ընձեռել նրանց մասնակցելու Հայաստանի համայնքների զարգացմանը՝ կյանքի կոչելով իրենց իսկ նախաձեռնած ծրագրերը։

Այսպիսով, ծրագրի պարտադիր տարրերից է կրթաթոշակառուների կողմից փոքրիկ նախաձեռնությունների իրագործումը, նախընտրելի է՝ ի նպաստ համայնքային զարգացման և իրենց մասնագիտական ոլորտի շրջանակներում: Այս բաղադրիչի պատշաճ իրականացման նպատակով մենք սերտորեն աշխատելու ենք համալսարանների հետ․ վերջիններիս կողմից նշանակված մենթորները և մեր թիմը, ունենալով նախագծերի իրականացման երկարամյա արդյունավետ փորձ, կաջակցեն և կուղղորդեն ուսանողներին իրենց գաղափարները հստակ ծրագրերի վերածելու և կյանքի կոչելու հարցում: Նման փորձառությունը կնպաստի կրթաթոշակառու երիտասարդների սոցիալական ներգրավվածության և համայնքների հետ կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը, միաժամանակ կզարգացնի կարևոր հմտություններ և կօգնի բացահայտել տարբեր հնարավորություններ իրենց մասնագիտական ոլորտներում՝ նպաստելով աշխատաշուկա մուտք գործելուն:

Ընտրության չափանիշները

Կրթաթոշակային ծրագրին կարող են դիմել երիտասարդներ, որոնք՝

  • ուսանում են առկա համակարգում՝ սկսած բակալավրիատի 2-րդ կուրսից և մագիստրատուրայի 1-ին ու 2-րդ կուրսերում, պետական որևէ համալսարանի կիրառական գիտությունների որևէ ֆակուլտետում
  • ունեն բարձր առաջադիմություն,
  • նախաձեռնող են և գործուն,
  • պատրաստակամ են իրականացնել համայնքային զարգացմանը նպաստող նախաձեռնություն։

Կրթաթոշակի չափը

Կրթաթոշակի՝ յուրաքանչյուր ուսանողի համար սահմանված առավելագույն չափն է 700,000 ՀՀԴ-ը։

* Կրթաթոշակ տրամադրելիս հաշվի են առնվելու նաև տվյալ համալսարանի կողմից հաշվարկված ուսման վարձի չափերը և ֆինանսավորման հնարավոր լրացուցիչ աղբյուրները: Հետևաբար, հատկացվող գումարի չափը կարող է փոփոխվել համալսարանի կամ այլ հաստատությունների կողմից ուսանողին տրամադրվող աջակցության դեպքում և կախված վերջինիս չափից:

Մեր ակնկալիքները կրթաթոշակառուներից

  • Բարձր առաջադիմություն ցուցաբերել ուսման մեջ,
  • խորին պատասխանատվությամբ իրականացնել նախաձեռնած ծրագիրը,
  • կրթաթոշակ ստանալուց ոչ ուշ, քան 6 ամիս անց ներկայացնել հակիրճ նյութ տվյալ մասնագիտական ոլորտի և դրանում սեփական նպատակների, կարիերայի ցանկալի նվաճումների վերաբերյալ՝ նախատեսված «Հիրշման» հիմնադրամի կայքում հրապարակման համար,
  • նպաստել սեփական մասնագիտական ոլորտի զարգացմանը Հայաստանում,
  • համագործակցության ավարտից հետո պահել կապը «ԿԱԶԱ» հիմնադրամի հետ։

Կրթաթոշակառուների ընտրությունը

Ընտրության գործընթացը բաղկացած է 4 փուլից՝

  • սահմանված չափանիշներին համապատասխանության ստուգում «ԿԱԶԱ» հիմնադրամի կրթաթոշակային ծրագրի պատասխանատուի կողմից (ուսանողները ստանում են ծանուցում էլեկտրոնային նամակի տեսքով՝ անկախ արդյունքից),
  • ստուգման արդյունքում առանձնացված բոլոր հայտադիմումների ուսումնասիրում և գնահատում ընտրական հանձնաժողովի կողմից,
  • գնահատման արդյունքում՝ ընտրական հանձնաժողովի հարցազրույց սահմանված անցումային շեմը հաղթահարած դիմորդների հետ (այս փուլում ևս հարցազրույցների բոլոր մասնակիցները սահմանված ժամկետում կծանուցվեն դրանց արդյունքների մասին),
  • վերջնական ընտրություն նախնական գնահատման և հարցազրույցների հիման վրա և ընտրված կրթաթոշակառուների հաստատում «Հիրշման» հիմնադրամի կողմից։

Հայտադիմումներն ուսումնասիրելիս այս տարեշրջանում առավելություն կտրվի ծրագրի համագործակից հետևյալ համալսարանների ուսանողներին (ցանկը ենթակա է հետագա ընդլայնման)՝

  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան,
  • Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարան,
  • Հայաստանում ֆրանսիական համալսարան,
  • Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղ,
  • Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղ։

Դիմելու համար անհրաժեշտ փաթեթը

  1. Հայտադիմում՝ լրացված կից ձևի մեջ,
  2. համապատասխան բուհի կողմից տրված տեղեկանքի սկանավորված տարբերակը, որտեղ նշված կլինեն ուսանողի մասնագիտությունը և ուսման վարձի տարեկան չափը,
  3. 2 երաշխավորագիր ուսանողի մայր բուհում կամ մեկ այլ համալսարանում տվյալ մասնագիտական առարկան դասավանդող դասախոսների կամ տվյալ մասնագիտական ոլորտի ներկայացուցիչների կողմից (երաշխավորագիրը ներկայացվում է կից ձևաչափով․ ստորագրված և սկանավորված տարբերակը կցվում է ուղարկվող փաթեթին),
  4. նախորդող մեկ տարվա գնահատականների վերաբերյալ տեղեկանքի սկանավորված տարբերակ,
  5. առավելագույնը 2 րոպե տևողությամբ տեսանյութ (փոխանցված wetransfer, youtube, vimeo հարթակներից մեկի միջոցով), որում խնդրում ենք պատմել համայնքային զարգացման ձեր ծրագրային գաղափարի մասին՝ անդրադառնալով հետևյալ հարցերին՝
  • Ի՞նչ համայնքային խնդրի լուծմանն է ուղղված ձեր նախաձեռնությունը։
  • Ինչո՞ւ է, ձեր կարծիքով, անհրաժեշտ և հրատապ տվյալ խնդրի լուծումը։
  • Ո՞րն է ծրագրային ձեր գաղափարը։ Ի՞նչ փոփոխություն եք ցանկանում բերել առաջարկվող ծրագրով։
  • Ո՞ւմ է ուղղված լինելու ծրագիրը։
  • Ի՞նչ առնչություն ունի ձեր նախաձեռնությունը ձեր ապագա մասնագիտության և մասնագիտական ունակությունների զարգացման հետ:
  1. ազատ ոճի որակյալ լուսանկար, որում հստակ երևում է ձեր դեմքը։

Կրթաթոշակային ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է վերոնշյալ փաթեթն ուղարկել kasaam@kasa.am էլ․հասցեին մինչև ս․թ․ փետրվարի 5-ը ներառյալ՝ նամակի վերնագրում նշելով՝ Կրթաթոշակի դիմում։

ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Հայտադիմումների ընդունման վերջնաժամկետ

05․02․2021թ․

15* թեկնածուի ընտրություն հանձնաժողովի կողմից և «Հիրշման» հիմնադրամի կողմից վերջնական հաստատում

15․03․2021թ․

Կրթաթոշակառուների հետ պայմանագրերի կնքում և ծրագրի մեկնարկ

30․03․2021թ․

* Կրթաթոշակառուների ընտրությունը սույն տարեշրջանում իրականացվում է 2 խմբով․ ծրագրի ժամանակացույցը հետևում է օրացուցային, ոչ թե ուսումնական տարվան։