Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ (ՀԵՔ)

Home » Լուրեր Հայաստանից » Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ (ՀԵՔ)

Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ ծրագիրը (ՀԵՔ) երիտասարդական ակումբների միջոցով միավորում է երիտասարդների՝ նպատակ ունենալով խթանել վերջիններիս ինքնավարությունը, նախաձեռնությունը և քննադատական մտածողությունը՝ դրանով իսկ նպաստելով Հայաստանում ավելի մասնակցային և ժողովրդավար հասարակության կերտմանը։

ՀԵՔ ծրագրի սկիզբ կարելի է համարել 2002թ․-ը, երբ «ԿԱԶԱ» հիմնադրամը կազմակերպեց իր առաջին ակումբը, որը համախմբում էր բնապահպանությամբ հետաքրքրվող երիտասարդների։

Առաջին այս փորձը հաջողությամբ պսակվեց։ Հիմնադրամը որոշեց ընդլայնել առաջարկվող ակումբների շրջանակը և ստեղծեց լեզվական ակումբներ։ Այցելությունների կտրուկ աճը հաստատեց այն համոզմունքը, որ հայ երիտասարդները մեծ հետաքրքրություն ունեն քննարկել քաղաքացիական հասարակությանն առնչվող տարբեր հարցեր։

2010թ․-ին հիմնադրամը համախմբեց բոլոր ակումբները մեկ ծրագրի շրջանակներում, որն անվանվեց «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ»։ Ակումբները սկսեցին գործել ավելի պրոֆեսիոնալ և կանոնավոր կերպով։

ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Ծրագիրն իրականացվում է ակումբային քննարկումների, երիտասարդական միջոցառումների, ակումբավարների վերապատրաստման դասընթացների և հեռավար ուսուցման հարթակի միջոցով։ Ծրագրի շրջանակներում գործում են հետևյալ ակումբները՝ ֆրանսախոսների, անգլախոսների, հոգեբանական, արվեստասերների, մարդու իրավունքների, միջմշակութային, կինոսերների, խոսում է քաղաքը և շաբաթվա լրահոս։

ԹԻՐԱԽ ԽՈՒՄԲ

Ծրագրի շահառուները 16-30 տարեկան երիտասարդներ են, որոնք ունեն սահմանափակ հնարավորություններ։ Առաջնային շահառուները հենց ակումբավարներն են, իսկ երկրորդական շահառուներ են հանդիսանում ակումբների, երիտասարդական նախաձեռնությունների, ինչպես նաև սոցիալական մեդիայի միջոցով հասանելի հայ երիտասարդները։

ԱՆԻՄԱՏՈՐՆԵՐ

Անիմատորները՝ ակումբավարները, ծրագրի ուղղակի շահառուներն են, ովքեր հնարավորություն են ստանում՝

  • մասնակցել ակումբավարների վերապատրաստման դասընթացների՝ զարգացնելով թիմային աշխատանքի, ժամանակի կառավարման, միջմշակութային հաղորդակցության, կոնֆլիկտների կառավարման և մի շարք այլ հմտություններ,
  • մշակել և վարել երիտասարդական ակումբերի շաբաթական թեմաները սոցիալական, քաղաքական, տնտեսական հարցերի շուրջ, որոնք ղեկավարվում են ակումբավարների խորհրդի կողմից,
  • զարգացնել քննադատական մտածողություն և տեղեկացվածություն Հայաստանում և աշխարհում սոցիալական, քաղաքական և տնտեսական հարցերի վերաբերյալ,
  • օգտվել հեռավար ուսուցման պլատֆորմից, որտեղ ակումբավարներին հասանելի է օգտակար տեղեկատվություն, և նրանք կարող են հետաքրքիր քննարկում ծավալել ֆորում֊քննարկումների ժամանակ,
  • զարգացնել որոշումների կայացման հմտություններ և ներդրում ունենալ ծրագրի բարելավմանը՝ Անիմատորների խորհրդի որոշումների կայացման մեխանիզմից օգտվելով,
  • իրականացնել իրենց սեփական երիտասարդական նախաձեռնությունները, որոնք հասանելի կլինեն ավելի լայն հասարակության համար։

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Ընտրման չափանիշներ՝ ֆրանսերեն և անգլերեն լեզուների իմացություն համապատասխան ակումբի անիմատորների դեպքում), կազմակերպչական, համակարգման և խմբային աշխատանքի հմտություններ։

Անիմատորների դիմումները ընդունվում են սեպտեմբեր ամսին։

Մասնակցության վճար` 500 դրամ ամսական /կամավորական հիմունքներով/։

ՊՐԱԿՏԻԿ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Ծրագրի տևողություն՝ 11 ամիս, սեպտեմբեր-հուլիս։