2006թ.-ից ի վեր «ԿԱԶԱ» հիմնադրամը Գյումրիում մեծ հաջողությամբ իրականացնում է «Երեխաների և դեռահասների զարգացման» ծրագիրը։ Ի սկզբանե ստեղծվելով որպես համեստ խաղային նախաձեռնություն կենտրոնի շրջակայքի երեխաների և դեռահասների ժամանցի կազմակերպման համար՝ այն տարիների ընթացքում ընդալյնեց շրջանակը և դարձավ վերջիններիս ինքնարտահայտման մի անփոխարինելի հարթակ։ Մասնակիցների թիվը ևս զգալիորեն աճել է, քանի որ այժմ կենտրոն են հաճախում ինչպես Գյումրիի բոլոր թաղամասերից, այնպես էլ Շիրակի մարզի տարբեր գյուղերից։
Ծրագրի հիմնական նպատակը 6-17 տարեկան երեխաների և դեռահասների հոլիստիկ (համապարփակ) զարգացումն է՝ էմոցիոնալ, սոցիալական, ֆիզիկական և ստեղծագործական վարքի ձևավորման միջոցով։ Ծրագիրն ամբողջությամբ հիմնված է վերոնշյալ չորս առանցքների վրա և միտված է ապահովելու երեխաների համաչափ զարգացումն այդ ուղղություններով։ Ծրագրի ողնաշարն անցկացվող շաբաթական թեմատիկ հանդիպումներն են, որոնք տեղի են ունենում հստակ առանձնացված հինգ տարիքային խմբերում (6-7տ., 8-9տ., 10-11տ.,12-14տ.,15-17տ.)։ Քննարկվող թեմաները բոլոր տարիքային խմբերում նույնն են, տարբերվում են միայն ենթաթեմաները, որոնք մշակվում են արդեն ըստ համապատասխան տարիքի՝ տարեվերջում կատարվող կարիքների գնահատումից հետո։
« CԻ տարբերություն ակադեմիական կրթության, որը հոգում է երեխաների բացառապես գիտակրթական կարիքները, «Երեխաների և դեռահասների զարգացման ծրագրի» շնորհիվ նրանք հնարավորություն են ստանում ինքնարտահայտվելու, հաղորդակցվելու և սոցիալապես զարգանալու։ », – ընդգծեց ծրագրի պատասխանատու Ռուզաննա Բալոյանը։
Մեթոդները հիմնականում ոչ ֆորմալ, խաղային և ինտերակտիվ են, գերակշռում են խմբային աշխատանքները։
Բացի նշված առանցքային ու կարևոր թեմաներից, ծրագիրն առաջարկում է նաև ստեղծագործական և ֆիզիկական զարգացմանը նպաստող խմբակներ։ 6-10 տարեկանները նկարչության, արվեստի մասին զրույցների, հեքիաթների ընթերցման խմբակների մասնակցելիս ստանում են գիտելիքների հարուստ պաշար, նորանոր ինքնաբացահայտումներ են անում և զարգացնում ստեղծագործական մտահորիզոնը։ 11-17 տարեկանների համար ստեղծագործական խմբակի պրոֆիլը մի փոքր փոխվում է՝ վերածվելով գրի աշխատարանի։ Երեխաները յուրաքանչյուր ամսվա համար ընտրում են ժանր և գիրն ու նկարչությունը համատեղելով փորձում են ազատություն տալ ստեղծագործական երևակայությանն ու այդպիսով ինքնադրսևորվել արվեստի միջոցով։ Գրում են իրենց վերաբերող մի իրական պատմություն՝ անշունչ որևէ իրի վերագրելով։ Այդ անշունչ առարկայի շուրթերով պատմում են սեփական պատմությունը։
Հարկ է նշել, որ ծրագրի շրջանակներում ամռանն իրականացվում են նաև բակային ճամբարներ՝ ֆրանսիացի սկաուտների մասնակցությամբ։
«Երիտասարդները շատ նախաձեռնող են դարձել, մասնակցում են համայնքային կյանքի տարբեր փոփոխություններին և փորձում դրական տեղաշարժներ առաջացնել իրենց հեղինակած նախաձեռնություններով», – եզրափակեց Ռուզաննա Բալոյանը՝ խոսելով ծրագրի ձեռքբերումներից։