Տնտեսական ինտեգրումը փախստականների ամբողջական և կենսակայուն ինտեգրման կարևոր մաս է կազմում: Շուրջ 5 տարի է, ինչ հիմնադրամը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) հետ համատեղ արձագանքում է Հայաստանում փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրման կարիքներին՝ աջակցելով նրանց սկսելու կամ վերսկսելու իրենց մասնագիտական ուղին: Որպես տնտեսական ինտեգրման հիմնական գործիք ընտրվել է կրթությունը:
Այս նպատակով հիմնադրամը կազմակերպում է անհատական և խմբային մասնագիտական դասընթացներ (մատնահարդարում, դիմահարդարում, կարուձև, խոհարարություն, վարսահարդարում, տատուաժ և այլն), պրակտիկաներ, տնտեսական ինտեգրման մենթորության ծրագիր, լեզուների, համակարգչային հմտությունների և ծրագրավորման, ինքնազբաղվածության և հարակից այլ հմտությունների ձեռքբերման դասընթացներ:
Ծրագրի շահառուներն են 16-55 տարեկան փախստականներ, տեղահանված անձի կարգավիճակ ունեցողներ, ապաստան հայցողներ, որոնք
- ցանկանում են մասնագիտանալ տարբեր ոլորտներում, ձեռք բերել լեզվական և համակարգչային հմտություններ, որը կնպաստի նրանց՝ առավել հարթ սոցիալ-տնտեսական ինտեգրմանն ու ինքնաբավությանը Հայաստանում՝ իրենց առօրյա կյանքում;
- ունեն իրենց բիզնես գաղափարները, սկսել են դրանց իրականացումը, սակայն չունեն բավարար գիտելիքներ՝ սոցիալական մեդիայի, մարկետինգի, հաճախորդների հետ հարաբերությունների հաստատման ոլորտներում։
Հիմնադրամը փոխանցում է շահառուներին տնտեսական ինտեգրման համար անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ՝ կարևորելով ամեն շահառուի առանձնահատկությունը և հավատալով, որ արժե ռեսուրսներ ներդնել յուրաքանչյուր շահառուի կյանքում դրական փոփոխության համար: Ծրագիրը 2014թ-ից սկսած աշխատել է տարեկան շուրջ 120-150 շահառուի հետ: Նրանց մոտ 60%-ը հաջողությամբ ներգրավված է մասնագիտական տարբեր ոլորտներում:
«Փախստականների սոցիալ-տնտեսական ինտեգրում» ծրագրի շրջանակում «ԿԱԶԱ» հիմնադրամը մեկնարկել է նաև խոհարարության հերթական դասընթացը 20 շահառուի համար: Այս տարի խումբը շատ բազմազան է. մասնակիցները Սիրիայից, Արցախից, Իրաքից, Աֆղանստանից, Ադրբեջանից տեղահանված անձինք են:
Դասընթացն իրականցվելու է «Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիա»-ում և տևելու է մոտ 3 ամիս, որի ընթացքում մասնակիցները ձեռք են բերելու խոհարարական հիմնական գիտելիքներ, խորությամբ ծանոթանալու են հայկական խոհարարության առանձնահատկություններին: Ծրագրի արդյունքում ակնկալվում է, որ մասնակիցները կկարողանան աշխատել ռեստորաններում՝ որպես սկսնակ խոհարար, խոհարարի օգնական: Մասնակցության ընթացքում և դասընթացից հետո էլ մասնակիցները կկիրառեն իրենց գիտելիքներն ու հմտությունները «Սեդրակ Մամուլյան խոհարարական ստուդիա»-ի կողմից կազմակերպված տարբեր փառատոների ու միջոցառումների շրջանակներում։