Տնօրենի օգնական
Ֆրանսերենի մասնագետ Աննան «ԿԱԶԱ»-ում աշխատանքը սկսել է 2007թ.՝ որպես գործավար-թարգմանիչ, իսկ 2009թ.-ից հանդիսանում է հիմնադրամի տնօրենի օգնականը:
«Վարչական թիմի կատարած աշխատանքը հաճախ քիչ տեսանելի, սակայն շատ կարևոր է: Այն, ի թիվս այլ գործառույթների, ապահովում է կապը արտաքին աշխարհի հետ: Այդ նույն աշխարհում մեզ լուրջ կամ անլուրջ ընդունում են նաև այդ աշխատանքի շնորհիվ կամ պատճառով: Ես էլ փորձում եմ հնարավորինս գրագետ անել գործս:»,- նշում է Աննան:
Իսկ ինչ վերաբերում է հիմնադրամում տիրող մթնոլորտին՝ «Չեմ հիշում օր, որ դժկամությամբ գամ. «ԿԱԶԱ»-ն ընտանիք է, նման չէ այլ՝ սովորական գործատեղերին: Եթե մի օր ստիպված լինեմ այլ տեղ աշխատել, երևի մեծ շոկի կենթարկվեմ: Ուրախ եմ, գտել եմ ինձ, իմ տեղը, ինձ զգում եմ ինչպես ձուկը՝ ջրում»
Դե իսկ հիմնադրամի պատերից դուրս երիտասարդ մայրիկ Աննայի հետաքրքրությունները բազմաթիվ են ու բազմազան՝ ձեռագործ, կարուձև, մասնավորապես՝ կտորե գեղեցիկ տոպրակների պատրաստում, նկարչություն, խոհանոց, ճամփորդություն…
Կարդալ ավելին
Գլխավոր հաշվապահ
Հռիփսիմեն «ԿԱԶԱ»-ի ամենաերկարամյա աշխատակիցն է. ընդունվել է աշխատանքի 2001թ.-ին, երբ գրասենյակում կար միայն մեկ համակարգիչ, ծրագրերի թիվը չէր անցնում 5-ը, իսկ աշխատակիցներինը՝ 10-ը: Այսօր առանց նրա հիմնադրամը պատկերացնել անհնար է:
«Փորձում եմ իմ գիտելիքների շրջանակներում այնպես անել, որ պատկան մարմինները չկարողանան նեղացնել մեր հիմնադրամին:»,- իրեն հատուկ հումորով նշում է Հռիփսիմեն, որն այժմ աշխատավարձ է փոխանցում ամսական արդեն ոչ թե 10, այլ 50 հոգու: «Ու մի բան էլ. միշտ հիշեցնում եմ՝ ով ինչ պիտի անի:»,- ծիծաղում է նա:
Հիմնադրամի աշխատաոճի մասին խոսելիս համարում է, որ բախտը շատ բերել է, քանի որ «ԿԱԶԱ»-ն իրեն տալիս է թափանցիկություն, արդարություն, համերաշխություն և հանգստություն: Իսկ աշխատանքից դուրս սիրում է գործել թոռնիկների և դուստրերի համար:
Կարդալ ավելին
Ֆինանսական պատասխանատու
Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտ Գեղամը «ԿԱԶԱ»-ի վարչական թիմին միացել է համեմատաբար վերջերս. ֆինանսների կառավարման և ֆինանսական վերահսկողության գործառույթների իրականացումը ստանձնել է 2017թ.-ին:
Հիմնադրամում իր աշխատանքի մասին խոսելիս կատակով նշում է. «Քանի որ արական սեռի ներկայացուցիչները քիչ են մեր թիմում, կարելի է ասել որ դա արդեն մեծ բան է: Իսկ եթե լուրջ, ապա իմ կարևորագույն ներդրումն եմ համարում ներդրումային եկամուտների աճը և ֆինանսների պլանավորումն ու խնայողությունները, որոնք միասին արտացոլվում են հիմնադրամի տարեկան արդյունքների մեջ:»
«ԿԱԶԱ»-ում հատկապես գնահատում է որոշումներ կայացնելու և աշխատաոճի ազատությունը: Իսկ ազատ ժամանակ սիրում է երաժշտություն լսել և ուսումնասիրել համաշխարհային ֆինանսական շուկաները:
Կարդալ ավելին