«ԿԱԶԱ» հիմնադրամի «Միացիր համայնքին» ծրագիրը՝ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) աջակցությամբ, Հայաստանում տեղահանված անձանց ինտեգրումը կազմակերպելու նպատակով ստեղծել է մի յուրօրինակ հարթակ, որն ապահովում է նրանց միջմշակութային շփումը, տեղական լեզվի ու մշակույթի ուսուցումը, Հայաստանում ինտեգրվելու բազմազան հնարավորությունների բացահայտումը:
Ծրագիրն իրականացվում է երեք հիմնական ուղղություններով՝
- Հայերենի ուսուցում
- Ակումբներ, այցեր և նախաձեռնություններ
- Անհատական աշխատանքային ուղղորդում
«Միացիր համայնքին» ծրագիրը նպատակ ունի համադրել ժամանցն ու ուսուցումը, բացահայտել տեղահանված անձանց ուժն ու հետաքրքրությունները և հարթակ ստեղծել դրանց դրսևորման համար: Ակումբային հանդիպումներն ու այցերը ծրագրի առանցքն են, որոնք 2019 թվականից նոր շունչ ստացան և վերաձևակերպվեցին երեք ուղղություններում՝ մշակույթ, ստեղծարարություն և հմտությունների զարգացում: Տեղացի կամավորների օգնությամբ տեղահանված անձինք ծանոթանում, շփվում,աշխատում և ստեղծագործում են միասին՝ ինտեգրվելով համայնքին:
Մշակութային ակումբի հիմնական ինտեգրող տարրերն են երգը, պարը և երաժշտական գործիքների բացահայտումը: Այս ակումբի շրջանակներում կամավորները տեղահանված անձանց համար կազմակերպում են հայկական ու արտասահմանյան պարերի ուսուցում, ծանոթացնում երաժշտական գործիքներին, կազմակերպում երաժշտական վիկտորինաներ և այլն։
Մշակութային ակումբը դարձել է ոչ միայն հայկական մշակույթին ծանոթացնելու միջոց, այլ նաև կարևոր հարթակ՝ տեղահանված անձանց բերած հարուստ մշակույթների դրսևորման համար:
Ստեղծարարության ակումբում արվեստի շունչն է ու գույների աշխարհը, նպատակը՝ միասին ստեղծագործելը: Ակումբի թեմաների բազմազանությունը՝ նկարչությունից, խճանկար պատրաստելուց, կավագործությունից մինչև ձեռքի զարդերի պատրաստում, օգնում է բացահայտել տեղահանված անձանց հետաքրքրությունները:
Հմտությունների ակումբում կամավորները տեղահանված անձանց ծանոթացնում են նոր միջավայրում հարմարվելու և ինտեգրվելու հմտություններին, աշխատանքային հնարավորություններին և աշխատանք գտնելու համար անհրաժեշտ միջոցներին ու գործիքներին: