Փախստական երիտասարդներին ինտեգրելու, նրանց ներուժը համախմբելու և համայնքներում մարտահրավերների հաղթահարմանը նրանց մասնակից դարձնելու նպատակով «ԿԱԶԱ» հիմնադրամի և Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) համատեղ՝ «Միասնություն բազմազանության մեջ» ծրագրի շրջանակում Երիտասարդական կոալիցիա է ստեղծվել։
Կոալիցիայի անդամներն են Իրանից, Իրաքից, Սիրիայից, Եմենից և Լիբանանից տեղահանված և Հայաստանում ապաստան գտած, ինչպես նաև տեղացի 18-28 տարեկան երիտասարդները` թվով 20-ը։
2019-ի հունիսից գործունեությունը սկսած Երիտասարդական կոալիցիայի անդամները մինչև տարեվերջ ոչ միայն առաջնորդության հմտությունների, անձնական ունակությունների բացահայտման և միջմշակութային հաղորդակցության բարելավմանն ուղղված դասընթացներ կանցնեն, այլև՝ համայնքային կարիքներից բխող ծրագրեր կիրականացնեն։ Երիտասարդներն այս ընթացքում շրջել են իրենց ընտրած համայնքներում, վեր են հանել խնդիրները, որոնց նաև լուծումներ են տալու։
Ըստ այդմ՝ հոկտեմբերի 26-30-ն ընկած ժամանակահատվածում Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ մետրոպոլիտենի «Չարբախ» կայարանի մերձակայքում, «Էկոգրագիտություն» խորագրով նախաձեռնություն կիրականացվի։
«Երիտասարդներն արձանագրել են, որ խնդրահարույց է աղբահանությունը, ավելի խնդրահարույց է, որ մարդիկ չեն գիտակցում, թե ոչ սահմանված վայրում աղբը թափելը ինչ հետևանքներ կարող է ունենալ, թե աշխարհում ինչերի կարող է հանգեցնել մարդկանց կողմից աղբի «արտադրությունը»»,-նշում է Երիտասարդական կոալիցիայի համակարգող Դիաննա Սահակյանը՝ հավելելով, որ իրենց նպատակն է բարձրացնել համայնքի բնակիչների իրազեկվածությունը նշյալ հարցերի վերաբերյալ՝ նրանց մասնակից դարձնելով ողջ գործընթացին՝ շաբաթօրյակ, իրազեկող նյութերի պատրաստում, խմբային խաղեր։
Պլանավորման փուլում է ևս մեկ նախաձեռնություն. «Շենգավիթ» պատմահնագիտական արգելոցի կարիքների գնահատման հիման վրա տնօրինության հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել թանգարանի վերաբերյալ տեղեկատվական թերթիկները թարգմանել տարբեր լեզուներով։
«Շատ ոգևորված եմ, ֆանտաստիկա է ինձ համար, որ մենք դա պետք է անենք, հիսուն հոգի էլ իմանա թանգարանի մասին` նախաձեռնությունն իրագործված կհամարենք»,-ընդգծում է Երիտասարդական կոալիցիայի համակարգող Դիաննան։