Նախագահ
Հորս ծնողները ծագմամբ արևելյան Անատոլիայի Սամսունի և Թոքաթի շրջաններից են։ Այնտեղից նրանք գաղթում են Եգիպտոս, այնուհետև 1920թ․-ին հասնում Շվեյցարիա։ Լինելով ֆրանսերենի և փիլիսոփայության նախկին ուսուցիչ՝ այժմ ժամանակիս մեծ մասը տրամադրում եմ «ԿԱԶԱ»-ին աջակցելու գործին Եվրոպայում՝ ֆոնդեր հայթայթելով, Հայաստանում՝ տարեկան մի քանի անգամ կիսվելով աշխատանքային մեթոդներով և արժեքներով սկսած անձի նշանակությունից («պերսոնալիզմ»), կանանց աջակցությունից մինչ ֆրանկոֆոնիայի խթանում և զբոսաշրջության զարգացում։ Վերջինիս համար Եվրոպայում կամավոր հանդես եմ գալիս որպես ներկայացուցիչ: Ուրախությամբ եմ աջակցում «ԿԱԶԱ»-ում մեր երիտասարդների ինքնուրույնության կայացմանը և հիանում մեզ հավատարմորեն աջակցող բոլոր կազմակերպությունների և անհատների մեծահոգությամբ։
1997թ․-ի աշնանը ես բացահայտում էի Հայաստանը «Կոմիտաս» երգչախմբի հետ միասին, որի կազմում երգում էր ամուսինս։ Այդ ճանապարհորդությունը փոխեց իմ կյանքը։ Ցնցված հայերի մշակութային բարձր մակարդակի և տնտեսական ծանր կացության միջև հսկայական տարբերությամբ՝ որոշեցինք անհապաղ օգնություն ցուցաբերել և օգնել հայ երիտասարդներին մնալ իրենց երկրում ու այնտեղ կերտել քաղաքացիական հասարակություն։ Գործունեություն ծավալեցինք մասնավորապես Գյումրիում՝ Արգինայից ոչ հեռու (այժմ՝ Թուրքիայում), կամ Արևմտյան Հայաստանից գաղթած հայերով բնակեցված նույնանուն Արգինա գյուղում (Արմավիրի մարզ, ՀՀ), որը հայտնի է իր քաղցրահամ ծիրանով։
Ֆինանսական պատասխանատու
Հայաստան գալու երկու պատճառ ունեի՝ կինս, ով ծագումով հայ է, և երգը։ Եկա 1997թ․-ին «Կոմիտաս» երգչախմբի հետ՝ տոնելու վերջինիս տասնամյակը։ Տարբեր հիմնադրամների և «ԿԱԶԱ»-ի բարեկամների աջակցության շնորհիվ իրականացրած ավելի քան 40 շինարարական ծրագրերի միջոցով բացահայտեցինք Հայաստանի բազմաթիվ գյուղական համայնքներ և հասկացանք գյուղատնտեսությանն աջակցելու կարևորությունը՝ որպես երկրի սնման աղբյուրներից մեկը՝ հեռավոր շրջանները դատարկվելուց զերծ պահելու համար։ Լինելով թոշակառու ուսուցիչ՝ ուրախ եմ, որ կարողանում եմ մշակել և հայ երիտասարդներին փոխանցել կառավարման գործիքներ և մարդկային զարգացման հմտություններ։
Անդամ
Ֆրանսիացի եմ, 25 տարի ճամփորդել եմ աշխարհով մեկ ամուսնուս և մեր 5 երեխաների հետ: Ծառայելով տարբեր ասոցիացիաներում և հասարակական կազմակերպություններում, սկզբում՝ Հայիթիում, ապա Աֆրիկայում (Բենին, Գանա, Թունիս) և Մերձավոր Արևելքում (Լիբանան, Սիրիա), ես հանդիպեցի առաջին հայկական համայնքներին: Բազմաշերտ երկիր, աշխատասեր, հարուստ ինտելեկտով ու հերոսական ժողովուրդ։ Գիտակցում եմ, որ յուրաքանչյուր հանդիպում կյանքում ունի որոշակի նշանակություն: Ներգրավվելով է, որ բացահայտում և ավելի լավ ենք հասկանում երկիրը և նրա բնակիչներին։ Այս գիտակցմամբ ես շատ արագ ներգրավվեցի «ԿԱԶԱ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմում: Հիմնադրամի մարդասիրական և պատասխանատվության արժեքները համահունչ են իմ՝ որպես կյանքի քոուչի և կոնֆլիկների կառավարման մասնագետի արժեքներին: Ինձ համար պատիվ է այսօր միանալ Հոգաբարձուների խորհրդին՝ աջակցելու, ուղեկցելու և առաջ մղելու «ԿԱԶԱ»-ի թիմը և ծրագրերը: Շնորհակալություն վստահության և «ԿԱԶԱ»-ի զարգացող «արկածներին» մասնակցելու հնարավորության համար:
Անդամ
Ինչու՞ «ԿԱԶԱ»-ն, ինչու՞ Հայաստանը:
Այնպես պատահեց, որ 2016թ. հոկտեմբերին ես կնոջս ու ընտանիքիս վեց այլ անդամների հետ մեկնեցի ճամփորդության՝ բացահայտելու Հայաստանի սրբազան վայրերը: Պետք է ասեմ, որ բոլորս տպավորված էինք այդ փորձառությամբ. Հայաստանը հայելու պես անդրադարձնում էր մեզ պատկերներ մեր սեփական անցյալից՝ անձնական ու մշակութային: Արդյունքը երաշխավորված էր: Ինչ վերաբերում է ինձ, պատմության և աշխարհաքաղաքականության հանդեպ իմ կիրքը և Արևելքի քրիստոնյաների պաշտպանության հարցում հետաքրքրվածությունը թույլ էին տալիս լրիվ օտար չզգալ երկրին: Սակայն պետք է խոստովանեմ, որ ծանոթությունը հայերի և հայ մշակույթի հետ եկավ լրացնելու այն, ինչ պակասում էր, որպեսզի ինտելեկտուալ, մի քիչ տեսական հետաքրքրությունս այս փոքրիկ երկրի նկատմամբ իսկական սիրո վերածվի: Ուստի, երբ Ռոբեր Դոլդուրյանը, որի հետ ծանոթացել էի այդ ճամփորդության ընթացքում, և որն ինձ համար իսկական ընկեր էր դարձել, հարցրեց՝ արդյոք կարող եմ փոխարինել իրեն «ԿԱԶԱ» հիմնադրամին կառավարման հարցերում աջակցելու իր առաքելության մեջ, ես անմիջապես համաձայնեցի: Իմ առաջին շփումները հիմնադրամի ղեկավարության հետ շատ հաճելի տպավորություն թողեցին. առիթ ունեցա գնահատելու տեղի թիմերի արհեստավարժությունը և այդ ամենի շարժիչ ուժ հանդիսացող մտայնությունը՝ Մոնիկի և Դարիոյի բարեհամբույր ու խանդավառ ղեկավարության ներքո: Բացի այդ, Մոնիկի, Դարիոյի, Վերոնիկի, Անահիտի և որոշ ժամանակով դեռևս Ռոբերի հետ ևս մենք մի Հոգաբարձուների խորհուրդ ենք կազմում, որի՝ փոխլրացնող հմտություններով օժտված անդամները, համոզված եմ, նշանակալի հավելյալ արժեք են բերելու «ԿԱԶԱ»-ի ծրագրերի զարգացմանը՝ հավատարիմ մնալով վերջինիս խարտիային և էթիկային՝ արժեքներ, որոնց ինքս խորապես դավանում եմ: