«ԿԱԶԱ» հիմնադրամի առաքելության կարևորագույն ուղղություններն են սոցիալ-տնտեսական, մշակութային և իհարկե կրթական ոլորտները։ Հիմնադրամի ուշադրության կենտրոնում են ինչպես դժվարին իրավիճակներում հայտնված խոցելի տեղաբնակներն, այնպես էլ մեր երկրում ապաստանած օտարերկրյա քաղաքացիները։ Տարիներ շարունակ սիրով ու մեծ հետևողականությամբ իրականցված բազմաթիվ ծրագրերը դրա վառ ապացույցն են։
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿ ՓԳՀ) ֆինանսավորմամբ «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամն այս տարվա օգոստոսից կրկին մեկնարկել է հայոց լեզվի դասընթացները։ Դասընթացի շահառուները տեղահանված, ՀՀ-ում ապաստան ստացած ու փախստական ճանաչված ոչ հայազգի անձինք են։ Նախաձեռնությունը միավորում է կրթական ու մարդասիրական բաղադրիչները և նպատակ ունի հայոց լեզվի ուսուցման միջոցով նպաստել Հայաստանում նրանց դյուրին ու արագ ինտեգրմանը։
Հաշվի առնելով ստեղծված համավարակային իրադրությունը և անվտանգության նկատառումներից ելնելով՝ դասերն իրականացվում են առցանց։
«Նախկինում դասընթացներն իրականացնում էինք Երևանի «Հատուկ կացարան»-ում՝ տեղի բնակիչների համար։ Հետագայում անհրաժեշտություն առաջացավ դասեր կազմակերպել նաև «Էսպաս» կենտրոնում՝ կացարանի բնակիչ չհանդիսացող, բայց փախստականի կարգավիճակ ունեցող այլ անձանց համար։ Ուրախ եմ նշել, որ այժմ ունենք երեք խումբ՝ երկուսը սկսնակների համար, մեկը՝ միջին մակարդակի ուսանողների։ Մասնակիցները տարբեր երկրներից են. կան արաբախոս, պարսկախոս ու իսպանախոս ուսանողներ։ Դասերի շնորհիվ նրանք սկսում են հաղորդակցվել հայերեն և հետևաբար հեշտությամբ ադապտացվում են հայկական միջավայրում»,-նշում է ծրագրի պատասխանատու Նվարդ Գրիգորյանը։
Լեզուն մատուցվում է մատչելի ու հետաքրքիր, ինչը սովորելու գործընթացն առավել հաճելի է դարձնում։ «Դասերի կազմակերպումն ու ընտրված մեթոդաբանությունն առաջին հերթին հիմնված են շահառուների կարիքների վրա։ Հաշվի ենք առնում հասարակության մեջ արագ ինտեգրվելուն նպաստող առաջնային բառապաշարը, քերականության մատչելի մատուցումը և, անշուշտ, բանավոր խոսքի և հաղորդակցվելու կարևորությունը։ Համադրելով կրթական ինտերակտիվ և ֆորմալ մոդելները՝ դասապրոցեսն առավելագույնս հետաքրքիր ենք անցկացնում»,-նշում է դասընթացավար, արաբագետ Ինեսսա Փամբուխչյանը։
Հայերենն ուսանելու շուրջ համախմբումը հնարավորություն է տալիս փախստականներին նաև ծանոթանալու, ավելի լավ ճանաչելու միմյանց և ընկերական հարաբերություններ ձևավորելու։ Ստեղծված միջմշակութային միջավայրը հետաքրքիր փորձառություն ու մարտահրավեր է նաև դասավանդողների համար։ «Աշխատանքի հիմնական մարտահրավերը տարբեր հայացքներով, մշակույթներով, լեզուներով ու աշխարհընկալմամբ մարդկանց մի մեծ գաղափարի շուրջ ամուր կերպով միավորելն է։ Եվ այդ գաղափարն է սովորելը։ Առաջին իսկ դասի ժամանակ մենք արձանագրում ենք, որ սովորելու ենք ոչ միայն հայերեն, և սովորելու են ոչ միայն աշակերտները, այլ նաև՝ ուսուցիչը։
Ջերմ և ընկերական միջավայրի ապահովումն ու պահպանումը հեշտ չէ։ Բայց դա խոստանում է հիմք դառնալ փոխադարձ օգնության և ուշադրության ձևավորման համար, ինչի արդյունքում խմբի յուրաքանչյուր անդամ ունի ներուժ դառնալու մոտիվացիա, ներշնչանք կամ պարզապես նոր գիտելիքի աղբյուր մյուսի համար»,-ասում է Անգելինա Գաբրիելյանը, ով իրանագետ է ու արդեն տևական ժամանակ է հայերեն է սովորեցնում պարսկախոս փախստականներին։
Դասընթացին մասնակցել կարող է 14 տարին լրացած բոլոր տեղահանված, ՀՀ-ում ապաստան ստացած ու փախստական ճանաչված ոչ հայազգի անձինք։ Գլխավոր չափորոշիչը սովորելու ցանկությունն ու անձնական մոտիվացիան են։ Հիմնվելով տարիների ընթացքում կուտակած փորձառության, արված ուսումնասիրությունների վրա՝ որոշվել է դասընթացի տևողությունը սահմանել 6 ամիս։ Այս ժամանակահատվածը բավարար է հայերենի հիմնարար գիտելիքներ ստանալու և առօրյայում առանց դժվարության հաղորդակցվելու համար։ Յուրաքանչյուր սովորողի հանդեպ ցուցաբերվող անհատական մոտեցման և դասապրոցեսի ճկուն կազմակերպման շնորհիվ դասընթացներին հնարավոր է միանալ նաև երկրորդ, երրորդ ամսից սկսած։
Բազմաթիվ են դեպքերը, երբ փախստականները դասընթացն ավարտլուց հետո կարողանում են ոչ միայն արագորեն ինտեգրվել հասարակության մեջ, այլև առանց խոչընդոտների աշխատում են հայախոս միջավայրում։ «Ունեմ աշակերտ, ով հայերենի ուսուցումը սկսել է «ուսուցիչ, շատ դժվար է» կայուն մտահոգությամբ, սակայն ներկայումս աշխատում է բացառապես հայախոս միջավայրում և դիմադրում է զանազան բարդ իրավիճակների՝ օգտագործելով լեզուն։ Դասընթացի բոլոր փուլերում կարևոր են ժպիտը, հումորը և թեթևությունը։ Դրա շնորհիվ են ձևավորվում փոքր ավանդույթներ ու կատակներ (ինչպես, օրինակ, «ռ» տառին «վայրի «ր» կոչելը), որոնք փոխանցվում են խմբից խումբ, դառնում են անհասկանալին տրամաբանորեն մեկնաբանելու մեծ քայլ և «ուսուցիչ, շատ դժվար է»-ն հաղթահարելու անբեկանելի կամք»,-ժպիտով և մեծ հպարտությամբ եզրափակեց Անգելինան։