Շրջակա միջավայրի պահպանություն, բնական պաշարների ողջամիտ և անվտանգ օգտագործում, պայքար գլոբալ տաքացման դեմ. այս հիմնախնդիրներն արդեն մի քանի տասնամյակ շարունակ գտնվում են միջազգային հանրության քննարկումների կիզակետում։ Բացի այդ, բազմաթիվ երկրներում դպրոցական մի շարք ուսումնական ծրագրերում առավել լայն ընդգրկում են ստանում շրջակա միջավայրի պահպանությունը, ինչպես նաև անդրադարձը բնապահպանական լոկալ ու գլոբալ խնդիրներին։
«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամը նույնպես կարևորում է կրթության առանցքային դերը կայուն զարգացման գործում։ Տարեսկզբին Կայուն զարգացման ուսուցման նոր ծրագրի մեկնարկով հիմնադրամն իրականացրեց Լոռու մարզի Վանաձոր և Ալավերդի համայնքների 36 ուսուցիչների վերապատրաստում, որի նպատակը վերջիններիս թեմային առնչվող անհրաժեշտ մասնագիտական և մեթոդական գիտելիքներով զինելն էր։ Սույն ուսումնական նախագիծն ավելի վաղ Ֆրանսիայի Հայաստան հիմնադրամի կողմից անցկացված «Արևային Լոռի» ծրագրի եզրափակիչ փուլն էր։
Ծրագրի երկրորդ փուլից սկսած մանկավարժները սկսեցին կայուն զարգացմանը վերաբերող մասնագիտական գիտելիքներն ուսումնական դասընթացներում ներառելու գործընթացը։ Հարկ է նշել, որ ծրագրի վերջին փուլը ենթադրում էր աշակերտների կողմից կանաչ նախաձեռնությունների իրականցում, որոնք ուղղված կլինեին իրենց համայնքներում բնապահպանական խնդիրների մասին իրազեկմանը, ինչպես նաև դրանց լուծմանն ուղղված կոնկրետ քայլերի մշակմանը։ Սակայն, հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը, դասապրոցեսը տեղափոխվեց առցանց հարթակ։ Այսպիսով, նոր իրականությանը համապատասխան, ծրագիրը գտավ կանաչ նախաձեռնությունների իրականացման նոր լուծումներ. ուսուցիչները ձեռնամուխ եղան կայուն զարգացման կրթությանն առնչվող կրթական գործիքների ստեղծմանը, որոնք հետագայում այլ ուսուցիչներ ևս կարող էին կիրառել իրենց աշխատանքում։
Այդ ընթացքում մասնակիցներից մեկը` Վանաձորի 2-րդ հիմնական դպրոցի ֆիզիկայի և բնագիտության ուսուցչուհի Ծովինար Նիկողոսյանը, հանդես եկավ ինքնատիպ և հետաքրքիր մի նախաձեռնությամբ: Նրա ղեկավարությամբ և նախաձեռնությամբ 5-րդ դասարանի աշակերտներն իրականացրին բնապահպանական վարքագծի և գիտակցության ձևավորմանն ուղղված մի նախագիծ։ Աշակերտները պատրաստեցին տեսաֆիլմ, որտեղ պատմում էին այլընտրանքային էներգիայի աղբյուրների, նրանց տեսակների, դերի ու արդյունավետության մասին։ Ֆիլմում նրանք նախանձելի ոգևորությամբ ու տեղեկացվածությամբ անդրադարձան նաև էներգիայի անսպառ աղբյուրների տնտեսական շահավետ բնույթին և շրջակա միջավայրի վրա ունեցած բարենպաստ ազդեցությանը։
«Հիմնական նպատակս աշակերտների մոտ այս կարևորագույն թեմայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելն ու նրանց ներգրավվածությունը խթանելն էր։ Աշխատանքի այս նոր մեթոդը մեծ ոգևուրություն առաջացրեց վերջիններիս մոտ. նույնիսկ նրանք, ովքեր հետաքրքրված չէին նախագծով և չէին ցանկանում մասնակցել, ընկերների աշխատանքի արդյունքը տեսնելուց հետո մոտիվացվեցին և կարճ ժամանակահատվածում յուրաքանչյուրն արդեն իր սեփական նախագիծը պատրաստեց և ուղարկեց»,- անթաքույց հպարտությամբ պատմում է տիկին Նիկողոսյանը։ Վերջինս հավելեց, որ այս նախաձեռնությունն առիթ դարձավ, որ աշակերտները սկսեն լրջությամբ մտածել շրջակա միջավայրի վրա իրենց ապրելակերպի հետևանքների, Հայաստանում և հատկապես Լոռու մարզում առկա խնդիրների հնարավոր լուծումների վերաբերյալ: «Մեծագույն ցանկությունս է, որ մեր դասերի շնորհիվ երեխաների մոտ շրջակա միջավայրի նկատմամաբ պատասխանատու վարքագիծ ձևավորվի։ Նման միջառարկայական մոտեցումը, որը ներառում է ինչպես տեսական, այնպես էլ գործնական գիտելիքներ, կօգնի աշակերտներին առավել հստակ պատկերացում կազմել շրջակա միջավայրի դերի ու նշանակության մասին»,-համոզված է տիկին Նիկողոսյանը։
Ապագայի ծրագրերը բազմաթիվ են, բայց վերջիններիս իրագործման հիմնական խոչընդոտն անհրաժեշտ ռեսուրսների բացակայությունն է, կարիքը տարբեր կրթական ծրագրերից իրազեկված լինելու և համագործակցային կապեր հաստատելու. «Ունենք բազմաթիվ ծրագրեր, ինչպես, օրինակ, աշակերտների նախաձեռնությամբ դպրոցում փայտամշակման կենտրոնի հիմնումը։ Մեր տարածաշրջանն աչքի է ընկնում նաև դեղաբույսերի մեծ բազմազանությամբ. ունենք ծրագիր աշակերտների մասնակցությամբ խոտաբույսերի հավաք իրականացնելու և հետագայում համապատասխան փաթեթավորմամբ վաճառելու։ Ամբողջ հասույթն այնուհետև կցանկանայինք տրամադրել համայնքի բնապահպանական հիմնախնդիրների լուծմանն ու էկոտուրիզմի զարգացմանը»։
Սոցիալական ձեռնարկությունների հիմնման և զարգացման հմտություններին ծանոթանալու, ինչպես նաև տարբեր ոլորտներում փորձ և գիտելիք ունեցող մասնագետների հետ համագործակցային կապերի հաստատման հարթակներում ներկայանալու հնարավորության դեպքում, համոզված ենք, դպրոցը կկարողանա նպաստել համայնքի կենսակայուն ու շարունակական զարգացմանը. «Հուսով եմ, որ նշածս ծրագրերի իրականացմանն ուղղված մեր ջանքերը մի գեղեցիկ օր հաջողությամբ կպսակվեն, քանի որ վերջիններիս հիմնական նպատակը երեխաներին բնապահպանական արդի խնդիրների մասին իրազեկելն ու կայուն զարգացման ակտիվ դերակատարներ դարձնելն է»,- եզրափակեց մեր զրուցակիցը։