Հոկտեմբերի 14-ին մոտ 250 հրավիրյալներ հավաքվել էին խորհրդանշական մի վայրում՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում՝ նշելու « ԿԱԶԱ »-ի 20-ամյակը։ Խորհրդանշական, քանի որ Հիմնադրամի անվան հիմքում՝ KOMITAS Action Suisse-Arménie, ընկած է հենց հայ մեծն երաժշտի անունը։ Ողջ միջոցառումն անցավ հուզիչ մթնոլորտում․ հուզումնալի էին և՛ ելույթները, և՛ կոմիտասյան երաժշտությունը « Լույս » վոկալ հնգյակի կատարմամբ, և՛ Հիմնադրամի այժմյան գործունեության մասին պատմող ֆիլմը, և՛ « ԿԱԶԱ »-ի շնորհիվ առաջ բերված փոփոխության 20 պատմություն ներկայացնող լուսանկարչական ցուցահանդեսը։
ՀՀ Ազգային ժողովի նախագահ և Հիմնադրամի գործընկեր Արա Բաբլոյանի ուղերձը (ընթերցված Հիմնադրամի տնօրեն Անահիտ Մինասյանի կողմից, քանի որ պարոն Բաբլոյանը գործնական այցով բացակայում էր երկրից), ինչպես նաև « ԿԱԶԱ »-ի նախագահ Մոնիկ Բոնդոլֆիի, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Լուկաս Գասերի, ՄԱԿ ՓԳՀ-ի հայաստանյան ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթի, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդության քաղաքականության վարչության պետ Թամարա Թորոսյանի ելույթները թույլ տվեցին մի կողմից անդրադառնալ Հիմնադրամի ակունքներին, մյուս կողմից՝ ցույց տալ նրա գործունեության ողջ զարգացումն ու բազմազանությունն իր գոյության երկու տասնամյակների ընթացքում՝ սկսած մարդասիրական և շինարարական ծրագրերից մինչև տեղահանված անձանց հետ աշխատանք, աջակցություն երիտասարդների զբաղվածությանը և ակտիվ քաղաքացիության զարգացում, ինչպես նաև կենսակայուն գյուղատնտեսական և զբոսաշրջային մոդելների խթանում։
Սովորական տարեդարձից անդին՝ 20-ամյակին նվիրված երեկոն նաև նպատակ ուներ վերահաստատել « ԿԱԶԱ »-ի կամքը՝ շարունակել ուղին՝ միաժամանակ հավատարիմ մնալով իր արժեքներին և համապատասխանեցնելով իր գործունեությունն արագ զարգացող աշխարհի կարիքներին։ Այսպիսով, Հիմնադրամը կշարունակի իր թիրախավորված ծրագրերի միջոցով երկարաև դրական փոփոխություններ առաջ բերել բազմաթիվ հայաստանաբնակների կյանքում։ Եվ կանի դա՝ կրկին հիմնվելով տեղական և միջազգային գործընկերների հետ իր համագործակցության, ճկուն և անձնվեր թիմերի, խանդավառ կամավորների մի ամբողջ բանակի և իր շահառուների ակտիվ ներգրավվածության վրա։ Քանզի մի՞թե ավելի կարևոր չէ սովորեցնել ձուկ որսալ, քան պարզապես ձուկ նվիրել․․․