Վերջին տարիներին զգալիորեն աճել է Պարսից ծոցի արաբական երկրներից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը, ինչն առաջացնում է արաբախոս զբոսավարների զգալի պահանջարկ: Միաժամանակ, 2011թ.-ին Սիրիայում ծագած հակամարտությունը հազարավոր հայերի ստիպել է ապաստան փնտրել Հայաստանում՝ իրենց հետ բերելով նոր մշակույթ և արաբախոսների նոր հոսք: Վեր հանելով Հայաստանում արաբախոս զբոսավարների պակասը՝ «ԿԱԶԱ» հիմնադրամը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը (ԳՄՀԸ՝ GIZ) 2017թ.-ին միասին ձեռնարկեցին սիրիահայ զբոսավարների հմտությունների բարելավմանն ուղղված կարճատև մի ծրագիր, որի նպատակն էր վերջիններիս տնտեսական ինքնաբավության առավել մեծ հնարավորություններ շնորհել:
Սիրիահայ զբոսավարների խումբ կազմելը բարդ բան չէր. անհրաժեշտ էր ընդամենը ստուգել «ԿԱԶԱ»-ի կողմից տարիներ ի վեր առաջարկվող զբոսավարների (վերա)պատրաստման դասընթացի տվյալների բազան, որին բազմաթիվ սիրիահայեր էին արդեն հասցրել մասնակցել: Ծրագիրը մեկնարկեց հոկտեմբերի կեսին՝ նախկին մասնակիցների հետ կապը վերահաստատելուց հետո:
Ծրագիրը բաղկացած էր անհատական հանդիպումներից ու առցանց խորհրդատվություններից, ինչպես նաև մի շարք մասնագիտական հանդիպումներից ու դասընթացներից և երեք այցից, որոնք բոլորը միտված էին տասը մասնակիցների հմտությունների ամրապնդմանը՝ ընձեռելով գործնական աշխատանքներ կատարելու բազմաթիվ առիթներ, մինչդեռ պատասխանատուների մեկնաբանությունները և յուրաքանչյուր հանդիպմանը հաջորդող կարծիքների փոխանակումները թույլ էին տալիս ևս մեկ անգամ նշել բարելավման ենթակա կետերը՝ քաջալերելով հետագա շարունակական անհատական աշխատանքը:
Այսպիսով, կազմակերպված այցերը (պտույտ Երևան քաղաքում, Արագածոտնի և Արմավիրի մարզերի բացահայտում) թույլ տվեցին անմիջապես կիրառության մեջ դնել երկու՝ «Ինչպես կառուցել երթուղիներ և մշակել բյուջեներ», «Բրենդավորում և մարքեթինգ» դասընթացների ընթացքում ձեռք բերված գիտելիքները: Միևնույն ժամանակ դրանք մասնակից զբոսավարներին առիթ ընձեռեցին բացահայտելու դասական երթուղիներից դուրս մնացած վայրեր ու հայկական ավանդույթներ (ինչպես օրինակ՝ լավաշի, ղափամայի և ավանդական արիշտայի պատրաստում) որոնք ունակ են հետաքրքրելու արաբախոս զբոսաշրջիկներին, բացահայտելու զբոսաշրջության ոլորտի դերակատարների և ընդլայնելու իրենց ցանցը՝ կապեր ստեղծելով պոտենցիալ գործընկերների հետ: Իսկ «Արենի փառատոն» հիմնադրամի տնօրեն Նունե Մանուկյանի հետ հանդիպումը՝ նվիրված փառատոնների կարևորությանն ու դերին զբոսաշրջության զարգացման տեսանկյունից, թույլ տվեց մասնավորապես տեղեկանալ ոլորտի ներկայիս և հետագա միտումներին:
Չնայած ծրագիրը հունվարին պաշտոնապես ավարտվել է, դրա շոշափելի արդյունքները տեսանելի կլինեն հատկապես գալիք գարնանից սկսած՝ զբոսաշրջության շրջանի բացման հետ մեկտեղ, ինչպես նաև ապագա «Սիրիահայ զբոսավարների միության» գործունեության միջոցով, որի ստեղծման գաղափարը, ի դեպ, ծագեց հենց ծրագրի ընթացքում: