Ծնող լինելն արվեստ է, հետևաբար մշտապես սովորել, ավելի հմտանալ ու կատարելագործվել է ենթադրում: Գյումրեցի ծնողներին հենց նման հնարավորություն տալու համար էր, որ «Արևամանուկ» ընտանիքի և երեխայի խնամքի հիմնադրամը 2013թ.-ին նախաձեռնեց «Ծնողների դպրոց» ծրագիրը: Այսօր այն իրականացվում է «ԿԱԶԱ» հիմնադրամի հետ համագործակցությամբ՝ վերջինիս «Երեխաների և դեռահասների զարգացման ծրագրի» և «Հովանավորյալ ընտանիքներ» ծրագրի շահառու ծնողների մասնակցությամբ:
Արդեն մի քանի շաբաթ շարունակ գյումրեցի 16 մայրիկներ մասնակցում են դասընթացների շարքին, որոնց նպատակն է ծնողներին իրազեկել ծնողավարման, ծնող-երեխա փոխհարաբերությունների, երեխաների զարգացման, դաստիարակության դրական և արդյունավետ միջամտությունների մասին: Ութ մասնակցից բաղկացած երկու առանձին խմբով անցկացվող հանդիպումները վարում են «Արևամանուկ» հիմնադրամի հոգեբանները:
Մեծ են մասնակիցների ակնկալիքները ծնող-երեխա փոխհարաբերությունների լավացման, ընտանեկան ներդաշնակության, սեփական երեխային ավելի լավ ճանաչելու և հասկանալու տեսանկյունից: «Աղջկաս հետ փոխհարաբերություններում այժմ սկսել եմ կարևորություն տալ այն ամենին, ինչն ինձ նախկինում մանրուք էր թվում»,- կիսվում է նրանցից մեկը: Իսկ մեկ այլ երիտասարդ կնոջ ծրագրի ընթացքում ստացած գիտելիքների շնորհիվ հաջողվել է վերջ տալ իր դեռահաս աղջկա հետ չընդհանտվող տարաձայնություններին, որոնք միշտ ավարտվում էին մայրիկի զայրույթի պոռթկումով ու դստեր ըմբոստությամբ: Իրական երկխոսությանն ուղղված իր ջանքերի շնորհիվ ծնողը դստեր հետ արդեն խոսում է անգամ այն թեմաների շուրջ, որոնցից նախկինում ամաչում էր. «Իմ աղջիկն է. Ինձնից լավ էլ ո՞վ պետք է հասկանա, ո՞վ պետք է օգնի անցնել կյանքի անցումային այս փուլը:»,- նշում է նա: Հենց այս անկեղծությունն էլ «Արևամանուկ» հիմնադրամի տնօրեն Արմինե Գմյուր-Կարապետյանը համարում է ծրագրի «աղն» ու տարվող աշխատանքի արդյունավետության գրավականը:
«Բավականություն եմ ստանում ծնողների հետ աշխատելիս: Խմբի մասնակից յուրաքանչյուր ծնողից ինչ-որ բան եմ սովորում:»,- իր հերթին նշում է հոգեբան Կարինե Միրզոյանը՝ հավելելով. «Մեր աշխատանքի լավագույն գնահատականը ծրագրի ընթացքում ծնողների մոտ նկատած դրական փոփոխություններն են:»: Իսկ հոգեբան Ելենա Հովհաննիսյանը մանրամասնում է. «Մասնակիցներն ավելի զգայուն են դառնում իրենց ընտանիքի նկատմամբ, ձեռք են բերում լայն մտահորիզոն, փորձում են սեփական կարծիքը հայտնել ընտանիքում, որպես ծնող դառնում են ավելի ինքնավստահ:»:
Ծնողների դպրոցը շարունակական է. ներկա փուլի մասնակիցները շուտով կզիջեն իրենց տեղը ծնողների նոր խմբերի: Իսկ իրենք էլ արդեն ինքնուրույն կշարունակեն ծնողի իրենց ուղին՝ որպես ուղեցույց ունենալով նաև ծրագրի շրջանակներում Ա. Գմյուր-Կարապետյանի կողմից կազմված «Ծնողավարում» գիրքը (հիմնված է բրիտանական մոդելի վրա):