Նպաստել երիտասարդների զարգացմանը նորարարական և արդյունավետ մեթոդների կիրառմամբ. սա «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ռազմավարական ուղղություններից մեկն է և նրա թիմի ամենօրյա աշխատանքը տարիներ ի վեր: Այսպես, հիմնադրամը սկսել էր (վերա)պատրաստել երիտասարդական աշխատողներ դեռևս այն ժամանակ, երբ այդ մասնագիտությունը Հայաստանում տարածված և ընդունված չէր: «Մեր դասընթացների ընթացքում նկատեցինք, որ հայալեզու և մեր իրականությանը համապատասխանող ուսուցողական ռեսուրսների պակաս կա: Հենց դա էլ հիմք հանդիսացավ մշակելու «Երիտասարդները հանուն հասարակության» ձեռնարկը սկսնակ երիտասարդական աշխատողների համար և քաղաքացիական կրթությունը խթանող մեր առաջին խաղերը»,- պատմում է հիմնադրամի կրթական ծրագրերի պատասխանատու Կարինե Ստեփանյանը:
Այսպես սկսվեց «ԿԱԶԱ»-ի ճամփորդությունը խաղերի աշխարհում, որն անդադար զարգացում է ապրում, քանի որ ստեղծված բոլոր ռեսուրսները շատ արագ իրենց արդյունավետ կիրառությունը գտան հիմնադրամի շրջանակներից դուրս ևս՝ տարատեսակ ոչ ֆորմալ և նույնիսկ ֆորմալ կրթական միջավայրերում: 2019թ. «ԿԱԶԱ»-ն գերմանական Brot für die Welt կազմակերպության հետ համագործակցության շրջանակներում ստեղծեց այս անգամ միջմշակութային հաղորդակցության վերաբերյալ երկու նոր խաղ՝ «Սիմբոլուս»-ը և «Քարկապ»-ը:
Համաշխարհային միտում, որ Հայաստանում առաջխաղացնում է «ԿԱԶԱ»-ն
«Գեյմիֆիկացիան համաշխարհային միտում է, որն այսօր կիրառվում է բոլոր ոլորտներում, անգամ՝ բիզնեսի և քաղաքականության մեջ: Կրթական գործընթացում մոդելավորումն ու խաղայնացումը, բնականաբար, ավելի կարևոր և արդյունավետ են. լսել դասախոսություն որևէ թեմայի վերաբերյալ՝ անգամ հանրաճանաչ մասնագետից, ու նույն թեմային ծանոթանալ անձնական փորձառության միջոցով մոդելավորված խաղային գործընթացի ընթացքում նույն արդյունքը չունեն»,- նշում է միջմշակութային կրթության միջազգային փորձագետ Արեգ Թադևոսյանը, որը մեծ ներդրում է ունեցել հիմնադրամի խաղերի բովանդակային մշակման գործում:
«Լոկալ արտադրության կրթական խաղերի ստեղծման ոլորտում «ԿԱԶԱ»-ի ներդրումը շատ ողջունելի է. իսկապես ունենք դրա կարիքը»,- նկատում է Արեգը: Ինչ վերաբերում է նոր խաղերին, «դրանց նպատակն է մի դեպքում զարգացնել խաղացողների միջմշակութային հաղորդակցության հմտությունները՝ նրանց օգնելու համար ճիշտ կողմնորոշվել միջմշակութային բարդ իրավիճակներում իրական կյանքում, մյուս դեպքում՝ նրանց միջմշակութային հոտառությունը՝ առաջարկելով ուսումնասիրել տարատեսակ խորհրդանշաններ ու դրանց նշանակությունները, որոնք կարող են էապես տարբերվել՝ կախված մշակույթից»:
Իսկ ինչու՞ մենք կարիք ունենք միջմշակութային ավելի արդյունավետ հաղորդակցության: «Այսօր սահմանների բացմանը և միգրացիոն մեծ հոսքերին զուգահեռ անընդհատ ավելանում են միջմշակութային հաղորդակցության առիթները, ուստի մենք պետք է ավելի շատ ջանք ներդնենք՝ զարգացնելու համար մեր միջմշակութային հմտությունները»,- համարում է Արեգը և բացատրում. «Աշխարհաքաղաքական և պատմական համատեքստից ելնելով՝ հայ ժողովուրդը միշտ գտնվել է քաղաքակրթությունների խաչմերուկում և ունի միջմշակութային հաղորդակցության լավ պաշար. հիշենք Մետաքսի ճանապարհի հայ վաճառականներին: Միևնույն ժամանակ, մեզ պակասում են միջմշակութային փորձառությունն ու գիտելիքները Սովետական միության կազմում մեր ոչ վաղ անցյալի, շրջափակման և մոնոէթնիկության /ՀՀ բնակչության 98%-ը էթնիկ հայեր են/ պատճառով: Այսպիսով, երբ մեր փողոցներում մարդիկ սևամորթի հանդիպելիս ուշադիր նայում կամ խեթում են, պատճառն այն չէ, որ վատ են վերաբերվում նրան, այլ որ նախկինում երբեք սևամորթների հետ շփման փորձառություն չեն ունեցել»,- համոզված է Արեգը:
Սեփական մշակույթի պրիզման՝ մեր կարծրատիպերի հիմքում
Նաիրա Մխիթարյանը վարել է «Քարկապ» խաղը Լոռու մարզի մի խումբ ուսուցիչների մասնակցությամբ: «Նրանք այնքան ոգևորված էին, բայց հաճախ նաև ցնցված տարբեր ժողովուրդների ավանդույթների ու միջմշակութային իրավիճակների օրինակներից, որոնք ընկալում էին բացառապես իրենց սեփական մշակույթի պրիզմայի միջով»,- նշում է Նաիրան: «Օրինակ, նրանք չէին կարողանում հասկանալ ատամները խարտելու ավանդույթի իմաստը, որը կարևոր և պարտադիր անցումային ծես է Բալիում. ըստ մեր ուսուցչուհիների՝ այդ ավանդույթը չի կարող տեղի կանանց գեղեցկացնել, հետևաբար նրանք չեն կարող երջանիկ զգալ իրենց,- նկատում է Նաիրան և հավելում. «Մենք իսկապես կարիք ունենք ճանաչելու այլ մշակույթներ, աշխատելու մեր կարծրատիպերի վրա, և այս խաղերը տալիս են այդ հնարավորությունը»:
Մտահորիզոնի ընդլայնում
«ԿԱԶԱ»-ի կամավոր Նարինե Նուշերվանյանը «Սիմբոլուս» խաղի առաջին փորձարկողներից է եղել: «Այնքան հաճելի էր խաղալ և միաժամանակ այդքան նոր բան սովորել այլ մշակույթների մասին ընդամենը 60 րոպեում»,- խանդավառությամբ նշում է նա և շարունակում. «Ես սիրում եմ սեղանի խաղեր, սակայն սա առաջինն է, որ նման ծավալուն և հարուստ թեմատիկա է ընդգրկում և որ իսկապես օգնում է լայնացնել մտահորիզոնը»: Նարինեն նաև շատ է հավանել այն փաստը, որ հաղթելու համար բավարար չէ անհատական հաջողությունը. «Խաղի կանոնները մեզ ստիպում էին համագործակցել և հետաքրքրված լինել մյուս մասնակիցների հաջողությամբ ևս, քանի որ խաղն ավարտվում է ոչ թե այն ժամանակ, երբ մասնակիցներից մեկը հասնում է վերջնակետին, այլ միայն երբ բոլորն են հասնում վերջնակետին: Այս մոտեցմամբ «Սիմբոլուս»-ը շատ էր տարբերվում նմանատիպ խաղերից»:
Խաղի ընթացքում բազմաթիվ անգամներ Նարինեի գլխում նույն միտքն է ծագել՝ որքա՜ն հետաքրքիր բան կա աշխարհում, որ մենք չգիտենք և որ պետք է ուսումնասիրել. «Ես միշտ էլ համարել եմ, որ ծեսերն ու ավանդույթները շատ կարևոր են որևէ մշակույթ բացահայտելու և դրա ներկայացուցիչների հետ հաջողությամբ երկխոսելու համար: Բայց խաղից հետո ես ինքս ինձ համար կանոն սահմանեցի՝ ամեն անգամ որևէ երկիր այցելելուց առաջ անպայման ուսումնասիրել տվյալ ժողովրդի մշակութային առնվազն ամենահայտնի առանձնահատկությունները»:
Բարի երթ մաղթենք «ԿԱԶԱ»-ի նոր խաղերին Հայաստանում: Իսկ ավելի ուշ, ինչու ոչ, այլ երկրներում ևս՝ այս անգամ արդեն թարգմանված տարբերակով, երբ հայ երիտասարդների շրջանում դրանք կատարած կլինեն իրենց առաքելությունը: