Դարյա Ժումելը Եվրոպական համերաշխության կորպուսի (ԵՀԿ, անգլ․ European Solidarity Corps) ֆրանսիացի կամավոր է, որը 2019 թ.-ի դեկտեմբերից ի վեր իր առաքելությունն է իրականցնում Հայաստանում։ Նա առավելապես ներգրավված է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի զբոսաշրջային ծրագրերում։ Դարյայի հետ զրուցել ենք «ԿԱԶԱ»-ի Գյումրու կենտրոնի հյուրատան զարգացմանն ուղղված իր նախաձեռնության և Հիմնադրամի գործունեության թվայնացմանն առնչվող այլ հարցերի շուրջ:
Կպատմե՞ք «ԿԱԶԱ»-ում Ձեր փորձառության մասին և ինչու՞ որոշեցիք զբաղվել Հիմնադրամի հենց մարքեթինգային գործունեությամբ։
Կրթությամբ էլեկտրոնային անիմատոր եմ և մասնագիտանում եմ հատկապես բրենդինգ մարքեթինգի ոլորտում։ Բացի այդ, թվային մարքեթինգի, հաղորդակցության և առևտրի բնագավառներում բազմամյա փորձ ունեմ, ինչպես նաև Ֆրանսիայում որոշ ժամանակ աշխատել եմ նաև տուրիզմի ոլորտում։
«ԿԱԶԱ»-ում զբաղվում եմ սոցիալական հարթակներում վերջինիս վիզուալ ինքնության ստեղծմամբ, ռազմավարության մշակմամբ ու տուրիզմին վերաբերող գործունեության լուսաբանմամբ։
Գլխավոր նպատակս վիրտուալ հարթակներում Հիմնադրամի ճանաչելիության բարձրացումն է, բայց ավելի շատ՝ Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների միջև վերջինիս միջոցով կապի ստեղծումը։
Քաջատեղյակ լինելով ժամանակակից թրենդներից և տուրիզմի բնագավառում Ինստագրամի ունեցած մեծ դերը գիտակցելով՝ որոշեցի «ԿԱԶԱ»-ի ներկայությունն ապահովել նաև այդ հարթակում։
Այո, իրավացի եք։ Մեր օրերում ցանկացած գործունեության լուսաբանման գործում Ինստագրամն առավել քան անհրաժեշտ գործիք է։ Հետաքրքիր է իմանալ՝ հարթակն օգտագործում եք Հիմնադրամի բոլոր նախագծերի լուսաբանման համար, թե՞ այն մեծամասամբ ծառայում է զբոսաշրջային ծրագրերի առաջխաղացմանը։
Ինստագրամի էջն իմ կամավորական ծրագրի մաս է կազմում։ Նրա նպատակը «ԿԱԶԱ»-ի առավելապես կայուն և միասնական զբոսածրջությանը վերաբերող ծրագրերը խթանելն է։ Էջում պատմում ենք Գյումրիի մեր կենտրոնի, մեր թիմի, սոցիալական նախագծերի, քաղաքի և նրա աննկարագրելի մշակույթի մասին։
Ինչպես նշեցի, հիմնականում կենտրոնացած ենք Հիմնադրամի կողմից իրականացվող զբոսաշրջային ծրագրերի և հատկապես՝ հյուրատան գործունեության վրա։ «ԿԱԶԱ»-ի եզակիությունն ու ինքնատիպությունն այն է, որ ծրագրերից ստացված ողջ հասույթը ներդնում ենք կրթական ծրագրերում։ Խոսքն ուղղակի հյուրատան մասին չէ, որտեղ մարդիկ կգան, մեկ-երկու գիշեր կանցկացնեն ու կմեկնեն։ Հյուրերն էլ ուղղակի հյուրեր չեն, այլ մարդիկ, ովքեր իրենց անմիջական ներդրումն են ունենում համայնքային զարգացման բազմաթիվ ծրագրերում։ Նրանք ճամփորդում են, զվարճանում և միևնույն ժամանակ աջակցում համայնքի զարգացմանը։
Ձեր ո՞ր հատկանիշներն են օգնում այս նախագիծն իրականացնելիս։
Համարձակությունս և գաղափարներիս ինքնատիպությունը։ Արվեստի բնագավառում ստացածս ուսումն ինձ օգնել է գեղագիտական և տարբերվող մտածելակերպ ձևավորել։ Ինձ օգնում է նաև այն, որ տեխնոլոգիական նորարարությունների գիտակ եմ ու միշտ սիրում եմ հետևել թվային աշխարհի միտումներին։
Սեփական փորձովս եմ հասկացել, որ ասոցիացիաներն ու մարդասիրական հիմնադրամներն իրենց գործունեության ընդլայնման տեսանկյունից հաճախ կարիք ունեն թվային աշխարհում ավելի շատ տեսանելիության։ Այսպիսով, «ԿԱԶԱ»-ի մարդասիրական արժեքներն ու տեսլականն ինձ համար ոգեշնչման մեծ աղբյուր են։ Ցանկանում եմ ամեն գնով իմ ավանդն ունենալ Հիմնադրամի զարգացման գործում։
Ինչպե՞ս եք էջի միջոցով ապահովում շփումը հետևորդների հետ։ Տեղեկացնու՞մ եք արդյոք միջոցառումների մասին, բացահայտու՞մ եք Հիմնադրամի ետնաբեմը։
Դժբախտաբար կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակը թույլ չի տալիս գործի դնել մեր ողջ ներուժը։ Հետևորդների հետ կապն ապահովում ենք մեր ծրագրերի մասին տեղեկացնող նկարների, տեսանյութերի, խաղ-մրցույթների միջոցով։ Կցանկանայինք հետագայում կազմակերպել նաև ռեպորտաժներ ու հարցազրույցներ։
Մարքեթինգային ռազմավարությունը մշակելիս ի՞նչ երկարաժամկետ նպատակ էիք հետապնդում։
Առաջին հերթին կցանկանայի մինչ մեկնելս «ԿԱԶԱ»-ին լիովին պատրաստ և ինտերակտիվ ինստագրամյան էջով ապահովել, ինչպես նաև գործընկերներիս փոխանցել թվային հաղորդակցման ոլորտում ունեցածս փորձը, որպեսզի նրանք կարողանան շարունակել այս հրաշալի նախաձեռնությունը։
Իսկ երկարաժամկետ նպատակս մեր հյուրատանը միջազգային տեսանելիություն հաղորդելն է։ Հիանալի կլիներ, եթե կարողանայինք համագործակցային կապեր հաստատել նույն փիլիսոփայությամբ առաջնորդվող օտարերկրյա հյուրատների հետ։ Միջազգային գործընկերներ ձեռք բերելով՝ ավելի շատ այցելուներ կտեղեկանային Գյումրիի հյուրատան մասին