Գյումրու ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցի առթիվ սույն թվականի դեկտեմբերի 8-ին՝ «ԿԱԶԱ» հիմնադրամի Գյումրու սոցիալ-ուսուցողական և զարգացման կենտրոնում, տեղի ունեցավ ֆրանսահայ լրագրող և լուսանկարիչ Պասկալ Մագեզյանի «Գյումրեցի Մարտինը կամ Քառասունքի երդումը» գրքի շնորհանդեսը:
Գրքի հերոսը՝ գյումրեցի Մարտին Փաշայանն այն մարդն է, ով երկրաշարժից հետո երկրորդ կյանք է պարգևել Գյումրու ֆրանսիական դպրոցին։ «Միայնակ հսկան», այսպես է Պասկալ Մագեզյանը սիրում կոչել Մարտինին՝ այն մարդուն, ում հաջողվել է ծանր հարվածներից հետո արժանապատվորեն ոտքի կանգնել ու նվիրվել հարազատ քաղաքին։ Նա պայքարել է՝ ֆրանկոֆոն աշխարհին Հայաստանը լավագույնս ներկայացնելու համար: Ֆրանսալեզու այս գրքում տեղ են գտել նաև այն մարդկանց և կազմակերպությունների վկայությունները, որոնք մեծ ներդրում են ունեցել Գյումրի քաղաքի վերածնման, ինչպես նաև՝ Հայաստանի կայուն զարգացման գործում:
Մարտին Փաշայանն անձամբ ներկա էր գրքի շնորհանդեսին՝ շրջապատված ընկերներով, մտերիմներով ու նախկին աշակերտներով։ Նրանցից շատերն, առիթից օգտվելով, հրապարակավ իրենց երախտիքի խոսքն ուղղեցին Գյումրու ֆրանսիական դպրոցի նախկին տնօրենին։
Այսպիսով, Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից հետո և Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի նախօրեին, «ԿԱԶԱ» հիմնադրամն իր հարգանքի տուրքը մատուցեց Գյումրի քաղաքին՝ աջակցելով Պասկալ Մագեզյանի գեղեցիկ վկայության հրատարակմանը: