«Ճանապարհ դեպի աշխատանք» ծրագրի առաջին փուլի ավարտ, նոր փուլի մեկնարկ

Home » Լուրեր Հայաստանից » «Ճանապարհ դեպի աշխատանք» ծրագրի առաջին փուլի ավարտ, նոր փուլի մեկնարկ

Մեզանից շատերն աշխատանք փնտրելիս բախվում են բազմաթիվ խնդիրների՝ ոչ գրավիչ ինքնակենսագրական, որոնողական գործիքների թերի իմացություն ու անարդյունավետ կիրառում, ձախողված հարցազրույց, հոգեբանական ընկճվածություն և այլն։

«Ճանապարհ դեպի աշխատանք» ծրագիրը «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի կողմից 2016 թվականից իրականացվող «Երկուսով աշխատանքի համար» ծրագրի նոր՝ վերանվանված տարբերակն է։ Ինչպես արդեն ծրագրի անունն է հուշում՝ այն որպես գործնական ուղեցույց է ծառայում աշխատաշուկա մուտք գործելիս որոշակի դժվարությունների հանդիպած երիտասարդների համար։ Երիտասարդ մասնագետը պետք է պատրաստ լինի աշխատաշուկայի փոփոխվող պահանջներին, մրցունակ լինի ոչ միայն մասնագիտական, այլև անձնային բարձր որակների (հաղորդակցության հիմունքներ, թիմային աշխատանք, մոտիվացիա, ստեղծագործական մոտեցում, մշտական ինքնազարգացում և այլն) տեսանկյունից:

Թիրախային խումբը 20-35 տարեկան երիտասարդներն են, որոնք ունեն աշխատելու ու աշխատաշուկայում առավել մրցունակ լինելու մեծ ցանկություն։ Հարկ է նշել, որ ծրագրի շրջանակներում «ԿԱԶԱ»-ն համագործակցում է Զբաղվածության պետական գործակալության հետ՝ իրենց մոտ գրանցված շահառուներին ևս ծրագրում ներգրավելու նպատակով։

Ծրագրի առանձնահատկությունն այն է, որ շահառուների հետ աշխատում են աշխատանքային փորձ ունեցող, մոտիվացված ու պատրաստակամ կամավորներ։ Մենթորներից յուրաքանչյուրն աշխատում է երկու շահառուի հետ՝ վերջիններիս հետ կիսվելով իր փորձով, հմտություններով ու տրամադրելով նոր գիտելիքներ։

Մինչ ծրագրի մեկնարկը կամավորները վերապատրաստման եռօրյա դասընթաց են անցնում Գյումրիում, որից հետո ծանոթանում են շահառուների հետ ու սկսում աշխատել։ Վերապատրաստումը հիմնականում մենթորինգի, հաղորդակցման որոշակի հմտությունների ու քոուչինգի մասին է։ Այնուհետև, նրանք միասին մասնակցում են տասներկու հանդիպումից բաղկացած դասընթացաշարի։ Դասընթացները միտված են ինչպես աշխատանքային, այնպես էլ անձնային որակների զարգացմանը, ներառում են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են, օրինակ, ինքնակենսագրականի ու մոտիվացիոն նամակի կազմումը, ժամանակի կառավարումը, հաղորդակցման հմտությունները, աշխատանքային էթիկան, հույզերի ու սթրեսի կառավարումը։

«Ակնկալում ենք, որ ծրագրի ավարտին շահառուների մի մասը աշխատանք կգտնեն կամ եթե նույնիսկ չգտնեն, այնքան կզարգացնեն իրենց հմտությունները, որ հետագայում առանց բարդությունների ինքնուրույն աշխատանք կգտնեն։ Ներկա պահին գտնվում ենք առաջին փուլի ավարտին։ Երկրորդ փուլը կմեկնարկի մարտին։ Հայտարարությունն արդեն տեղադրված է համացանցում»,- ասում է «Ճանապարհ դեպի աշխատանք» ծրագրի պատասխանատու Գևորգ Էլվաջյանը։

Ներկայումս ծրագրում ներառված են երեսուն շահառու և տասնյոթ կամավոր։ Առաջին փուլի արդյունքները դեռևս ամփոփված չեն, սակայն շահառուներից վեցն արդեն աշխատանք են գտել տարբեր բնագավառներում։

«Չնայած Հայաստանում գոյություն ունեցող նմանատիպ ծրագրերի բազմազանությանը՝ «Ճանապարհ դեպի աշխատանք» ծրագիրն իր բնույթով միակն է։ Կարծում եմ՝ կամավորների ներառումն այն ավելի արդյունավետ է դարձնում։ Պետք է առավելագույնս մոտիվացված, հետաքրքրված, հոգատար ու գթասիրտ լինես՝ հմտություններդ ու փորձդ անծանոթի հետ կիսելու ու նրան օգնելու համար։ Ինքս աշխատում էի Սիրիայից Հայաստան տեղափոխված Հարութ Մերդխանյանի հետ, որը ցանկանում էր կայուն աշխատանք գտնել Հայաստանում։ Համատեղ աշխատանքի արդյունքում, ինչպես նաև նպատակասլաց բնավորության շնորհիվ նա կարողացավ կարճ ժամանակում իր ցանկացած աշխատանքը գտնել», – նշեց ծրագրի կամավորներից Արման Ասատրյանը։