Ed&Tech համաժողով․ տեխնոլոգիական պատասխաններ կրթական հիմնախնդիրներին

Home » Լուրեր Հայաստանից » Ed&Tech համաժողով․ տեխնոլոգիական պատասխաններ կրթական հիմնախնդիրներին

Հուլիսի 17-ին «CoWo»-ում  իշխում էր «տեխնոկրթական» տրամադրություն․ երևանյան այս քովորքինգ տարածքը հյուրընկալում էր «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի և «Տուտոր պլատֆորմ» կրթական-տեխնոլոգիական հարթակի նախաձեռնած «Ed&Tech. կրթահարցեր և տեխնոպատասխաններ» համաժողովը։ Վերջինս մեկտեղել էր Հայաստանի կրթական և տեխնոլոգիական համայնքների ավելի քան 80 (նախատեսված 50-ի փոխարեն) մասնագետների, այդ թվում՝ դասավանդողներ, կրթության փորձագետներ, տեխնոլոգիաների ոլորտի, կրթական հաստատությունների ու պետական կառույցների ներկայացուցիչներ։

Համաժողովի նպատակն էր կրթական և տեխնոլոգիական համայնքներին հրավիրել երկխոսության կրթության ոլորտում առկա հիմնախնդիրների, դրանց լուծմանն ուղղված արդեն կիրառվող կամ կիրառելի արդի տեխնոլոգիական լուծումների շուրջ՝ միաժամանակ հնարավորություն տալով բացահայտել նոր գործընկերներ և հիմք դնել նոր սիներգիաների։

Մասնակիցներին սպասում էր հագեցած ծրագիր՝ համաժողովի պաշտոնական բացում թեմայի շուրջ առկա հիմնահարցերի, մարտահրավերների ու հեռանկարների մասին թեզերի հակիրճ ներկայացմամբ, «Կրթական խնդիրներ՝ տեխնոլոգիական լուծումներ․ առկա մարտահրավերներ և փորձ» վերնագրով պանելային քննարկում Արամ Կապարապետյանի («Տուտոր պլատֆորմ»), Սեդրակ Վարդանյանի («Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ), Կորյուն Խաչատուրյանի («Հայաստանի մանուկներ» հինադրամ), Արտաշես Թորոսյանի («Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն»), Քրիստինա Սարգսյանի (Հայաստանում ֆրանսիական համալսարան), Նաիրա Մարգարյանի («Այբ» կրթական հիմնադրամ) մասնակցությամբ, մասնագիտական ցանցային համագործակցության վերաբերյալ գործնական հատված Զարուհի Լավչյանի («ԿԱԶԱ») վարմամբ, ինչպես նաև թեմատիկ քննարկման 4 աշխատարան (ՍՏԵՄ առարկաներ/հումանիտար առարկաներ/քաղաքացիական կրթություն/ցկյանս ուսումնառություն և տեխնոլոգիական լուծումներ)։

Ընտրված ձևաչափերի բազմազանությունը հնարավորություն տվեց տարբեր դիտանկյուններից քննել կրթական ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների կիրարկմանն առնչվող ժամանակակից մարտահրավերներն ու տեղական փորձը, վերհանել ոլորտում արձանագրված կարիքները, ինչպես նաև նորագույն տեխնոլոգիաների ընձեռած հնարավորություններն ու հեռանկարները կրթության բարեփոխման նպատակով։ Մասնակիցները առիթ ունեցան նաև առավել մոտիկից ճանաչել միմյանց և նախանշել նոր համագործակցությունների առաջին քայլերը։

Ստորև ձեզ համար առանձնացրել ենք համաժողովի ընթացքում հնչած որոշ հատկանշական մտքեր։

«Եթե ինչ-որ մեկը հարցնի մեզ՝ ինչով պիտի զբաղվենք Բարձր արդյունաբերության նախարարությունում, պատասխանը միանշանակ կլինի՝ կրթությամբ»,- նշեց նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը՝ հավելելով, որ «մենք պետք է պատասխանատու լինենք այն փոփոխության համար, որ ցանկանում ենք տեսնել» կրթության և տեխնոլոգիաների ոլորտում՝ առանց սպասելու, որ որևէ մեկը կանի դա մեր փոխարեն։

«Մենք ներմուծում/«տեղադրում» ենք տեխնոլոգիան, սակայն չենք բացատրում մարդկանց՝ ինչպես կիրառել այն»,- մատնանշեց Արտաշես Թորոսյանը՝ տեխնոլոգիաների այժմյան կիրառումը համեմատելով «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի հայտնի դրվագի հետ, որում գյուղացիները չգիտեն՝ ինչպես օգտվել Կոլխոզի նախագահի գրասենյակում դրված հեռախոսից։ Ըստ պարոն Թորոսյանի՝ «մեր իրականությունը նույնպիսին է»։

«Ֆորմալ և ոչ ֆորմալ կրթությունները Հայաստանում չեն համադրվում։ Դրանք գոյություն ունեն զուգահեռաբար, բայց ոչ փոխկապակցված կերպով»,- փաստեց Քրիստինա Սարգսյանը։ Որպես «հակաօրինակ» իր մտքի նա նշեց «Արմաթ» լաբորատորիաները՝ ոչ ֆորմալ կրթական նախագիծ, որը կարողացել է հաջողությամբ մուտք գործել ֆորմալ կրթության տարածք և այժմ ներդրվում է նույնիսկ Հայաստանի սահմաններից դուրս։

«Դասավանդողները պարտականությունների տակ կքած են և բավականաչափ չեն վարձատրվում, որպեսզի մոտիվացիա ունենան փոփոխություններ անելու։ Սովորաբար մենք ձգտում ենք որևէ փոփոխության, երբ տեսնում ենք, թե ինչ արժեք այն կբերի։ Ես կարծում եմ, որ դասավանդողները չեն տեսնում տեխնոլոգիաների իրական արժեքը հենց իրենց ծանրաբեռնվածության պատճառով։ Ես այսօր այստեղ եմ ասելու կրթության մասնագետներին, որ ճիշտ, համապատասխան տեխնոլոգիաներ գոյություն ունեն, և որ մենք այստեղ ենք։ Ընդամենն ընդունեք մեզ»,- ասաց Արամ Կարապետյանը։

Ի պատասխան կրթական տեխնոլոգիաների ստեղծման պահանջարկի վերաբերյալ մի հարցի՝ կրթության միջազգային փորձագետ Արեգ Թադևոսյանը շեշտադրեց գործարար հատվածի դերը․ «Բիզնեսը կարիք ունի պրոֆեսիոնալների։ Իսկ պրոֆեսիոնալ աշխատողներ ունենալու համար մենք պետք է բարելավենք կրթական համակարգը»։

Նախատեսվում է, որ մասնակիցների միջև շփումները կշարունակվեն հատուկ համաժողովի համար ստեղծված հավելվածի շնորհիվ։ «Միևնույն ժամանակ, մեր ստացած՝ թեմայի հետաքրքրությունն ու կարևորությունը շեշտադրող դրական արձագանքները մտածել են տալիս առավել խորը և երկարաժամկետ աշխատանք նախաձեռնելու հնարավորության մասին»,- նշում է Արմինե Հայրապետյանը, որի համակարգած՝ «ԿԱԶԱ» հիմնադրամի հեռավար ուսուցման ծրագրի շրջանակներում էլ կազմակերպվել էր համաժողովը։ Այսպիսով, սպասե՛նք շարունակության։