2013 թվականին « ԿԱԶԱ »-ին վիճակվեց ՄԱԿ ՓԳՀ-ի հետ համագործակցությամբ աշխատել տարբեր մշակույթների պատկանող երիտասարդ փախստականների հետ կարճաժամկետ դասընթացների շրջանակներում՝ ոլորտ, որում բազմամյա փորձ ունենք։
Ծրագրի նպատակն էր հզորացնել այդ երիտասարդների ներուժը, որպեսզի վերջիններս կարողանան արագ և հեշտությամբ ինտեգրվել հայկական իրականությանը։ Առաջին հաջող համագործակցությունից հետո 2014 թվականին մենք դարձանք ՄԱԿ ՓԳՀ-ի պաշտոնական գործընկեր՝ հանձն առնելով վերջինիս ֆինանսական աջակցությամբ իրականացնել դասընթացներ փախստականների, ապաստան հայցողների և տեղահանյալ անձանց (սիրիահայեր) համար։
Ո՞րն է մեր նպատակը
- Կրթության միջոցով բարելավել փախստականների և տեղահանյալ անձանց կենսապայմանները,
- Նպաստել նրանց ինտեգրմանը տեղական հասարակությանը։
Մեր մեթոդը
Տեղահանյալ անձանց հետ աշխատանքում մենք որդեգրել ենք հստակ քաղաքականություն, այն է՝ մի կողմից ներգրավել նրանց մեր կողմից իրականացվող ծրագրերում, մյուս կողմից՝ մշակել և իրականացնել դասընթացներ, որոնք համապատասխանում են նրանց հատուկ կարիքներին։
Ինչպիսի՞ դասընթացներ ենք առաջարկում
Մի կողմից մեր դասընթացները նպատակ ունեն բարելավելու շահառուների կենսապայմանները`
- Աշխատանքային հմտություններ և անհատական աջակցություն,
- Սոցիալական ձեռներեցություն,
- Զբոսավարների պատրաստում,
- Մասնագիտական դասընթացներ՝ խոհարարություն, վարսահարդարում, մատնահարդարում, դիմահարդարում, հագուստի մոդելավորում,
- Հայերենի, ռուսերենի, անգլերենի և համակարգչային հմտությունների դասընթացներ։
Մյուս կողմից, մենք զբաղվում ենք նրանց սոցիալական ինտեգրմամբ՝ մեր Հիմնադրամի այլ ծրագրերին մասնակցության միջոցով`
- «Հայաստանի երիտասարդ քաղաքացիներ» ծրագիր,
- «Ընտանիքի ընկեր» ծրագիր,
- Սոցիալ-հոգեբանական ծրագրեր դեռահասների համար։
Ծրագրի արդյունքները` թվերով
- Ծրագրի շահառու 540 փախստական 2014թ․-ին,
- 725 շահառու 2015թ․-ին,
- 100 խորհրդատվություն և/կամ ուղղորդում դեպի այլ կառույցներ,
- Մասնակիցների 30-40%-ը ծրագրի արդյունքում աշխատանք է գտել կամ անկախ է աշխատում,
- Մասնակիցների 60%-ը մասնակիորեն ինտեգրվել է։
Ո՞վ կարող է մասնակցել
Այն անձինք, ովքեր ունեն`
- փախստականի կամ ապաստան հայցողի կարգավիճակը փաստող փաստաթուղթ,
- սիրիական անձնագիր (վավեր անձնագիր, կացության քարտ և այլն),
- հայկական անձնագիր (անձինք, ովքեր ստացել են Հայաստանի քաղաքացիություն, սակայն ծնվել են Սիրիայում)։
Հաշվի առնելով շահառուների մեծ հոսքը և մեր ռեսուրսների սահմանափակությունը՝ գրանցված անձինք անցնում են ընտրության փուլ՝ նախապես սահմանված չափանիշների համաձայն, որոնք տարբեր ծրագրերի համար տարբեր են՝ ելնելով վերջիններիս առանձնահատկություններից։
Գործնական տեղեկություններ
Ծրագրի շահառու դառնալու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ այցելելով Նալբանդյան 29 հասցեում գտնվող մեր «Էսպաս» կրթամշակութային կենտրոն։
Ծրագիրը ֆինանսավորվում է ՄԱԿ ՓԳՀ-ի կողմից, սակայն լրացուցիչ միանվագ այլ օգնություններ մեզ հնարավություն են տալիս հոգալ շահառու փախստականների որոշակի հրատապ կարիքներ և դյուրացնել նրանց ինտեգրացիան։