«ՖՈՒՏՈՒՐՈ»․ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆՔ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ

Home » Ուսուցողական խաղեր » «ՖՈՒՏՈՒՐՈ»․ ԾԱՆՈԹԱՆՈՒՄ ԵՆՔ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ

Խաղի գաղափարը պատկանում է «ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամին: Այն ստեղծվել է «Կայուն զարգացման ուսուցում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է հիմնադրամի կողմից՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմնի աջակցությամբ:

«Ֆուտուրո» խաղը նախատեսված է 12 և բարձր տարիքի դեռահասների համար: Այն միտված է օգնելու «Կայուն զարգացում 2030» օրակարգը բերել մեր իրականություն՝ պետական ռազմավարությանը, ազգային զեկույցներին և միջազգային ծրագրերին զուգահեռ, հասկանալ՝ որոնք են կայուն զարգացման նպատակները, ինչպես են դրանք արտահայտված գլոբալ և լոկալ համատեքստերում:

Խաղը ծանոթացնում է մասնակիցներին կայուն զարգացման նպատակներին, հնարավորություն տալիս գիտակցելու այդ նպատակները սահմանելու կարևորությունը, ինչպես նաև մոտիվացնում նրանց իրենց ներդրումն ունենալ դրանց իրագործման հարցում: Զուգահեռաբար, այն միտված է զարգացնելու դեռահասների վերլուծական մտածողությունը և թիմային հաղորդակցման հմտությունները: Իսկ խաղի հիմքում ընկած արագ արձագանքի մեխանիզմն իր հերթին նպաստում է ուշադրության կենտրոնացմանը:

Խաղի ընթացքում մասնակիցները նկարագրական քարտերի միջոցով բացահայտում են կայուն զարգացման նպատակները, իսկ պատկերային քարտերում ներկայացված իրավիճակների վերլուծությունն օգնում է հասկանալ՝ ինչպես են այդ նպատակների հիմքում ընկած խնդիրներն արտահայտված Երկրագնդի տարբեր կետերում:

Խաղի ավարտին կազմակերպվող ամփոփիչ քննարկման ժամանակ մասնակիցները հնարավորություն են ստանում նաև խորհելու, թե ինչ քայլեր կարող է անել իրենցից յուրաքանչյուրը՝ ուղղված այդ նպատակների իրագործմանը։

Խաղը կիրառելի է թե՛ ֆորմալ՝ դպրոցական կրթության համատեքստում՝ «Շրջակա միջավայր» և հարակից առարկաների դասավանդման ընթացքում, թե՛ ոչ ֆորմալ կրթություն իրականացնող հարթակներում:

«Ֆուտուրո»-ն կարող եք ձեռք բերել՝ դիմելով «ԿԱԶԱ» հիմնադրամի Երևանի և Գյումրու կենտրոններ: