Փախստականների ինտեգրման խթանումը՝ «ԿԱԶԱ»-ՄԱԿ ՓԳՀ համագործակցության շնորհիվ

Home » Լուրեր Հայաստանից » Փախստականների ինտեգրման խթանումը՝ «ԿԱԶԱ»-ՄԱԿ ՓԳՀ համագործակցության շնորհիվ

Սիրիական հակամարտության սկսվելուց ի վեր փախստականների (ինչպես սիրիահայերի, այնպես էլ հայկական էթնիկական ծագում չունեցող միգրանտների) ներհոսքը Հայատան աննախադեպ էր։ Տեղահանված անձանց հասարակական լիարժեք ինտեգրման խնդիրները լուրջ մարտահրավեր դարձան ինչպես պետական, այնպես էլ միջազգային կառույցների ու քաղաքացիական հասարակության համար։

«ԿԱԶԱ» շվեյցարական մարդասիրական հիմնադրամի ու ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՓԳՀ) միջև շարունակական ու արդյունավետ համագործակցության շնորհիվ արդեն շուրջ 6 տարի է իրականացվում է «Փախստականների ինտեգրումը կրթության և կենսապայմանների բարելավման միջոցով» ծրագիրը։ Ծրագիրն իրականցնելիս համագործակցում են նաև Հայաստանի Միգրացիոն ծառայության, ՀԿԽԸ (Հայկական Կարմիր Խաչի Ընկերություն), «Առաքելություն Հայաստան»-ի, Երեխաների Աջակցության Կենտրոնի, Մարդու Իրավունքների Պաշտպանի, Հայկական Կարիտասի և այլ կառույցների հետ։

Ծրագրի անվանումն արդեն խոսուն է. այն նպատակ ունի խթանել տեղահանված անձանց ինտեգրումը հասարակության տնտեսական, սոցիալական և մշակութային կյանքում։ Ծրագրի շահառու են Հայաստանում հաստատվելու ցանկություն ունեցող կամ անորոշ ժամանակով մեր երկրում գտնվող 17-65 տարեկան տեղահանված անձինք և ապաստան հայցողները։ Նրանք մեծամասամբ Իրանից, Իրաքից, Սիրիայից, Թուրքիայից, Աֆղանստանից, Եմենից, Հորդանանից և Կուբայից են։ Վերջիններիս համար բարենպաստ կենսապայմանների ապահովման, նրանց մշակութային ինտեգրման արագացման և տնտեսական հեռանկարների ապահովման նպատակով ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացները բազմակողմանի են։

Ծրագիրն ունի երկու բաղադրիչ՝ սոցիալ-մշակութային և տնտեսական։ Տեղահանված անձանց լեզվամշակութային ինտեգրման խնդիրն առաջնայիններից է։ Այն առավել արդյունավետ դարձնելու համար, «Միացի՛ր համայնքին» ենթածրագրի շրջանակներում «ԿԱԶԱ»-ի «Էսպաս» կենտրոնում կազմակերպվում են հայերենի և ռուսերենի ինտենսիվ դասընթացներ։ Մշակութային ադապտացիային խորապես նպաստում են նաև ծրագրում ներառված երեք տասնյակից ավելի կամավորները, որոնք հինգ ամիսների ընթացքում շրջայցեր են կազմակերպում Հայաստանի տարբեր պատմամշակութային վայրեր, թանգարաններ, ապահովում են փախստականների մասնակցությունը բազմապիսի փառատոններին։ Կամավորների և շահառուների շփումն ու համագործակցությունը երկկողմանի կարևորություն ունի. կամավորների համար այն լավ հնարավորություն է ինքնաբացահայտման ու միջմշակութային հաղորդակցման բարելավման տեսանկյունից։

Ծրագրի երկրորդ՝ տնտեսական բաղադրիչն ուղղված է աշխատանքային հմտությունների զարգացմանն ու ինքնազբաղվածության հնարավորությունների ընդլայնմանը:

Այստեղ կամավորներին փոխարինելու են գալիս մենթորները։ «Աշխատանքային հմտություններ և հնարավորություններ» ենթածրագրի շրջանակներում, նրանք, կցվելով շահառուներից յուրաքանչյուրին, աջակցում են վերջիններիս նախաձեռնությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծման ու իրենց հնարավորույթունները տեղական շուկայի պահանջներին համապատասխանեցնելու գործում։ Դասընթացներ են ացնկացվում կարևոր հմտությունների՝ ժամանակի ճիշտ կառավարման, արդյունավետ հաղորդակցության զարգացման ուղղությամբ։

Հարկ է նշել, որ 2018 թ.-ին կրկին «ԿԱԶԱ» Հիմնադրամի և ՄԱԿ-ի ՓԳՀ-ի համատեղ ջանքերով ստեղծվեց նոր նախաձեռնություն՝ «Երիտասարդների կոալիցիա»-ն, որի նպատակը փախստական ակտիվ երիտասարդների հասարակական ինտեգրումն է՝ համայնքային խնդիրների շուրջ նրանց համախմբելու և մասնակից դարձնելու միջոցով։

Անդամ 30 երիտասարդներն արդեն հասցրել են նախաձեռնել կրթական, համայնքային ու մշակութային մի շարք միջոցառումներ՝ քննարկումներ հեղինակավոր մարդկանց հետ, աշխատարաններ, նորարարական խաղեր, մրցույթներ, հարցազրույցներ, համայնքային բազմաթիվ նախաձեռնություններ, որոնց մասին պարբերաբար տեղեկացնում ենք և կշարունակենք լուսաբանել մեր առցանց հարթակներում։