Վիքիակումբ Գյումրիում

Home » Լուրեր Հայաստանից » Վիքիակումբ Գյումրիում

Հունվարի 31-ին «ԿԱԶԱ» Գյումրու կենտրոնում մեկնարկեց Վիքիակումբ: Ակումբի նպատակն է համալրել հայկական Վիքիպեդիան որակյալ հոդվածներով:

«ԿԱԶԱ» Հիմնադրամը հավատարիմ մնալով իր փիլիսոփայությանը՝ հնարավորություն է տալիս երիտասարդներին ակտիվ մասնակցություն ցուցաբերել հայկական Վիքիպեդիայի հարստացման գործում:

Այս հանդիպման կազմակերպման գործում մեծ ներդրում ունեցան մի շարք գյումրեցի երիտասարդներ, ովքեր մեծ խանդավառութայամբ նոր հոդվածներ գրեցին: Այս միջոցառմանը մասնակցելու համար Երևանից ժամանել էր հայկական Վիքիպեդիայի ադմինիստրատոր Վաչագան Գրատյանը, ով իր գիտելիքներով և մեծ փորձով օգնեց և քաջալերեց մասնակիցներին: Վիքիակումբի շրջանակներում շատ երիտասարդներ սովորեցին օգտվել Վիքիպեդիայից, խմբագրվեց և թարգմանվեց ավելի քան 10 հոդված։

Հատկանշական է նաև այն փաստը, որ երիտասարդները մեծ հետաքրքրությամբ են համալրում հայկական բովանդակությամբ հոդվածները: Մասնակիցների մեջ կային նաև շատ ակտիվ դպրոցականներ, ովքեր արդեն հասցրել են մասնակցել շատ Վիքի ճամբարների և ձեռք են բերել մեծ փորձ տվյալ ոլորտում։

Միջոցառումը կրելու է շարունակական բնույթ և ներգրավելու է ավելի շատ երիտասարդների, ում միջոցով խմբագրվելու են մեծ քանակությամբ հայալեզու հոդվածներ տարբեր բնագավառներից: