Հիմնադրամի ուսանողների հետազոտությունները՝ Ժնեվի գրքի ցուցահանդեսում

Home » Լուրեր Հայաստանից » Հիմնադրամի ուսանողների հետազոտությունները՝ Ժնեվի գրքի ցուցահանդեսում

Մայիսի 4-ին Ժնևի գրքի միջազգային ցուցահանդեսի շրջանակներում արվեստի պատմության և սոցիոլոգիայի դոկտոր Ալեն Նավարա-Նավասարդյանը ներկայացրեց խորհրդային ժառանգության վերաբերյալ կատարված ուսումնասիրություններ։ Դրանց հեղինակները «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից 2006թ․ ի վեր ամեն տարի իրականացվող զբոսավարների պատրաստման դասընթացի մասնակիցներն էին։

Գաղտնիք չէ, որ խորհրդային շրջանն այժմ մեծ հետաքրքրություն է ներկայացնում զբոսաշրջիկների շրջանում։ Ուստի «ԿԱԶԱ» հիմնադրամի կողմից իրականացվող զբոսավարների պատրաստման դասընթացը չէր կարող չանդրադառնալ դրան։

Արվեստաբանության և սոցիոլոգիայի դոկտոր, դասընթացի դասընթացավար Ալեն Նավարա-Նավասարդյանի օգնությամբ դասընթացի մասնակիցները ներկայացրել էին ժամանակաշրջանի վերլուծություն՝ անդրադառնալով արդյունաբերությանը, հոգևոր ու նյութական մշակույթին, ճարտարապետությանը, նորաձևությանը, սոցիալական կյանքին, տրանսպորտին, կրթական համակարգին՝ վերարտադրելով ժամանակի ոգին անգամ սպասքի, հագուստի, կոնֆետների միջոցով: Այս աշխատանքները՝ ֆրանսերեն և անգլերեն թարգմանությամբ, Ալեն Նավարա-Նավասարդյանը ներկայացրեց Ժնևի գրքի միջազգային ցուցահանդեսի ժամանակ:

Աշխատանքներն ուշագրավ էին իրենց վերլուծական և համեմատական մոտեցմամբ՝ ներկայիս համակարգերի կամ նորաձևության հետ։ Օրինակ՝ Իվ Սեն Լորանի վերջին հավաքածուն ամբողջովին արտապատկերում է խորհրդային տատիկների խալաթները։ Ասվածի մեկ այլ օրինակ են թելից գործած հայտնի ցանցաձև տոպրակները, որոնք դարձյալ արդիական են:

Աշխատանքների հեղինակներին առաջարկվել է նաև ստեղծել«խորհրդային» իրական երթուղի զբոսաշրջիկների համար, որի ուղղությամբ մասնակիցներն աշխատում են դասընթացավար թիմի հետ, և որն էլ շուտով կառաջարկվի մեր երկրի հյուրերին: